ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Նիկոլի գլխավորած հեղափոխությունը Սիրո և Համերաշխության ջահ է ապագա սերնդի համար
16:20, 19.10.2018
2547 | 0
ՀՀԿ-ն չիկ, պրծեալ է, նա այլևս «ֆիկցիա է, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն» … Չարենցի հայտնի գործի սարկաստիկ ձևակերպումը մակաբերեցինք, որովհետև զուգորդումներ է աղերսում: Կարծես նման՝ հանրապետականի կորուստը նաիրյան քաղաքին: Եվ հերոսները՝ ծիծաղելի, սնապարծ. Մեռելի Ենոք, Կինտաուրի Սիմոն, ընկեր Վառոդյան, Գեներալ Ալոշ, Քոռ Արութ, էլ չեմ ասում՝ Սևաչյա Պրիմադոննան (որի ականջին վարսավիր Վասիլը միշտ շշնջում է՝ ծիծիկներդ ուտեմ) … Եվ, իհարկե, առաջնորդը՝ Մազութի Համոն, նույն ինքը` Համո Համբարձումովիչը… Սրանցից որն է ասոցացվում ՀՀԿ-ի առանցքային դեմքերին, թող որոշեն իրենք՝ վերնախավում. երևի կարդացել են «Երկիր Նաիրին»: Դե, իսկ առաջնորդի դերը, հասկանալի է, պատկանում է առաջնորդին՝ «պստիկ մարդուն»:
Որ ՀՀԿ-ն, դեռ մայիսին, նետվեց պատմության աղբանոց, լոկ հանրապետականում չեն ըմբռնում-գիտակցում: Այլապես ինչու հենց վերնախավում են հուսակոտոր ճչում, աղաղակում՝ իրենց գոյության մասին: Հատկապես խմբակցության՝ «մատյան գունդը» . թե չէ այդքան «դուրս կտա» ՝ իրականությունից կտրված…
Այդ ակտիվ համառամիտները նմանվում են ճահճում խեղդվողների, ովքեր քաշում են սեփական մազերից, որ փրկվեն, երանելի ափ դուրս գան: Նույնիսկ եթե դա հաջողվի, «քաշվելու է» միակ սափրագլուխը՝ հասկանալի պատճառով: Ճահիճը, սակայն, իր «օրենքներն» ունի. խեղդվողը որքան շատ է ճիգ գործադրոմ, այնքան ավելի է ընկղմվում ճահճում: «Պստիկ պապան», այս ամիսներին ինսպիրացիայով էր զբաղված, սադրում էր գաղտնի ձևով: Հիմա ինչ-որ ճյուղերի (թե ճաղերի) արանքից ծիկրակում է՝ լավ գիտենալով, որ ապարդյուն են բոլոր ջանքերը:
Այս զավեշտաողբերգական իրավիճակի գլխավոր մեղսավորը հենց «պապան» է, ով կարգվեց վարչապետ ու զավթեց կուսակցությունը: Քաղաքական կուսակցությունների պատմության մեջ չլսված իրողություն. մարդը անդամակցում է ու անմիջապես հռչակվում առաջնորդ: ՀՀԿ-ի ամբողջ կազմի հնազանդ համաձայնությամբ: Զարմանալի էր հնաբնակների պահվածքը… Հավանորեն այդ պահին հոգելույս Աշոտը Նավասարդյան, շրջվեց գերեզմանում: Խորհրդային բանտերում տառապած, անբասիր տղան, ով ստեղծեց հանրապետականը (ականջդ կանչի Աշոտ Աղաբաբյան, ակունքում կանգնած մյուսները): Հիմնեց` Անկախությունը կապիտալացնելու հավատով: Տեսանելով-գնահատելով մեծ հայի՝ Գարեգին Նժդեհի կատարած գործը, մտառելով նրա ցեղակրոնության գաղափարը՝ «Ուժն է ծնում իրավունք»: Հավատ՝ սեփական ուժերի հանդեպ. հավատը զենք է անկախության ամրապնդման համար, - ասում էր Աշոտը: Եվ որ հայրենիքը հիմնարկ չէ, որ իշխանավորները անձնական շահ հետապնդեն:
Սակայն, ինչպես Լենինը փչացրեց Մարքսին, «պստիկ պապան» գրեթե նույն մեթոդով վարի տվեց Աշոտի գաղափարները: Թեպետ ցնդաբանություն է այսօր դա վերլուծաբանել գաղափարի ասպեկտով: ՀՀԿ-ի ասպատակությունը հեռանկարի քայլ էր, պրագմատ հաշվարկ: Կլանը որոշել էր Հայաստանը չզիջել: «Վոինը» իշխանությունը պետք է փոխանցեր «պստիկ պապային» . թեկուզ արյունով: Եվ եղավ եղավ մարտի 1-ը…
Հայաստանի, նրա փխրուն ապագայի վրա «դրսից» խաղագումար դնելու կարիք չկար արդեն: Դեռ երեկ փեյղամբարի մռռոցի տակ կոմսոմոլի կարիերան սկսած «վոինը» ստոր գործարքն արել-ավարտել էր. Հայաստանը ամբողջովին հանձնել էր օտարին: Երկիրը ունեզրկած, վասալական կարգավիճակի հասցրած «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով: Եվ եղծվեց դարերով փայփայած անկախության սուրբ գաղափարը, օտարին խոնարհելով մեր ազգային արժանապատվությունը: Հայրենիքը «նվիրեցին» մեզ, երկիրը վերցրին իրենց: Հայը դարձավ կենվոր սեփական տան մեջ: Ի՜նչ կոռուպցիա, ի՜նչ բան. Հայաստանը շրջան առ շրջան, մարզ առ մարզ հանձնել էին պատեհապաշտներին, որոշ տեղերում նույնիսկ քրեական անցյալով մարդկանց: Ժողովրդին հնազանդ պահելու տմարդի մտայնությամբ:
Հոկտեմբերի 27-ը, հնչեղ սպանությունները, մարտի 1-ի սպանդը իշխողներին արդեն չէին հետաքրքրում: Այս ամենի մասին խոսելիս «վոինը» հիմա էլ լկտիաբար չքմեղանում է, նույնիսկ հոխորտում: Արհամարհական. և շպրտում էին՝ «Հայաստանում տղամարդ կա որ…», «Ինչքան ուզենք, էնքան կխփենք…» , և այլն, ևայլն...Ասում էին սարդոնիկ հաճույքով:
Ղարաբաղի հարցը, որի համար հայ ժողովուրդը մեծ կորուստներ տվեց (և շարունակում է տալ), ասես չէր հուզում սրանց: Հատկապես «վոինին», որ Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից: «Տերերն» ինչ ասում էին, սա հնազանդ իրագործում էր` ի վնաս Հայաստանի, ի վնաս Արցախի: Լուրեր էին պտտվում, որ Մեղրին ուզում էր փոխանակել ինչ-որ «միջանցքի» հետ: Հարևան Իրանը կտրուկ էր, վերջնագրային. դա էլ Հայաստանը փրկեց հերթական աղետից...
Կարող եք չկասկածել, այդ ամենին մասնակից է եղել նաև «պստիկ պապան» . հզոր պաշտոններ էր զբաղեցնում: Ականջդ չկանչի առաջին նախագահ. ստեղծեց սուպեր նախարարություն (ներքին գործերի ու ազգային անվտանգությունը միացնելով), և այնտեղ բազմեցրեց «պստիկ պապային»: Աչքը արժանավոր թեկնածու չտեսավ ողջ Հայաստանում:
Միևնույնն է, տանդեմին հետաքրքրում էր կողոպուտ-թալանը, իրենց գերդաստանների շահը: Ռամիկ այդ երկուսը այդպես էլ չհասկացան, որ արքայական պատմուճանը իրենց վրայով չի ձևած...
Նրանց քսան տարիներին մեր երկրից հեռացան հարյուր հազարավոր հայեր (Հեյդարը գրեթե նույն մեթոդներով դատարկեց Նախիջևանը): Հայրենի հողից կտրված ժողովուրդը նույնն է՝ ինչ փուչիկը օդում, - ասել է Շոպենհաուրը: Խեղճ փիլիսոփան 19-րդ դարում հո չէր գուշակելու, որ հայերի պարագայում դա ավելի ցավագին է լինելու. ուղեղների արտահոսք…
Իշխանության անօրեն յուրացումը, ուզուրպացիան, սրանք որոշել էին իրագործել նաև 2018-ին. սահմանադրություն էին ձևել այդ նպատակով: Արդեն գիտենք. նախ ձախողվեց «պստիկ պապան», ապա իրենց հոգեորդին՝ «ժիլետը»: Որքան էլ «տղերք» բերեցին Հայաստանի վրա: Վասալական մաշված մեթոդը չաշխատեց: «Վոինը» հոխորտաց դրսից. իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու հանձնես ուրիշի:
Ճակատագրական այդ պահին, սակայն, Հայաստանի գորշ երկնակամարն արդեն շանթել էր երիտասարդության ազատատենչ հզոր Ձայնը՝ Նիկոլի առաջնորդությամբ…
Պատմաբանները նման են ամպերի մեջ առյուծներ փնտրող մարդկանց, - ասել է մի իմաստուն: Գուցե ոչ հիմա, պատմաբանները Նիկոլի կատարած Քայլը կանվանեն հայոց նորագույն պատմության առանցքային էջը: Շարժումը (կամ հեղափոխությունը, ինչպես կուզեք) հային «շղթայազերծեց» քսանամյա նսեմացնող վիճակից: Եվ վերադարձրեց ամենաթանկագինը՝ ազգային արժանապատվությունը:
Ժողովուրդների ազգային խորհրդանիշները, ըստ Է. Կանետտիի, այսպիսին են. անգլիացու համար ծովն է, գերմանացունը՝ բանակը (անտառը, ասել է՝ շարակարգը), իսպանացունը՝ ցլամարտը, հրեայինը՝ թափառիկությունը, և այլն: Միշտ տխրալիորեն մտածել եմ, որ մերը՝ աստանդական ցուպն է (ղարիբ մշեցի): Թեպետ նաև ուրախացել եմ՝ զուգահեռելով, որ ամեն մի հայ ծնվում է Արարատի սուրբ պատկերը ներսում:
Նիկոլի գլխավորած հեղափոխությունը Սիրո և Համերաշխության ջահ է նաև անտեսանելի զանգվածների, իմա՝ ապագա սերնդի համար:
Փոխակերպության իսկական ժամանակներ են, Նոր Հայաստան կերտելու ժամանակը: Այս համազգային շարժման ամենամեծ «դասը» սա է` հայությունը սոսկ համախոս զանգված չէ, այլ Ոգու միասնությամբ կերտված ազատատենչ ժողովուրդ: Ուստի չարակամներն ու չարախոսները, տաքգլուխ պոլիտիկանները իրենց սիրողական ծաղրանք-ելույթներով, քաղաքական տիրացիությամբ ցիտատաբանելով, ի զորու չեն ստվերել բավանդակ հայության զարթոնքը: Խորհուրդ նրանց. կեղծ ժողովրդական ժողովրդավարություն խաղալու փոխարեն միացեք համազգային հաղթարշավին: Գոնե հանուն ձեր երեխաների:
Մեր արմատին ու էությանը, հայոց պատմությանը փոքրիշատե ծանոթ ամեն ոք կխոստովանի, որ Նիկոլը պարզապես փրկեց հայ ժողովրդին: Ինչպես Մովսես մարգարեն հրեաներին հանեց եգիպտական գերությունից…
Մոլորյալներին, հնի վերապրուկ խաբվածներին, բոլոր-բոլորին. Նիկոլը ՎԿԱՅՎԱԾ Է Բարձրյալի կողմից:
Թավշյա հեղափոխությունը, հիրավի, անօրինակ պահ էր հայերիս համար: Ուստի ազգովի կանգնենք Նիկոլի և մեր սքանչելի ջահելության թիկունքին: Որովհետև, ամեն այսպիսի պահ ժողովրդի ամբողջ անցյալն է, ամբողջ ներկան և ամբողջ ապագան…

Հակոբ Մարտունի
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր