ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դեսպան Տիգրան Բալայանը այց կատարեց Մաստրիխտի «Անի» հայ համայնք
16:34, 05.11.2018
2765 | 0

Նոյեմբերի առաջին հանգստյան կիրակին, իր պաշտոնավարման երկիր Նիդերլանդներում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը` ճանաչողական այցով եղավ Մաստրիխտ քաղաքում:
Մեծարգո հյուրը այցելեց տեղի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի, ծանոթացավ Մաստրիխտի «Անի» հայ համայնք անդամներին: Ծավալված անկեղծ ու ջերմ զրույցի ընթացքում դեսպանը խոսեց հայաստանյան զարգացումների, հայապահպանության, Սփյուռքին հուզող հարցերի մասին: Բազմաբովանդակ քննարկումներում արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մաստրիխտի հայ համայնքը միշտ էլ ակտիվ նախաձեռնություն է հանդես բերել խորացնելու Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ու Հայաստանի հետ ունեցած կապը: Նորանշանակ դեսպանը հաջողություններ մաղթելով հայ համայնքի անդամներին, խոստացավ իր լիիրավ պարտականություններին անցնելուն պես նպաստել հայ-Նիդերլանդական կապերի էլ ավելի սերտացմանն ու ամրապնդմանը:

Լուսանկարները` Emma Karaoglan Armand -ի

«Նիդերլանդական օրագիր»


«Նոյեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում հանդիպեց Մաաստրիխտի «Անի» հայկական միության անդամներին» վերնագրով` ավելի ընդարձակ տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԳ նախարարության և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայքերը: Այն ևս ներկայացնում ենք ընթերցողին.

05.11.2018

«Անի» միության ղեկավար Լևոն Սարգիսը դեսպան Բալայանին ներկայացրեց Լիմբուրգ նահանգում հայկական ինքնության պահպանման ուղղությամբ ծավալած գործունեությունը, եկեղեցու հիմնադրման պատմությունը, միության օրակարգային և առաջիկա ծրագրերը, գործող կիրակնօրյա դպրոցի պայմանները, տեղական իշխանությունների հետ հայ համայնքի համագործակցությունը։

Այնուհետև Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ «Անի» միության անդամների հետ, որոնց ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց նշանակությունը։ Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի կառավարության ծրագրում արտաքին ոլորտի վերաբերյալ ամրագրված դրույթներին, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով գործադրվող ջանքներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին և մի շարք այլ հարցերի։

Խոսելով հայ համայնքի դերակատարության և կարևորության մասին Տիգրան Բալայանը նշեց. «Հայաստանի դեսպանի առաքելության մեջ հաջողության հասնելու կարևոր գործոններից է հայ համայնքի աջակցությունը, ուստի ակնկալում եմ համատեղ աշխատել բոլորի հետ, քանի որ բոլորիդ դիտարկում եմ որպես Հայաստանի դեսպան՝ ձեր շրջապատում, ձեր բնակավայրերում և աշխատավայրերում։ Հուսով եմ, որ բազում նախաձեռնություններ ենք ունենալու և համատեղ ջանքերով հասնելու ենք դրանց իրականացմանը» ։

Հանդիպման ժամանակ Տիգրան Բալայանը և դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունին պատասխանեցին միության անդամների տարբեր բնագավառների վերաբերող հարցերին։
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր