ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գաթա՝ տոնական
01:01, 18.10.2018
7573 | 0

Հենց այն նույն, Գառնի բոլոր այցելողներին ու զբոսաշրջիկներին ծանոթ Գառնու գաթայի մասին արդեն խոսել ենք, փնտրեք woman.am-ի խոհանոցային էջերում:
Այժմ պատրաստելու ենք գաթա՝ տոնական, այն հիրավի կդառնա ձեր տոնական սեղանների զարդը՝ փախլավայի ու հայաշունչ մյուս անուշեղենների հետ միասին:

Հավաքվեք, աղջիկներ, կաթը եռաց ու գոլացավ, սկսում ենք: Նախ գրանցենք բաղադրիչները.

2 բաժակ կաթ

1 սուրճի բաժակ ձեթ

8 ճաշի գդալ շաքարավազ

1 պտղունց աղ

1 ճաշի գդալ խմորիչ (դրոժ)

Ալյուր

Ի դեպ, իմ բոլոր բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ Arusyak Hokhikyan’s group-ում:


Մի մեծ բաժակի մեջ լցնում ենք կես բաժակ գոլից քիչ ավելի տաք կաթ, մեջը լուծում ենք 1 ճաշի գդալ խմորիչ ու նույնքան շաքարավազ, թողնում ենք մի կողմ, որ լավ փրփրի, հասունանա:

Երբ խմորիչային այս զանգվածը լավ փրփրի ու հնարավոր է դուրս գա բաժակի սահմաններից ու թափվի, սկսում ենք մեր հիմնական աշխատանքը: Դրա համար որևէ մեծ թասի մեջ լցնում ենք գոլից քիչ տաք 1.5 բաժակ կաթ, շաքարավազ, աղ, խառնում ենք, ավելացնում հասունացած խմորչի զանգվածը, կրկին լավ խառնում ենք ու ավելացնում ձեթի կեսը, մյուս կեսը վերջում ենք օգտագործելու՝ հունցելու ժամանակ:

Հնարավորինս համասեռ զանգված ստանալուց հետո մաղելով ավելացնում ենք ալյուրն ու հունցում փափուկ ու թեթև խմոր: Վերջում, երբ խմորը բավական պնդացել է գնդեր անելու համար, բայց դեռ կպչուն է, դադարեցնում ենք ալյուր ավելացնել ու աշխատում ենք ձեռքերը ձեթոտելով: Հիշում եք, խմորի մեջ նախատեսված ձեթի կեսն էինք օգտագործել, ահա և այն մյուս կեսի աստղային ժամն եկավ: Հունցում ենք, ինչպես բոլոր խմորիչով խմորները, հնարավորինս երկար, որից խմորը էլաստիկություն է ձեռք բերում, ավելանում է ալյուրի մեջ առկա գլյուտենի կպչողականությունը, որը նման խմորների դեպքում միայն դրական արդյունք է ապահովում:

Ինչևէ, խմորը լավ տանջել-չարչարելուց հետո ծածկում ենք սրբիչով ու դնում որևէ տաք տեղ՝ հասունանալու: Սա կտևի մոտ 1.5-2 ժամ, կախված սենյակի ջերմաստիճանից:

Խորիզը պատրաստում ենք հետևյալ կերպ: Մոտ 100 գ կարագը լավ հարում ենք, ավելացնում ենք 1.5 սուրճի բաժակ շաքարավազ, կրկին հարում եքն այս անգամ արդեն միասին: Շաքարավազը չպետք է լուծվի, սա զանգվածը ավելի թեթև ու թթվածնով հագեցած դարձնելու համար է: Այնուհետև ավելացնում ենք վանիլին ու ալյուր: Զանգվածը պետք է փշուրի վերածվի, որը սակայն հնարավոր է ձեռքում սեղմելով՝ գունդ անել: Այս գունդը, սակայն, այնքան փխրուն պետք է լինի, որ փշրվի մի մատի շարժումով:

Խորիզն ավարտեցինք, խոհանոցը կարգի բերենք ու սպասենք մեր խմորին:

Չգիտեմ՝ դուք ոնց, ես հասցրեցի անգամ ընթրիք պատրաստել:

Սեղանը շատ քիչ ալյուրոտում ենք ու թասից դուրս ենք բերում խմորը: Այն արդեն չպետք է կպչուն լինի: Բաժանում ենք երկու հավասար մասերի: Մասերից մեկը գրտնակով կամ ձեռքերի օգնությամբ բացում ենք մեր ջեռոցի տապակի չափսով ու փռում ենք թույլ ձեթ քսած մակերեսին, վրան առատորեն տարածում ենք խորիզը: Գրտնակով հնարավորինս հավասար բացում ենք նաև խմորի մյուս մասը ու զգուշությամբ փռում ենք խորիզի վրա այնպես, որ եզրերը կարողանանք անցկացնել առաջին շերտի տակ ու փակել բոլոր անցքերը:

Այս տեսքով այն թողնում ենք ևս մի 10 րոպե հանգստանալու, որից հետո երեսին քսում ենք դեղնուց+մի քանի կաթիլ կաթ խառնուրդը, պատառաքաղով նախշեր ենք անում, ծակծկում ենք ու տեղավորում 200-220 աստիճան նախապես տաքացված ջեռոցում:
Թխում ենք մինչև երեսը գեղեցիկ դեղնակարմրավուն երանգ ստանա, լուսանկարում կտեսնեք:

Դուրս ենք բերում, թողնում ենք սառի, նոր միայն կտրատում ենք ու մատուցում:
Ցանկալի է կտրել սառը վիճակում, որպեսզի կտրվածքն ավելի գեղեցիկ լինի:

Մի կարևոր դիտարկում: Ես այս գաթան պատրաստում եմ 30×40 սմ չափսերով տապակում: Թխվելիս խմորը բավական բարձրանում է, ու ավելորդ բարձրությունից խուսափելու համար ես սովորաբար այս խմորը երկու մասի բաժանելուց առաջ պակասեցնում եմ, բռունցքի չափ մի գունդ առանձնացնում եմ ու պատրաստում կլոր գաթա: Մնացած խմորը նոր միայն բաժանում եմ երկու մասի ու օգտագործում: Ստացվում է մեկ մեծ տակապով գաթա, մեկ էլ միջին չափսի կլոր գաթա՝ էլի խորիզով: Սա՝ ով ինչպես կցանկանա, պարզապես ես շատ բարձր խմորեղեն չեմ սիրում:

Վերջ, հյուրերը հանգիստ կարող են ժամանալ, մեր հյուրասիրության գլխավոր մասը պատրստ է: Դե էլ ինչ տոնական սեղան առանց խորովածի: Սուրճի սեղանը պատրաստեք՝ տոնական գաթայով, մինչ խորովածը կլինի:

Ի դեպ, գաթայի՝ տոնական անվանման ծագումը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն այս անունը ստացել է նրա շնորհիվ, որ բավականին շատ է ստացվում, ու հնարավոր է հյուրասիրել մեծ քանակությամբ մարդկանց:

Թող ձեր տներում միշտ ուրախ ու տոնական սեղաններ բացվեն: Սիրեք ու եղեք սիրված, իսկ ձեր տոնական ու առօրյա ճաշացանկի հարստացման մասին հոգ կտանենք մենք:

Ծանոթացեք մեր խոհանոցում առկա բաղադրատոմսերին, դրանք արդեն շատ են ու խիստ բազմազան, ինչպես նաև հետևեք մեր թարմացումներին, փորձված ու հետաքրքիր բաղադրատոմսեր դեռ շատ ունենք:

Մամուլի խոսնակ` Woman.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Woman.am
դեպի վեր