ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Գարեգին Բ-ն կործանում է հայոց եկեղեցին, հային հեռացնում հավատքից
22:54, 24.10.2018
4487 | 1
Գարեգին Բ կաթողիկոսի գահընկեցության դեմ հանդես եկողների փաստարկները, պետք է ասել, ինքնատիպ չեն: Դրանք կարելի է հանգեցնել հետեւյալ մի քանի պնդման՝ «գահընկեցության հարցը ուղղորդվում է եւ մութ ուժերի նախաձեռնություն է», «չի կարելի կպչել սրբություններին, եկեղեցուն վնաս բերել եւ այլն», «դուք ո՞վ եք, որ կաթողիկոսի գահընկեցության հարց բարձրացնեք, կաթողիկոսին գահընկեց անել չի կարելի»:
Այս հակափաստարկներից մի քանիսին կուզենայինք անդրադառնալ: «Դավադրության» փաստարկը բաց ենք թողնում, քանզի դա նման իրավիճակում առավել քան կանխատեսելի ոճի տափակություն է եւ ինքնին վկայում է բովանդակային հակափաստարկման բացակայության մասին՝ եթե ըստ էության ասելիք չունես, միշտ էլ կարող ես հղել ինչ-որ մութ ուժերի, մանավանդ որ ապացույցներ նման դեպքերում չեն պահանջվում: Մյուս երկու փաստարկների տրամաբանությունը բխում է սովորական անգրագիտությունից, հետեւաբար արժե դրանց ավելի մանրամասն անդրադառնալ:
Առաջին: Թեեւ հայոց կաթողիկոսի պաշտոնը ցմահ է, սակայն Հայ Եկեղեցու պատմությունը արձանագրել է մի քանի դեպքեր, երբ կաթողիկոսներն այս կամ այն պատճառով գահընկեց են արվել: 2008-ին հոդվածներից մեկում անդրադարձ եղել է այս խնդրին՝ բերելով մի քանի օրինակներ: Կարեւորը տվյալ դեպքում ոչ թե գահընկեցության այս կամ այն դեպքի մանրամասնություններն են եւ շարժառիթները, այլ այն, որ կաթողիկոսի գահընկեցության պատմական նախադեպեր ունենք, հետեւաբար նրանք, ովքեր պնդում են, որ կաթողիկոսին գահընկեց անել չի կարելի, կամ իրենք են մոլորվում, կամ դիտավորյալ մոլորեցնում են այլոց:
Ի հաստատումն այս կետի` միայն մի մեջբերում` 1995-ին Սուրբ Էջմիածնում տպված հայր Գրիգոր վարդապետ Մագսուտյանի «Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը» գրքից. «Ըստ Սեբեոսի, Քրիստափորի (Քրիստափոր Բ կաթողիկոս՝ 628-630թ.թ. - հեղ.) հայրապետության երրորդ տարում եպիսկոպոսներն ու իշխանները կրկին հավաքվեցին` քննարկելու կաթողիկոսի դեմ առաջադրած մեղադրանքները: Նրանք որոշեցին նրան գահընկեց անել....», - գրում է հեղինակը եւ եզրակացնում. «Այս օրինակը պարզ ցույց է տալիս, որ միեւնույն ժողովը, որ կաթողիկոս էր ընտրում, կարող էր նաեւ գահընկեց անել նրան եւ ընտրել մեկ ուրիշի: Շատ կարեւոր է հիշել այս հանգամանքը, քանի որ ավելի ուշ ժամանակաշրջանում նմանատիպ ժողովներ... զրկում էին գործող կաթողիկոսներին իրենց լիազորություններից»: Կարծում ենք` մեկնաբանություններն ավելորդ են, եւ պարզ է, որ ցանկության դեպքում մասնագետների եւ քաղաքացիների համապատասխան խումբը կարող է պատրաստել գահընկեցության պատմական նախադեպերին նվիրված հատուկ փաստաթուղթ:
Երկրորդ: Ո՞վ ենք մենք, որ պահանջենք կաթողիկոսի գահընկեցությունը: Այս պնդումն արդեն ոչ միայն պատմական եւ աստվածաբանական, այլեւ այսօրվա իրողությունների չիմացության հետեւանք կարող է համարվել: Ճիշտ է, որքան հետաքրքրվել ենք, կաթողիկոսի գահընկեցության հատուկ մշակված մեխանիզմ մեր եկեղեցում գոյություն չունի, բայց միայն պատմական նախադեպերը չեն, որ կարող են դրական փաստարկ հանդիսանալ նման հնարավորության օգտին: Նախ՝ «ո՞վ եք դուք» հարցնողները, որոնք իրենց եկեղեցու պաշտպաններ են համարում, պետք է իմանան, որ ըստ քրիստոնեական աստվածաբանության, եկեղեցին ոչ թե կառույց է, այլ հավատացյալների ամբողջություն՝ բոլոր մկրտված անձինք կազմում են եկեղեցական միասնությունը: Երկրորդ՝ կարեւոր է իմանալ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն, ըստ գործող կարգի, ընտրվում է բոլոր հավատացյալ հայերի կողմից: Գոնե այդպիսին է խնդրի ձեւական կողմը: Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, որի պատգամավորները պետք է ներկայացնեն եկեղեցական առանձին համայնքները, այսինքն՝ տեսականորեն բոլորիս: Այլ բան է, որ գործնականում շատ քչերս ենք մասնակցել համայնքային այն ժողովներին, ուր ընտրելով Ազգային-եկեղեցական ժողովի մեր թեկնածուին` նրա միջոցով համայնքի մեծամասնության կողմից կաթողիկոսի նախընտրելի թեկնածուի մասին մեր պատգամն ենք հղել: Փաստացին` փաստացիով, սակայն իրավական տեսակետից կաթողիկոսը բոլորիս «ընտրածն» է: Այնպես որ, մենք հաստատ «ով ենք» այս հարցում: Իսկ ընտրվածն, ըստ տրամաբանության, կարող է նաեւ գահընկեց արվել ընտրողների կողմից:
Երրորդ: Եթե ուշադիր կարդանք հայկական պատմական աղբյուրները, այդ թվում` գրված բարձրաստիճան եկեղեցակաների կողմից, ապա առանց մեծ դժվարության կնկատենք, որ հոգեւորակաների, այդ թվում` եպիսկոպոսների եւ կաթողիկոսների քննադատությունը, նրանց վարքի բացասական կողմերի ներկայացումը եւ դատապարտումը ամենեւին էլ անսովոր երեւույթ չեն եղել: Դա բնական է, քանի որ որեւէ կենդանի կառույց չէր կարող գոյատեւել առանց այդպիսի մոտեցման: Արդ, ի՞նչն է խնդիրը, որ այսօր իբր եկեղեցու պաշտպանության օգտին հանդես եկող մարդիկ համարում են հոգեւորականության եւ կաթողիկոսի քննադատությունը «սրբապղծություն»: Չէ՞ որ նորմալ մարդուն պարզ է, որ անարժան անձը կաթողիկոսի գահին ինքն է ամենամեծ վտանգը Եկեղեցու համար, եւ եթե իրոք սրտացավ մոտեցում կա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ապա պետք է պայքարել դրանում արմատավորված անարժան երեւույթների, արատավոր բարքերի եւ պատահական անձերի դեմ:
Կարծում ենք` խնդիրն այստեղ ոչ միայն անգրագիտությունն է: Նորից գալիս բախվում ենք կեղծ «ազգասիրությանը»: Ազգասիրական մոտեցման դեպքում ցանկացած ազգային համարվող արժեք անձեռնմխելի է, անքննարկելի է, սուրբ է, հետեւաբար, ոչ թե կենդանի արժեք է, այլ թանգարանային նմուշ, որը պետք է պահպանել, բայց որն իրական կյանքի հետ կապ չունի: Այսպիսի մոտեցումը սովետական գաղութատիրության բնական հետեւանքն է, երբ ազգայինը նույնացվում էր «պապենական ավանդույթների» հետ եւ կենդանի բովանդակություն ունենալ չէր կարող՝ այս դեպքում եկեղեցին, գրականությունը, մշակույթը նույն շարքի մեջ են հայտնվում, ինչ տրեխները, գյուղական տարազը եւ այլն: Բնական է, որ տրեխ ոչ ոք չի հագնում, բայց միեւնույն ժամանակ դրանք պահպանվում են ազգագրական թանգարաններում, որպես ազգայինի նմուշ եւ սենտիմենտալ զմայլանքի առարկա: Եկեղեցին էլ քննարկումից, քննադատությունից եւ հնարավոր բարեփոխման մասին խոսակցությունից դուրս է մնում (չնայած բարեփոխման մասին լուրջ քննարկում էր ծավալվել, օրինակ, 20-րդ դարի սկզբում), քանի որ այն ոչ թե առօրյայի, կյանքի տեղ է, ինչպես, օրինակ, ցայսօր քրիստոնեական համայնքներն են ԱՄՆ-ում, այլ ազգային անցյալը խորհրդանշող մի թանգարան, լավագույն դեպքում` մոմ վառելու կամ կնունք-հարսանիք անցկացնելու տեղ: Բայց եթե ուզում ենք, որ Եկեղեցին նորից վերածվի կարեւոր ու կենսական դեր կատարող կառույցի, պետք է ոչ միայն չվախենանք, այլեւ խրախուսենք քննարկումները եկեղեցական թեմաներով, այդ թվում` ամենասուր քննարկումները:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր