ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ֆրանսերենի եւ ուսուցչի կարեւորություն, բուհերի մրցունակություն...
13:01, 21.10.2018
2758 | 0
Ֆրանսերենի եւ ուսուցչի կարեւորություն,
բուհերի մրցունակություն. այս հարցերի շուրջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս զրուցել է լրագրողների հետ: Վերջինիս խոսքով` ֆրանսերենը շատ կարեւոր է,
եւ ԿԳ նախարար նշանակվելուց հետո իր
առաջին հանդիպումներից մեկը եղել է
հենց Ֆրանսիայի դեսպանի հետ: «Խոսել ենք ֆրանսերենի դասավանդման կարեւորության մասին: Շատ կարեւոր է, որ մեր աշակերտները եւ ուսանողները պատշաճ կերպով գիտելիք ստանան դպրոցներում եւ բուհերում: Ֆրանսիական կողմը բավականին շատ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն
էլ մեծապես նպաստում է դրան, որովհետեւ կան բազմաթիվ կրթական, մշակութային
ծրագրեր եւ ստորագրվում են պայմանագրեր, որոնք միայն նպաստում են այդ խնդրի
լուծմանը», - նշել է նախարարը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե
Հայաստանում երբ ուսուցիչն այնքան կկարեւորվի, ինչքան Ֆրանսիայում, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ինձ համար, այն թիմի համար, որ եկել է իշխանության, ուսուցիչն ամենակարեւոր մասնագիտություններից եւ առաքելություններից մեկն է, եւ այդ գաղափարախոսությունը մեր գործունեությամբ տարածելու ենք: Ինչքան
հնարավոր է կարճ ժամանակում պետք է
վերականգնենք ուսուցչի վարկը, որը նախորդ ռեժիմի օրոք սասանվել էր, եւ խնդիրներ են առաջացել: Այո, ուսուցիչը պետք է լինի այն հեղինակությունը, ով գիտելիք է բերելու դպրոց»: Արայիկ Հարությունյանի
խոսքով` բարձրագույն կրթության ոլորտում,
իհարկե, խնդիրներ կան, սակայն բոլոր
գործողություններն ուղղված են նրան,
որ պետական բուհերն էլ լինեն մրցունակ.
«Դրանք ե՛ւ լրացուցիչ միջոցների տրամադրումն է, ե՛ւ բուհերի միավորումը, ե՛ւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունը:
Օրենքի վերջին խմբագրումը եղել է գրեթե 15 տարի առաջ, եւ այն հնացել է: Ներկայումս մշակվում է միանգամայն նոր օրենք, որը կնպաստի բուհական համակարգի զարգացմանը: Ես վստահ եմ, որ
բազմաթիվ բաղադրիչներով մեր պետական բուհերն առաջ են Ֆրանսիական եւ Ամերիկյան համալսարանից», - նշել է նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է` արդյոք հնարավոր է քիչ ֆինանսական միջոցներով տրամադրել որակյալ կրթություն:
«Ո՛չ, հնարավոր չէ, բայց ես առիթ եմ ունեցել ասել, որ հանրակրթության եւ բարձրագույն կրթության մեջ բավականին գումարներ կան, պարզապես դրանք պետք է պատշաճ կերպով բաշխվեն», - նշել է նախարարը` հավաստիացնելով, որ երբ ներքին օպտիմալացում լինի, ավելի շատ ծրագրեր
կիրականացվեն: Արայիկ Հարությունյանի
խոսքով` ակնկալել արագընթաց զարգացում կրթության եւ գիտության ոլորտում,
այս պահին հնարավոր չէ: «Հաջորդ տարվանից 11 մլրդով ավելացել է կրթության բյուջեն, վարչապետն էլ հայտարարեց, որ դա նախորդ տարիների միջնաժամկետ ծախսերով հաստատված բյուջե է, բայց ենթակա է վերանայման, երբ ներքին օպտիմալացում կլինի, լրացուցիչ հատկացվող
գումարները ոչ ցանկալիու ուղղություններով չեն հոսի, բյուջեի վերանայում կլինի», - ամփոփել է նախարարը:

«Կրթություն» շաբաթաթերթ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4863 | 0
դեպի վեր