ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Եկել է օր ու գիշեր աշխատելու, և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը. Փաշինյան
14:31, 11.12.2018
1919 | 0

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության, արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը: Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ: Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարևորագույն նվաճումն է: Այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին: Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը: Առաջիկայում տեղի կունենա ԱԺ-ի, նրա մարմինների, նոր կառավարության ձևավորումը, և մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում», - ասաց նա: Փաշինյանը շնորհավորեց նաև խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին. «Ես ուզում եմ շնորհավորել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԱԺ այս ընտրություններում, և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը: Այս ընտրություններն ազգային միասնության ու համախմբման մի նոր առիթ պետք է դառնան»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիներին:



armdaily.am



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր