ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լև Տոլստոյը պատերազմի, խաղաղության ու հայրենասիրության մասին
19:25, 02.11.2018
4630 | 0

19-րդ դարի 80-ականների վերջերին Վենեսուելայում հայտնաբերվել էին ոսկու և նավթի հարուստ հանքավայրեր: Դրանք գտնվում էին Բրիտանական Գվիանայի սահմանամերձ հարթավայրում: Անգլիան ջանում է զավթել այդ տարածքը: Մի քանի ռազմական բախումից հետո 1887 թվականին Անգլիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ: 1895 թվականի հունվարին սահմանային նոր զինված ընդհարում է տեղի ունենում անգլիացիների ու վենեսուելացիների միջև: Հակամարտությանը միջամտում է ԱՄՆ-ը` առաջարկելով վեճն հարթել հաշտարար դատարանի միջոցով: 1895-ի հունիսին համապատասխան նոտա է ուղարկվում Լոնդոն: Նոտայում ամերիկյան կառավարությունը հիշեցնում էր «Մոնրոյի սկզբունք» -ի մասին, որի համաձայն ԱՄՆ-ը չէր կարող թույլ տալ, որ ամերկյան մայրցամաքում եվրոպական որևէ պետություն ընդլայներ իր տիրույթները: Անգլիայի վարչապետ լորդ Սոլսբերին պատասխան նոտա է հղում ԱՄՆ-ի` վճռական բողոք հայտնելով Անգլիայի ու Վենեսուելայի բախման վրա «Մոնրոյի դոկտրին» -ի այդ կերպ տարածման առթիվ: Դեկտեմբերի 5-ին Սոլսբերիի նոտան ներկայացվում է ԱՄՆ Կոնգրեսին: Միաժամանակ Կոնգրեսին է ներկայացվում նաև նախագահ Քլիվլենդի ուղերձը, որում անհիմն է որակվում Անգլիայի վարչապետի բողոքը: «Ես, իհարկե, լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, - գրում է Քլիվլենդը, - և պարզորոշ տեսնում եմ հնարավոր հետևանքները: Բայց և այնպես ես լիովին համոզված եմ, որ թեպետ չափազանց տխրալի է տեսնել անգլերեն խոսող երկու մեծ ազգերին մեկ այլ դրության, քան` բարեկամական մրցակցության մեջ, բայց ես կարծում եմ, որ մեծ ազգի համար չկա ավելի մեծ դժբախտություն, քան այն, ինչը չարին ու անարդարությանը կրավորական դիմադրության հետևանք է հանդիսանում. ես նկատի ունեմ ազգային պատվախնդրության ու ինքնահարգանքի կորուստը, որոնց պաշտպանության ներքո միայն հնարավոր են ժողովրդի անվտանգությունն ու մեծափառությունը»:

Քլիվլենդի ուղերձն ամերիկացիները հիացմունքով են ընդունում, և Սենատն անմիջապես ձեռնարմուխ է լինում մարտական պատրաստության ուժեղացման համար 100 միլիոն դոլար հատկացնելու մասին օրինագծի քննարկմանը:

Բայց դրանից հետո ինչպես անգլիական, այնպես էլ ամերիկյան բորսաներում խուճապ է սկսվում, և ֆինանսիստներն իրենց կառավարություններին ստիպում են ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից և Վենեսուելային առնչվող խնդրին խաղաղ լուծում գտնել:

Ահա այն ժամանակ, երբ մեծ էր հավանականությունը, որ ԱՄՆ-ն ու Անգլիան կարող են պատերազմել, անգլիացի լրագրող Ջ. Մենսոնը Տոլստոյին խնդրում է արտահայտվել հասունացող պատերազմի առիթով: Տոլստոյը հոդված է գրում, որը տպագրվում է «Daily Chronicle» թերթում (1896-ի մարտի 17):

Հոդվածում խոսք կա նաև հայերի մասին: Հայերեն հրապարակվում է առաջին անգամ:


«Ողորմած տեր,

Դուք ինձ գրում եք այն մասին, որ ես արտահայտվեմ Հյուսիսամերիկյան նահանգների հետ Անգլիայի հարաբերությունների սրման առիթով՝ «ի շահ քրիստոնեական հետևողականության ու ճշմարիտ խաղաղության», և հույս եք հայտնում, «որ ժողովուրդները շուտով արթնություն կդրսևորեն միջազգային խաղաղության ապահովմանմ միակ միջոցի հանդեպ»:

Ես էլ նույն հույսն եմ տածում: Այդ հույսն եմ տածում, որովհետև այն կուրությունը, որում մեր ժամանակներում գտնվում են հայրենասիրությունը փառաբանող ժողովուրդները, որոնք իրենց երիտասարդ սերնդին դաստիարակում են հայրենասիրության սնահավատությամբ և չեն ցանկանում ազատվել հայրենասիրության հետևանքից՝ պատերազմից, հասել է, ինչպես ինձ է թվում, այնպիսի աստիճանի, որի պայմաններում բավական է նույնիսկ ամենասովորական մարդու բերանից ելած դատողությությունները, որպեսզի մարդիկ տեսնեն այն գարշելի հակասությունը, որում նրանք գտնվում են:

Հաճախ, երբ երեխաներին հարցնում են, թե բոլորովին անհամատեղելի, բայց իրենց համար շատ ցանկալի իրերից որը կցանկանան ընտրել, նրանք պատասխանում են` և՛ այն, և՛ այն մյուսը: Երեխային հարցնում են՝ ուզում ես դրսում սահե՞լ, թե՞ տանը խաղալ: Երեխան պատասխանում է՝ ուզում եմ դրսում սահել ու տանը խաղալ»:

Ճիշտ այդպես էլ մեզ պատասխանում են քրիստոնյա ժողովուրդներն այն հարցին, թե երկուսից որն են ընտրում՝ հայրենասիրությո՞ւնը, թե խաղաղությունը: Նրանք պատասխանում են՝ և՛ հայրենասիրությունը, և՛ խաղաղությունը, թեպետ հայրենասիրությունն ու խաղաղությունը նույնքան անհնար է իրար միացնել, որքան անհնար է միաժամանակ սահելու գնալը և տանը մնալը:

Օրերս Հյուսիսամերիկյան նահանգների ու Անգլիայի միջև բախում տեղի ունեցավ Վենեսուելայի սահմանների պատճառով: Սոլսբերին ինչ-որ բանի չհամաձայնեց: Քլիվլենդը սենատին ուղերձ հղեց: Երկու կողմից էլ հայրենասիրական, մարտաշունչ վանկարկումներ հնչեցին, բորսայում խուճապ սկսվեց, մարդիկ միլիոնավոր ֆունտեր ու դոլարներ կորցրեցին, Էդիսոնը հայտարարեց, թե ինքը այնպիսի արկեր է մտահղացել, որոնցով կարելի է մեկ ժամում ավելի շատ մարդ սպանել, քան Աթիլլան սպանել է իր մղած բոլոր պատերազմների ընթացքում, և երկու ժողովուրդները սկսեցին եռանդագին նախապատրաստվել պատերազմի: Բայց արդյոք նրանի՞ց էր, որ պատերազմական այդ նախապատրաստությունների հետ միաժամանակ` ինչպես Անգլիայում, այնպես էլ Ամերիկայում տարբեր գրական գործիչներ, իշխաններ ու պետական գործիչներ սկսեցին երկու ժողովուրդների կառավարություններին նախազգուշացնել, որ ձեռնպահ մնան պատերազմից, որ խառնակության առարկան այդ աստիճան կարևոր չէ պատերազմ սկսելու համար՝ հատկապես երկու ազգակից, միևնույն լեզվով խոսող անգլոսաքսոնական ժողովուրդների միջև, որոնք ոչ թե պետք է իրար դեմ կռվեն, այլ հանգիստ տիրապետեն այլ ժողովուրդների: Կամ էլ նրանից էր, որ հանուն դրա աղոթեցին ու իրենց եկեղեցիներում քարոզներ կարդացին տարատեսակ եպիսկոպոսներն ու հոգևոր առաջնորդները, կամ էլ նրանից էր, որ երկու կողմն էլ իրենց դեռ պատրաստ չէին համարում պատերազմի, բայց այնպես պատահեց, որ այս անգամ պատերազմ չի լինի: Եվ մարդիկ խաղաղվեցին:

Բայց չէ՞ որ չափազանց չնչին խորաթափանցություն պիտի ունենալ՝ չտեսնելու այն, որ Անգլիայի ու Ամերիկայի բախմանը հանգեցնող պատճառները մնացել են նույնը, և որ եթե ներկայիս բախումն առանց պատերազմի հանգուցալուծվի, ապա անխուսափելիորեն վաղը կամ վաղը չէ մյուս օրն այլ բախումներ ի հայտ կգան Անգլիայի ու Ամերիկայի, Անգլիայի ու Գերմանիայի, Անգլիայի ու Ռուսաստանի, Անգլիայի ու Թուրքիայի միջև:

Ախր եթե կողք կողքի երկու զինված մարդիկ են ապրում, որոնց մանկությունից ներշնչվել է, թե հզորությունը, հարստությունը և փառքը բարձրագույն առաքինության էությունն են, և որ այդ պատճառով զենքի զորությամբ հարստություն ու հզորություն ձեռք բերելն ի վնաս ուրիշ հարևանների ամենադրվատելի գործն է, և եթե այդ դեպքում այդ մարդկանց նկատմամբ հարկավոր չէ կիրառել ոչ մի բարոյական, կրոնական ու պետական սահմանափակում, ապա մի՞թե ակնառու չէ, որ այդպիսի մարդիկ միշտ կռվելու են, որ նրանց միջև բնականոն հարաբերությունը լինելու է պատերազմը, և որ եթե այդպիսի մարդիկ առժամանակ դադարեցրել են իրար քաշքշելը, ապա նրանք դա արել են ըստ ֆրանսիական «pour mieux sauter» ասացվածքի, այսինքն՝ իրարից պոկ են եկել նրա համար, որպեսզի ավելի լավ ցատկ կատարեն ու ավելի մեծ կատաղությամբ մեկմեկու վրա նետվեն:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
դեպի վեր