ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Պետք է հրաժարվել անհեթեթ դարձվածքը գործածելուց
22:11, 03.12.2018
3945 | 0

Ռուսական լեզվամշակութային խոհանոցից իրենց հիմնական սնունդն առնող հայերը բավականին հաճախ գործածում են «նա իր ափսեում է» կամ «նա իր ափսեում չէ», արտահայտությունները, և նրանց թվում է, թե շատ դիպուկ ու պատկերավոր դարձվածք են կիրառում:
Գոնե առ այսօր ոչ մեկի մտքով չի անցել, որ դրանք, իմաստային առումով, կատարյալ անհեթեթություներ են: Կամ էլ մտքով անցել է, բայց չի բարձրաձայնել:
Դատեք ինքներդ. մարդն ինչպե՞ս կարող է իր ափսեում լինել կամ չլինել: Ինչ խոսք, այս դարձվածքները գործածողները կասեն, որ դրանք ընդամենը պատկերավոր արտահայտություններ են, որ տվյալ պահին մարդու հոգեվիճակն են արտահայտում և ընդամենը «իրեն լավ, ազատ, անկաշկանդ, վստահ զգալ, լավ տրամադրություն ունենալ» կամ «իրեն լավ, անկաշկանդ, վստահ չզգալ, լավ տրամադրություն չունենալ» են նշանակում: Բայց մի՞ թե իրեն անկաշկանդ, վստահ զգացող կամ չզգացող մարդը իր ափսեում է լինում, իսկ վերոնշյալ վիճակներում չգտնվողն իր ափսեում չի լինում: Ռուսների՝ այս, մեղմ ասած, ծիծաղելի արտահայտության համար մասամբ «մեղավոր է» ֆրանսերենը, որից ժամանակին ռուսներն առատորեն օգտվել են ու մեծապես հարստացրել իրենց բառապաշարը: Բայց տվյալ դեպքում թարգմանական սխալ են թույլ տվել: Երբ ֆրանսիացին ասում է «Etre dans son assiette», ապա դա նշանակում է, թե անձն իրեն վստահ է զգում, իսկ երբ ասում է «Ne pas etre dans sօn assiette», նշանակում է, թե անձն իրեն վստահ չի զգում, կաշկանդված է: Այս արտահայտություններն առաջին անգամ ռուսերենի թարգմանողը ինչպես հարկն է ֆրանսերեն չի իմացել, որովհետև, եթե իմանար, որ «assiette» -ը, բացի «ափսե» իմաստից, այլ բառերի զուգորդմամբ, մի քանի այլ իմաստ էլ ունի, և դրանցից մեկն էլ «հաստատուն վիճակ, դիրք» իմաստն է, ճիշտ կթարգմաներ: Ինչպես տեսնում եք, «հաստատուն վիճակ, դիրք» -ը ոչ մի կապ չունի «ափսե» եզրույթի հետ:

Ասում են, թե այդ թարգմանիչը ֆրանսիական մի պիեսի հերոսներից մեկի՝ «il n'est pas dans son assiette» -ը ուղղակի պատճենահանել է, և արդյունքում ծնունդ է առել «Նա իր ափսեում չէ» անհեթեթ արտահայտությունը: Այն գրական ռուսերենի մեջ է ներթափանցել եվրոպականացած ռուս ցուցամոլների միջոցով: Դարձվածքի անհեթեթությունն ընդգծելու համար ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը «Խելքից պատուհաս» -ի հերոսներից մեկի «բերանն է դնում` «Հարգելի'ս, դու քո ափսեում չես» նախադասությունը: Գրիբոյեդովից ավելի վաղ ոչ այնքան հայտնի մեկ այլ ռուս գրող` Նովիկովը, ցուցամոլներին ծաղրելու համար, «Գեղանկարիչը» ստեղծագործությունում հետևյալ երկխոսությունն է վերարտադրում.

«Ի դեպ, տիրուհի, ձեզ մի նորություն ասե՞մ, ախը՛ր ես, հիմարության աստիճան, սիրահարված եմ ձեզ. դուք ձեր հմայքներով այնպես եք գլուխս պտտել, որ ես իմ ափսեում չեմ նստած»:

Ի սկզբանե «il n'est pas dans son assiette» -ը ֆրանսիացիները գործածել են այն նավի վիճակը հատկանշելու համար, որը չի կարող ազատ ընթանալ ջրային մակերեսի ցածր մակարդակի պատճառով, և հետո փոխաբերական նշանակություն է ձեռք բերել: Պրուսիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորը Վոլտերին հղած նամակում գրել է. «Je ne suis pas encore dans une assiette tranquille» («Ես դեռ չեմ կարողանում խաղաղվել»):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
362 | 0
09:44, 13.04.2024
439 | 0
11:39, 08.04.2024
421 | 0
09:16, 06.04.2024
370 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
դեպի վեր