ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գրպանահատ կաթողիկոսը բռնաբարել ու ստորացրել է վարդապետի արժանապատվությունը
00:08, 14.11.2018
4926 | 0

«Վեհափառ Ավազակապետ»
( «Ինդուլգենցիա Սերժիկի համար» , Նիկոլ Փաշինյան, ապրիլ 9, 2008)

Սեպտեմբեր 27, 2018 թ. Պարույր քահանա Ավետիսյան ստորագիր գրությամբ, սովետահայ փողոցային երիտասարդի Ձեր հոգեկերտվածքին բնորոշ ցինիզմով մերժել եք օգոստոս 6, 2018 թ. իմ արդարացի նամակ-պահանջը (չվճարված աշխատավարձիս ոտնահարված իրավունքներիս մասնակի վերականգնում և փոխհատուցում):
Իմ պահանջը վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածի՝ 2015 թ. մարտ-օգոստոս ամիսներին, երբ Մայր Աթոռ վերադարձա Մյանմար աքսորավայրիցս, ուր պետականորեն քարոզվում է, որ քրիստոնյան գող է, պօռնիկ ու մարդասպան: Մինչ հաջորդ աքսորավայրը՝ Վրաստանի ադրբեջանական Մառնեուլի շրջանը, իմ հերթական արտաքսվելը, Ձեր բեհեզների ու ոսկիների սին փառքից կուրացած, չարությամբ ու ատելությամբ լցված՝ բռնաբարեցիք ու ստորացրիք վարդապետիս արժանապատվությունը՝ արտաքսելով, վռնդելով Մայրավանքից՝ զրկելով հացից, տանիքից, աշխատավարձից ու դեղեր գնելու հնարավորությունից:
Հակառակ նրան, որ Դուք քաջատեղյակ էիք, որ տառապում եմ խրոնիկ հիվանդությամբ, կես տարի շարունակ վարդապետիս անմարդկայնորեն ընչազրկեցիք: Վերը նշված ժամանակահատվածում Մայր Աթոռից չեմ ստացել ոչ մեկ լումա և ոչ մեկ նկանակ: Եվ Դուք հանդգնում եք իմ արդարացի պահանջը որակել հիմնազո՞ւրկ և զրպարտա՞նք: Եթե հակառակը փաստեք, հրապարակավ Ձեր ոտքերը կհամբուրեմ:
Իբրև սանձարձակ բռնապետ՝ այս ամենն արեցիք եպիսկոպոսաց դասի կրավորական ու լուռ հայացքի ներքո: Ձեր երջանկահիշատակ նախորդը կրավորականությունը հռչակել է իբրև ութերորդ մահացու մեղք: Ձեր գահակալության անփառունակ տարիներին կրավորականությունն առաքինություն եք դարձրել, իսկ հնազանդությունը ստրկության վերածել:
Ով՝ ով, գոնե Դուք գիտեք, լավ գիտեք դրամի գինը: Ձեր կյանքում ինչի որ հասել եք, դրամով եք հասել: Գուցե ազնի՞վ նպատակով եք գրպանս մտել: Հավանաբար Աննա Հակոբյանի բարեգործական հաջորդ նախաձեռնությանը դարձյալ նվիրատվություն պիտի անեք: Ակամայից հիշեցի Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին, որ Ձեր չարաբաստիկ կաթողիկոսության ընտրություններից 3 օր առաջ Սուրբ Էջմիածնի վանատանը, Ձեր աչքերի մեջ նայելով, ասաց պնակալեզ և արհամարհանքով հեռացավ:
Այսու, Ձեր գունեղ ստորոգելիներին՝ բռնապետ, անհավատ, ամուսնացյալ, քինախնդիր, գեղարդագող… եկավ ավելանալու ևս մեկը՝ գրպանահատը:
Ձեր վերջին սնամեջ նամակում ասում եք, որ 2017-ին ինքնակամ հրաժարվել և լքել եմ իմ ծառայության վայրը: Տարիներ շարունակ անձանձրույթ ինձ հալածել եք, միջոցների առաջ խտրականություն չեք դրել, որպեսզի վարդապետիս կյանքը խորտակեք և ընտանիքիս դառնացնեք: Հալածանքներիս եկավ ավելանալու առողջությանս կտրուկ վատթարացումը: Ու հիմա Աստծուց չվախենալով և մարդկանցից չամաչելով՝ ասում եք, որ ես ինքնակամ եմ հեռացել:
Դուք Ձեր չարադավ ու նենգաբարո վարքագծով ինձ հասցրել եք դրան: Հրճվանքով ու ցնծությամբ ընդունեցիք իմ հեռանալը: Այլապես, երբ առողջական լուրջ խնդիրների պատճառով մեկնեցի բուժման, Դուք կամ Ձեր գրասենյակից որևէ մեկը կհետաքրքրվեր ինձնով: Դուք հասաք Ձեր նպատակին, բայց սատանան միայն ճակատամարտում կարող է հաղթել, ոչ երբեք՝ պատերազմում: Ձեր բոլոր սին ճամարտակությունները չեն կարող Ձեզ ազատել պատասխանատվությունից:
Այսօր իմ վերջին երկու աքսորավայրերում՝ Մյանմարում և Մառնեուլիում, ռեզիդենտ հոգևորականներ չկան: Ապացույց այն բանի, որ դրանք նախատեսված էին ինձ հալածելու և տառապանք պատճառելու համար:


Խորեն վարդապետ Հովհաննիսյան
(Մայր Աթոռի նախկին միաբան)

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր