ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մարդու նկատմամբ սպառողական վերաբերմունքի դարձվածք-խորհրդանիշը. «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»
18:18, 06.12.2018
5685 | 0

Գրեթե բոլորն այս արտահայտությունը վերագրում են Շեքսպիրի հանրահայտ հերոսին՝ խանդից կուրացած Օթելլոյին, որն սպանում է իր կնոջը՝ Դեզդեմոնային (ուրիշ ո՞վ կարող էր այդ խոսքն ասել, եթե ոչ բոլոր մավրերից ամենահայտնին՝ Շեքսպիրի մավրը): Բայց Շեքսպիրի Օթելլոն ամենևին լպիրշ չի եղել, և հաստատ կզայրանար, եթե իմանար, որ հետխորհրդային երկրներում շատ շատերի մտքով անցել է, որ ինքը կարող էր այդպիսի խոսք արտաբերել իր սիրելի կնոջը սեփական ձեռքերով սպանելուց հետո:

Մինչդեռ, այս նախադասության հեղինակը գերմանացի գրող Յոհան Ֆրիդրիխ Շիլլերն (1759 - 1805) է, ավելի ճշգրիտ՝ «Ֆիեսկիի դավադրությունը Ջենովայում» ողբերգության հերոսներից մեկը՝ մավրը: Ահա այս մավրը կոմս Ֆիեսկիին օգնում է կազմակերպել հանրապետականների խռովությունը Ջենովայի դոժ Դորիայի դեմ, որից հետո նրանից, շնորհակալության փոխարեն, երես են դարձնում, դուրս են նետում պալատական միջավայրից: Եվ ողբերգության այս հերոսը, տեսնելով, որ ինքն այլևս հարկավոր չէ դավադիրներին, որ նրանք սեփական նպատակներին հասնելու սոսկ գործիք են դարձրել իրեն, դառնությամբ ասում է.

«Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Ի սկզբանե եվրոպացիները «մավր» են անվանել Պիրենեյան թերակղզու բոլոր մահմեդականներին, իսկ երբ Հյուսիսային Աֆրիկայում հայտնվել են արաբերեն խոսող և իսլամ դավանող սևամորթները, նրանց նույնպես սկսել են «մավր» անվանել: Վերոհիշյալ դարձվածքում, ամենայն հավանականությամբ, նկատի է առնված սևամորթ մավրը, մանավանդ, եթե նկատի առնենք, որ Շեքսպիրի մավրը՝ Օթելլոն, նույնպես սևամորթ է:

Հարկ է նշել, որ, որ թարգմանված այս դարձվածքի պատմությունը եզակի է: Եզակի է այն առումով, որ ո՛չ անգլերենում, ո՛չ գերմաներենում այն թևավոր խոսք չի դարձել: Այն մեջբերվել է միայն ու միայն Շիլլերի մասին խոսելիս կամ գրելիս ու որևէ ենթատեքս չի ունեցել, բայց երբ ռուսերենի է թարգմանվել, մեծ տարածում է գտել ռուսական հասարակության բոլոր շերտերում: Դարձվածքն հնչում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում ընդգծել հանձնարարությունը կատարող որևէ մեկի նկատմամբ վերաբերմունքի լպիրշությունը, ցինիզմը:

Ռուսական ժողովրդական դարձվածքաբանությունում Շիլլերի այդ դարձվածքը ոչ միայն խորն արմատներ է գցել, այլև ճյուղեր է արձակել: Օրինակ՝ այսօր էլ ռուսները պատեհ առիթի դեպքում ասում են.

«Իր գործը չարած մավրը մավր չէ»,

«Գործդ արե՞լ ես, մավր»,

«Գործդ արել ես, մավրի պես ազատ ես»:

Քաղաքական ենթատեքստում «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» -ը պաշտոնատարին այլաբանորեն արված առաջարկություն է հրաժարականի դիմում գրելու մասին:

Նկարում` Շիլլերի ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը` ջենովացի քաղաքական գործիչ Ջիովանի Լուիչի Ֆիեսկին (1522 - 1547):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
302 | 0
09:44, 13.04.2024
415 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր