ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գիտե՞ք արդյոք. մի քանի տարի առաջ Կամչատկայում քիչ է մնացել քրեական գործ հարուցեն Ֆեոդոր Դոստոևսկու նկատմամբ
20:18, 12.11.2018
3255 | 0

Քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմել է մի տղամարդ` պնդելով, որ ռուս գրականության դասականն իրեն սադրել է հայհոյական խոսքեր գործածել: Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը մերժել է այս պահանջը:

Պատմությունն սկսվել է 2011թվականին: Տեղի բնակիչ Եվգենի Ֆեդորկոն դատարանում իր ընդդիմախոսին «ապուշ» է անվանում: Դատավորը սահմանափակվում է միայն նկատողություն անելով: Դա չի գոհացնում դատական հարկադիր կատարող Իվանովին: Նա զեկուցագիր է գրում առ այն, որ Ֆեդորկոյի այս արարքը, քրեական օրենսգրքի «Անհարգալի վերաբերմունք դատարանին» հոդվածի համաձայն, պատժի է ենթակա: Դատական գործընթացում ընդգրկված փորձագետներից մեկը հաստատում է, որ «ապուշ» եզրույթն անպարկեշտ խոսք է:

Մեկ ամսվա ընթացքում Ֆեդորկոն դատարան ներկայանալու 20 ծանուցում է ստանում և ստիպված է լինում դատական հարկադիր կատարողների դաշնային ծառայությանը հայտարարություն հանձնել, որում ասվում էր, թե «ապուշ» բառն ինքն իմացել է Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպից, այդ իսկ պատճառով մեղավորը ոչ թե ինքն է, այլ` Դոստոևսկին:

«Որպես ՌԴ քաղաքացի` պարտքս եմ համարում մեր իրավակարգի բարեխիղճ պաշտպաններին հաղորդել այն անձի մասին, որն ինձ մղել է այդ հանցագործության կատարմանը: Այդ անձը իմ կողմից վերը նշված, ներկայում հանգուցյալ Դոստոևսկին է, Աստված հոգին լուսավորի: Վերը շարադրվածի հիման վրա խնդրում եմ քրեական գործ հարուցել Ֆ. Մ. Դոստոևսկու նկատմամբ` որպես հանցագործության հրահրիչ», - ասվել է հայտարարության մեջ:

Դոստոևսկու նկատմամբ իսկապես քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարողների Կամչատկայի Պետրոպավլովսկի քաղաքային բաժինը որոշել է.

«Հաշվի առնելով, որ Ֆ.Մ. Դոստոևսկին մահացել է 1881-ի հունվարի 28-ին, իսկ Ե. Ն. Ֆեդորկոն ծնվել է 1960-ի նոյեմբերի 19-ին, ապա Ֆ. Մ. Դոստոևսկին իրական հնարավորություն չուներ համոզելու, կաշառելու, սպառնալու ճանապարհով կամ այլ եղանակով Ե. Ն. Ֆեդորկոյին մղել հանցագործության…»:

Ռուս դասականին արդարացնելու գործընթացն ինն ամիս է տևում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
214 | 0
դեպի վեր