ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արմենական կուսակցություն
12:42, 11.11.2018
5990 | 0

Գաղտնի կազմակերպությունների ստեղծումը պարարտ հող նախապատրաստեց ազգային կուսակցությունների առաջացման համար: Առաջին հայ քաղաքական կուսակցությունը ծնունդ առավ Վանում, որտեղ դեռևս չէին մարել «Սև խաչի» գործունեության կայծերը: Իբրև քաղաքական անբարեհույս անձ Վանից արտաքսվելուց հետո Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները, որ հուսալքվել էին Մկրտիչ Փորթուգալյանի արտաքսումով, աստիճանաբար նորից համախմբվեցին, և 1885թ. խիստ գաղտնիության պայմաններում Վանում ծնվեց առաջին քաղաքական կուսակցությունը: Նրա անդամները ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին Արմենական: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, որը հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան: 1890-ականներին ստեղծած իրենց առաջին ծրագրում իբրև կուսակցության առաջնային նպատակ մատնանշում էին թուրքական բռնապետությունը հեղափոխության միջոցով տապալելու անհրաժեշտությունը: Նրանք գտնում էին, որ պետք է ժողովրդին նախապատրաստել հեղափոխության համար, զինախմբեր ստեղծել: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր զենք հայթայթել: «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:

Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ: 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էր Մկրտիչ Ավետիսյանը: Նա իր շուրջը համախմբեց ոչ միայն արմենականներին, այլև դաշնակցականներին ու հնչակյաններին և ուժգին հակահարված տվեց թուրքական ուժերին: Մի խումբ երիտասարդների հետ Պարսկաստան անցնելու ճանապարհին նա զոհվեց: Ծանր կորուստներ ունեցած կուսակցությունն իր գոյությունը պաշտպանեց մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նա մեծ մասնակցություն ունեցավ 1915թ. Վանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1921թ., միավորվելով այլ քաղաքական ուժերի հետ, ստեղծվեց Ռամկավար-ազատական կուսակցությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Հովհաննիսյան
դեպի վեր