ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Լև Տոլստոյը պատերազմի, խաղաղության ու հայրենասիրության մասին (նախորդի շարունակությունը)
21:14, 03.11.2018
4170 | 0

Սարսափելի է մասնավոր մարդկանց եսասիրությունը, բայց մասնավոր կյանքի եսասերները զինված չեն, լավ բան չեն համարում իրենց հակառակորդների դեմ զենք պատրաստելն ու զենք գործադրելը. մասնավոր անձանց եսասիրությունը և՛ պետական իշխանության, և՛ հասարակական կարծիքի հսկողության ներքո է: Այն մասնավոր անձին, որը զենքի ուժով հարևանից խլում է նրա կովը կամ վարելահողի մի մասը, ոստիկաններն անմիջապես կձերբակալեն ու բանտ կնստեցնեն: Բացի այդ, երբ մարդուն դատապարտում է հասարակական կարծիքը, նրան գող ու թալանչի են անվանում: Բոլորովին այլ է պետության պարագայում: Բոլոր պետությունները զինված են, նրանց գլխին ոչ մի իշխանություն չկա՝ բացի թռչուն բռնելու, դրա պոչին աղ ցանելու, միջազգային համաժողովներ գումարելու ծիծաղելի փորձերից, համաժողովներ, որոնք երբեք չեն ընդունվելու հզորագույն պետությունների կողմից, և գլխավորն այն է, որ հասարակական կարծիքը, որ պատժում է մասնավոր անձի ցանկացած բռնարարքը, փառաբանում, հայրենասիրական առաքինության կարգն է դասում ուրիշի ունեցվածքի ցանկացած յուրացումը՝ հանուն իր հայրենիքի հզորության մեծացման:

Որ ժամանակի թերթերն ուզում եք բացեք և միշտ ամենուր սև կետ՝ հնարավոր պատերազմի պատճառ կտեսնեք. դա կլինի Կորեան, Աֆղանստանը, Հայաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Տրանսվալը: Ավազակային աշխատանքը ոչ մի րոպե չի դադարում, ու մե՛րթ այստեղ, մե՛րթ այնտեղ փոքր պատերազմ է ընթանում, և իսկական, մեծ պատերազմը ցանկացած րոպեին կարող է ու պետք է սկսվի:

Եթե ամերիկացին ցանկանում է մյուս ժողովուրդների աչքում մեծի համարում ունենալ, և ճիշտ նույնը ցանկանում են անգլիացին, ռուսը, թուրքը, հոլանդացին, Վենեսուելայի ու Տրանսվալի քաղաքացին, հայը, լեհը և չեխը, և նրանք բոլորը համոզված են, որ այդ ցանկությունները ոչ միայն պետք չէ թաքցնել ու ճնշել, այլ որ այդ ցանկություններով կարելի է հպարտանալ և որ պետք է նաև ուրիշների մեջ էլ զարգացնել, և եթե մի երկրի կամ ժողովրդի մեծությունն ու բարեկեցությունը չի կարող ձեռք բերվել այլ կերպ, քան մեկ այլ կամ նույնիսկ մի քանի երկրի ու ժողովրդի կորստի հաշվին, ապա ինչպե՞ս կարող է պատերազմ չլինել: Որպեսզի պատերազմ չլինի, ոչ թե պետք է քարոզ կարդալ ու աղոթել աստծուն, որ խաղաղություն լինի, այլ անգլախոս ազգերին համերաշխության չկոչել հանուն ուրիշ ազգերի վրա տիրապետության, մեկմեկու դեմ երկակի, եռակի դաշինքներ չստեղծել, արքայազներին այլ ժողովուրդների արքայադուստրերի հետ չամուսնացնել, այլ ոչնչացնել այն, ինչը պատերազմ է ծնում: Իսկ պատերազմ ծնում է միայն սեփական ժողովրդի բացառիկ բարեկեցության ցանկությունը, այսինքն այն, ինչը «հայրենասիրություն» է անվանվում: Եվ այդ պատճառով պատերազմը ոչնչացնելու համար պետք է ոչնչացնել հայրենասիրությունը: Եվ որպեսզի ոչնչացվի հայրենասիրությունը, առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ այն չարիք է, իսկ դա անելը դժվար է:

Մարդի'կ, ուշքի' եկեք և հասկացե'ք, …թե ինչ եք անում:

Ուշքի' եկեք ու հասկացե'ք, որ ձեր թշնամիները բուրերը, անգլիացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, չեխերը, ֆինները, ռուսները չեն: Չեր թշնամին ձեզ շահագործող հայրենասիրությունն ու ձեզ դժբախտացնող կառավարություններն են:

Նրանք ձեռնամուխ են եղել ձեր պաշտպանությանը և այդ մտացածին պաշտպանությունը հասցրել են նրան, որ դուք բոլորդ դարձել եք զինվորներ, ստրուկներ, բոլորդ սնանկացել եք, ավելի ու ավելի եք սնանկանում, ու ամեն րոպե պետք է սպասեք, որ ձգված լարը կտրվելու է ու սկսվելու է ձեր ու ձեր զավակների սարսափելի կոտորածը:

Մարդկանց ասացեք, թե պատերազմը տխմարություն է, և նրանք կծիծաղեն՝ իսկ ո՞վ չգիտե: Ասացեք, որ հայրենասիրությունը տխմարություն է, և ձեր ասածի հետ մարդկանց մեծ մասը կհամաձայնի՝ բայց փոքրիկ վերապահությամբ: «Այո, - կասեն նրանք, - տխմար հայրենասիրությունը տխմարություն է, բայց կա մեկ այլ հայրենասիրություն, որին մենք հավատարիմ ենք»: Բայց թե ինչ է իրենից ներկայացնում այդ լավ հայրենասիրությունը, ոչ ոք չի բացատրում: Եթե լավ հայրենասիրությունը նվաճողական չլինելն է, ինչպես շատերն են ասում, ապա չէ՞ որ ցանկացած հայրենասիրություն, եթե այն նվաճողական չէ, ապա անպայման ունեցածը պահող է, այսինքն մարդիկ ցանկանում են պահել այն, ինչը նախկինում նվաճված է եղել, քանի որ չկա մի այնպիսի երկիր, որը հիմնված չլինի նվաճման վրա, իսկ նվաճածը պահել հնարավոր է միայն այն եղանակով ու միջոցներով, ինչ միջոցներով որևէ բան է նվաճվել, այսինքն՝ բռնությամբ ու սպանությամբ: Եթե հայրենասիրությունը նույնիսկ ունեցածը պահելու բնույթ չունի, ապա այն նվաճված, հնազանդեցված ժողովուրդների վերականգնողական հայրենասիրություն է, ինչպես հայերի, լեհերի, չեխերի, իռլանդացիների և այլ ժողովուրդների հայրենասիրությունը: Եվ այս հայրենասիությունը գրեթե վատթարագույնն է, որովհետև ամենաչարացածն ու առավել շատ բռնություն պահանջողն է:

Հայրենասիրությունը լավը չի կարող լինել: Մարդիկ չեն ասում, թե եսասիրությունը կարող է լավը լինել, չնայած դա հնարավոր է ապացուցել, որովհետև եսասիրությունը բնական զգացում է, որի հետ մարդը ծնվում է, իսկ հայրենասիրությունն անբնական, մարդուն արհեստականորեն պատվաստված զգացմունք է:

Կասեն՝ «Հայրենասիրությունը մարդկանց միավորել է պետության մեջ և պահպանում է պետության միասնությունը»: Բայց ախր մարդիկ արդեն միավորվել են ու պետություն են ստեղծել, այդ գործն ավարտվել է. էլ ինչո՞ւ հիմա աջակցել պետությանը մարդկանց բացառիկ նվիրվածությանը, եթե այդ նվիրվածությունը սարսափելի աղետներ է պատճառում բոլոր պետություններին ու ժողովուրդներին: Չէ՞ որ այդ նույն հայրենասիրությունը, որ մարդկանց ու պետությունները միավորել է, այժմ ավերում է այդ նույն պետությունները: Եթե միայն հայրենասիրությունը մեկը լիներ. միայն անգլիացիների հայրենասիրություն եթե լիներ, ապա կարելի կլիներ այն միավորող կամ բարեգործ համարել, բայց երբ, ինչպես այժմ, կան ամերիկյան, անգլիական, գերմանական, ֆրանսիական, ռուսական հայրենասիրություններ՝ մեկը մյուսին հակադիր, ապա հայրենասիրությունը ոչ թե միավորում է, այլ բաժանում: Ասել, թե եթե հայրենասիրությունը մարդկանց ու պետությունները միավորող առաքինություն է եղել Հունաստանի ու Հռոմի ծաղկման ժամանակներում, ապա նաև այժմ, քրիստոնեական կյանքի 1800 տարիներից հետո էլ առաքինություն է, կնշանակի ասել, թե քանի որ ցանքսից առաջ հերկն օգտակար է դաշտին, ապա այն օգտակար ու բարերար կլինի նաև այժմ, երբ ցանքսն արդեն ծլարձակել է:

Լավ կլիներ հայրենասիրությունը հիշողության մեջ պահել այն օգուտի համար, որն այն երբևէ տվել է մարդկանց՝ ճիշտ այնպես, ինչպես մարդիկ պահում ու պահպանում են հին տաճարներն ու դամբարաններ, հին հուշարձանները: Բայց տաճարները կանգուն են ու մարդկանց ոչ մի վնաս չեն տալիս, իսկ հայրենասիրությունը շարունակում է անհամար դժբախտություններ պատճառել:

Ի՞նչն է պատճառը, որ այժմ տառապում, մորթվում ու գազանանում են հայերն ու թուրքերը: Ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի ժառանգությունից իրենց բաժինն ստանալու համար մտահոգ Անգլիան ու Ռուսաստանը սպասում են ու չեն դադարեցնում հայերի կոտորածները: Ինչո՞ւ են կոտորվում աբիսինցիներն (հաբեշստանցիներ) ու իտալացիները: Ի՞նչն էր պատճառը, որ քիչ մնաց Վենեսուելայի պատճառով սարսափելի պատերազմ սկսվի, հիմա էլ Տրանսվալի պատճառով կարող է սկսվել: Իսկ չին-ճապոնական պատերա՞զմը, Իսկ թուրքակա՞նը, իսկ գերմանակա՞նը, ֆրանսիակա՞նը: Իսկ հնազանդեցված ժողովուրդների՝ հայերի, լեհերի իռլանդացիների կատաղությո՞ւնը: Իսկ բոլոր ժողովուրդների պատերազմական նախապատրաստություննե՞րը: Այս ամենը հայրենասիրության պտուղներ են: Արյան ծովեր են հեղվել այդ զգացմունքի պատճառով և էլի է հեղվելու, եթե մարդիկ չձերբազատվեն անցյալի այդ մնացորդից: Հասկացեք, որ այն ամբողջ չարիքը, որի ձեռքերում տառապում եք, դուք ինքներդ եք ստեղծում` հնազանդվելով այն ներշնչումներին, որոնցով ձեզ խաբում են կայսրերը, թագավորները, խորհրդարանների անդամները, զինվորականները, կապիտալիստները, հոգևորականները, գրողները, նկարիչները, բոլոր նրանք, որոնց պետք է հայրենասիրության այդ խաբկանքը նրա համար, որպեսզի ապրեն ձեր աշխատանքի արգասիքներով:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
386 | 0
09:44, 13.04.2024
446 | 0
11:39, 08.04.2024
424 | 0
09:16, 06.04.2024
374 | 0
դեպի վեր