ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Միջազգային կրթական համաժողովին ՈԱԱԿ-ը երկու հաջողված փորձ կներկայացնի
17:16, 18.10.2018
3160 | 0

Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։

Համաժողովին որպես ENQA անդամ մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն ներկայում ընթացող և ապագա հնարավոր զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։ Անդրադարձ կկատարվի նաև հեռաուսուցման որակի ապահովման սկզբունքներին ու մարտահրավերներին։

ՈԱԱԿ-ի պատվիրակությունը համաժողովի ընթացքում սեկցիոն նիստերով երկու զեկույց կներկայացնի։

Առաջին զեկույցով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման մասնագետներին կներկայացվի բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած մոդելը։

Երկրորդ զեկույցը կանդրադառնա ասպիրանտական կրթության որակի ապահովմանը Հայաստանում։ Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում մշակված և 11 բուհերում փորձարկված ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները։

Նշենք, որ 2019 թ․ ENQA 10-րդ ընդհանուր համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում։ Որպես հաջորդ համաժողովի հյուրնկալ և համակազմակերպիչ՝ ՈԱԱԿ պատվիրակությունը ENQA անդամներին կներկայացնի նաև Հայաստանը և ՈԱԱԿ-ի 10-ամյա գործունեությունը։


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր