ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Միջնադարյան սնոտի խավարամտության «գոհարներ». հոգին սատանային ծախելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին (նախորդի շարունակությունը)
17:42, 30.11.2018
4231 | 0

Միջնադարյան դիվաբանները պնդել են, թե գոյություն են ունեցել այնպիսի դևեր, որոնք դաշինք են կնքել այնպիսի մարդկանց հետ, որոնք նրանց հետ կապ են հաստատել միայն կեսօրին: Դևերը մարդու կամ գազանի կերպարանք են առել ու դարձել են վհուկների բարեկամները: Ուրիշ դևեր էլ որևէ անշունչ առարկայի կերպարանք (օրինակ՝ մատանու, շշի, սափորի, տառի, թվի) են առել: Լելուայ անունով իմ բարեպաշտ դառնությամբ գրել է, թե այդպիսի պիղծ ուժերի հետ շփումները ամենատարածված երևույթներն են:

Մեկ այլ հոգևորական գրող պատմել է սատանայի հետ դաշինք կնքած մի գիտնական-բժշկի մասին, որը տիրել է այդ չար ոգուն, կարողացել է նրան մտցնել երկշիշ տարայի մեջ: Աշխատանքային գործունեության բոլոր դժվարին պահերին բժիշկը դիմել է իր գերուն, որը նրան հիանալի խորհուրդներ է տվել: Բժիշկը մեծ հռչակ է ձեռք բերում, և ոսկին գետի պես նրա գրպանն է հոսում: Մինչև մահանալը նա մտադրված է լինում իր ժառանգներին 26 հազար էքյու կտակել: Մահվանից առաջ նա իրեն վատ է զգում, խիղճն սկսում է տանջել, բայց խղճի խայթը նրան ոչ թե խոստովանության է մղում, այլ ավելի է դաժանացնում: Նա այն աստիճան է կատաղում, որ սկսում է անդադար սատանային կանչել: Այդ արտասվալի վիճակում էլ մահանում է:

Նույն դիվաբանը ներկայացնում է մեղքեր գործած անձի՝ դժոխքում հետաքրքիր ճանապարհորդության մասին վկայությունը: Այս պատմությունը տեղի է ունեցել նեապոլիտանական բնակավայրերից մեկում: Իտալիայի այս երկրամասում իշխելիս է եղել անչափ ժլատ ու դաժան մի անձնավորություն, որն անգթորեն կողոպտել է իր հպատակներին: Մի անգամ այս դաժան կառավարչի շունը կծում է թշվառ հպատակներից մեկին, և վերջինս սպանում է շանը: Կատաղած բռնակալը հրամայում է խեղճ մարդուն բանտ նետել: Մի քանի օր անց բանտապահը հաց ու ջուր է բերում բանտարկյալին և տեսնում է՝ բանտի դուռը ինչպես հարկն է փակ է, իսկ կալանավորը չկա: Սկսում են նրան ամենուր փնտրել ու շատ են զարմանում, որ բանտի բոլոր դռները կողպված են լինում և փախուստի ոչ մի հետք չի նշմարվում: Այս առեղծվածային փախուստի մասին զեկուցում են իշխանին, որն սկզբում զայրանում է, բայց հետո, երբ անձամբ ամեն ինչ քննում է, ինքն էլ է զարմանում: Այսպես անցնում է մի քանի օր, հետո մի օր էլ բանտապահն անհետացած կալանավորին հայտնաբերում է իր իսկ խցում: Երբ բանտապահը սկսում է նրան հարցաքննել, նա պահանջում է, որ իրեն տանեն իշխանի մոտ՝ ասելով, թե նրան շատ կարևոր բան ունի ասելու: Եվ ահա թե ինչ է նա պատմում իշխանին: Բանտարկության դաժան պայմաններից լիովին ընկճված, բոլորի կողմից լքված, ամեն հույս կորցրած կալանավորն ստիպված սատանայի օգնությանն է դիմում: Մարդկային ցեղի թշնամին անմիջապես արձագանքում է թշվառի կանչին, հափշտակում է նրան և ուղիղ դժոխք է տանում:

Հետաքրքրական է այդ դժոխքի նկարագրությունը: Այն ստորգետնյա ընդարձակ, անհատակ, մռայլ մի վայր է՝ բերնեբերան լցված մեղավորներով: Այդ մեղավորների անվերջանալի ամբոխի մեջ նրա աչքովն են ընկնում հատկապես թագավորները, իշխանները, ազնվականնեները, պապերն ու կարդինալները: Աշխարհի այդ բոլոր հզորները դժոխքում այն նույն հագուկապով են եղել, ինչպես այս աշխարհում: Եվ բոլորին խորովել է դժոխային կրակը, նրանք բոլորը անասել տառապանքներից մղկտացել են: Մեղավորների այդ ամբոխի մեջ նա ճանաչել է իր ծանոթներից ու բարեկամներից շատերին: Նրանցից մեկը զրույցի է բռնվում նրա հետ և շատ կարևոր տեղեկություն է հաղորդում: «Դու այստեղ երկար չես մնա, - ասում է նա, - դու այստեղից շուտով դուրս կգաս: Լա՛վ հիշիր, թե ինչ կասեմ քեզ: Հաղորդիր քո իշխանին, որ իր դաժանության ու անօրինականության չափն անցել է, և եթե նա չապաշխարի, ապա նրան այստեղ այն նույն տանջանքներն են բաժին հասնելու, ինչպիսիք դու տեսնում ես: Իսկ որպեսզի նա համոզված լինի, որ դու ճշմարտությունն ես ասում, փոխանցիր նրան այն գաղտնի խոսակցությունը, որ ես նրա հետ ունեցել եմ»: Ընդ որում մեղսագործը դժոխքում ակամա հայտնվածին մանրամասնորեն պատմում է, թե որտեղ, երբ և ինչ պայմաներում է տեղի ունեցել այդ խոսակցությունը, և այն ինչ բովանդակություն է ունեցել: Ի դեպ, դժոխքի ակամա այցելուն միանգամից սկսում է որոշ մանրամասներ ներկայացնել դժոխքի նիստուկացի վերաբերյալ: Օրինակ՝ նրան ապշեցնում են պապերի, թագավորների և աշխարհի այլ անվանիների շողշողուն հագուստները, և հավելում է, թե դժոխքում այդ ճոխությունները ոչ մի արժեք չունեն, որովհետև ուղեկցողը նրան բացատրել էր, թե այդ շողշողուն հագուստները, ոսկին ու թանկագին քարերն ընդամենը դժոխային կրակի բոցեր են: Դժոխքի ակամա այցելուն դրանում համոզվում է, ձեռքը հպելով մեղավորներից մեկի շքեղ զգեստին: Այն, ինչն ինքը ոսկի էր համարում, այրում է նրա ձեռքը, և այրվածքի հետքը մնում է:

Իշխանին անասելի ապշեցնում է այս պատմությունը՝ հատկապես իր զրույցի գաղտնիքների մերկացումը: Նա կարծել է, թե այդ գաղտնիքը միայն իրեն է հայտնի: Այս ամենը նրան այնպես է ցնցում, որ նա որոշում է ուղղվել ու սկսում է նրանից, որ ազատ է արձակում այդ դժբախտին, որին բանտ էր նետել իր շանը սպանելու համար: Բայց թշվառին չի վիճակվում իր ազատագրման պարգևած ուրախությունը վայելել: Նրան այն աստիճան էր ապշեցրել դժոխքը, որ մինչ ի մահ չի կարողանում ազատագրվել այդ ապշահար վիճակից: Նրա կերպարանքն այն աստիճան է փոխվում, որ երբ տուն է մտնում, կինն ու երեխաները նրան չեն ճանաչում: Դրանից հետո նա շատ քիչ է ապրում:

Տիրելով մարդուն՝ սատանան սովորաբար նրա մարմնին իր կնիքն է դնում: Միջնադարյան դիվաբանները շատ լրջորեն քննության են առել այդ սատանայական կնիքների խնդիրը: Դիվաբան Ժակ Ֆոնտենը նույնիսկ այդ թեմային նվիրված հատուկ գիրք է գրել՝ «Դատողություններ կախարդների նշանների ու իսկական դիվահարության մասին»:

Սատանայի հետ մարդու կապի մասին վկայող ամենասովորական նշանը համարվել է նրա մարմնի որոշակի մասերի կատարյալ անզգայությունը: Մարմնի այդ մասերը ծակելու, այրելու, կտրելու դեպքում մարդը ոչ մի ցավ չի զգացել: Ավելին, ծակծկված կամ կտրված մասերից արյուն չի հոսել:

Բարեպաշտ Ֆոնտենն իր գրքում խոսում է սատանայական այդ նշանների մասին.

«Սատանան այդ նշանները կախարդների մարմնին է դաջում ոչ թե միայն նրա համար, որպեսզի հնարավոր լինի նրանց զանազանել ու ճանաչել՝ ինչպես հեծելազորային ջոկատների հրամանատարները ճանաչում են նրանց, ովքեր իրենց ջոկատի մեջ են մտնում, այլ հանուն նրա, որպեսզի ի ցույց դնի իր հպարտությունը, իր ձեռք բերած իշխանությունն այն տարաբախտ մարդկանց վրա, որոնք հանձնվել են նրա նենգությանն ու խարդավանքին»:

Սույն հոդվածի սկզբում հիշատակված պատեր Լյուդովիկոս Գոֆրիդը, որ պայմանագիր էր կնքել սատանայի հետ, խարույկ է հանվել: Այդ հոգևորականի վրա սատանան երեսունից ավելի կնիք է դրել: Պայմանագրի բովանդակությունից նկատելի է, որ երկու ճակատով վտանգավոր խաղի մեջ մտած Աստծո այդ սպասավորը հիմնականում ցանկացել է, սատանայի աջակցությունն ստանալով, հագեցնել իր սեռական անհագուրդ կիրքը:

Երբեմն սատանայի կնիքի տեղեր են համարվել կախարդների, վհուկների կամ սովորական մարդկանց մարմնի այն մասերը, որոնց վրա չարը դրել է իր մատանու դրոշմը: Երբեմն այդ երևույթին «քաջագիտակ» դատավորներն այդ կարգի կնիք են համարել տարատեսակ առարկաները: Օրինակ՝ 1591 թվականին բռնում ու դատում են 80-ամյա մի գեղջկուհու: Ըստ դատավորների՝ նա վհուկ է եղել, և նրանք դա ապացուցել են «անհերքելի» եղանակով: Բավական է եղել ասել, որ ծեր կնոջը տեսել են վհուկների գիշերահավաքում, և ոչ մի երդում կնոջը չի փրկել: Խեղճ կինը ստիպված է եղել «խոստովանել», որ մասնակցել է այդպիսի հավաքի ու դատավորներին ցույց է տվել երկու կտոր մոմ: Դատավորներն ուշադիր զննել են այդ մոմերը և դրանցում չեն հայտնաբերել վկայություն տվող մարդկանց հայտարարած նյութերը: Եվ դա պատահական չէր, եթե հաշվի առնենք, թե ծեր կինն ինչ ճանապարհով է ձեռք բերել մոմի կտորները: Բանն այն է, որ նա, երբ բանտարկված է եղել, սատանան հայտնվել է նրան կատվի կերպարանքով: Հարցաքննություններից լիովին ընկճված կինը նրան ասել է, թե այլևս չի ուզում ապրել: Այդ ժամանակ սատանան նրան այդ երկու կտոր մոմն է տվել՝ խորհուրդ տալով դրանք ուտել: Ասել է՝ եթե ուտես, ցանկությունդ կկատարվի: Բայց, չգիտես ինչու, ծեր կինը մտափոխվել է և այդ խորհրդավոր մոմի կտորները ներկայացրել է դատավորներին: Խեղճը, երևի, հույս է ունեցել, թե իրեն կխնայեն: Բայց այն ժամանակներում այդպիսի հույս տածելը լիովին անհիմն է եղել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր