ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրը, տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարը
23:37, 12.12.2018
3623 | 0

Կուսակցության հիմնադրման փուլում շատ էին թերահավատ կարծիքները, սակայն մեզ գոտեպնդում էր այն համոզումը, որ Հայաստանին անհրաժեշտ է իրապես ազատական կուսակցություն, որի գործունեության առանցքն ու նպատակը քաղաքացին է՝ իր ազատություններով ու իրավունքներով։

Երեք տարի անց կարող եմ վստահաբար ասել, որ Լուսավոր Հայաստանը մեր երկրի ամենից երիտասարդ, հաջողակ, հեռանկարային քաղաքական ուժերից մեկն է՝ պայքարի մեծ եռանդով, նորանոր գաղափարներով և վստահելի գործընկերներով:

Նոր հայաստանը հնարավոր դարձավ նաև «Լուսավոր Հայաստանի» գործուն մասնակցության շնորհիվ։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքը դարձավ փոփոխությունների խորհրդանիշը ու իր քաղաքական բազմազանությամբ հանգեցրեց որակապես նոր իրավիճակի ստեղծմանը, որի տրամաբանական ավարտը դարձավ թավշյա հեղափոխությունը։

Խարսխված լինելով լուսավորական գաղափարների, ազատության և մարդու իրավունքների սկզբունքների, ժողովրդավարական արժեքների վրա՝ մենք բռնել ենք դժվարին, բայց պատվաբեր մի ճանապարհ, որի վերջնական հանգրվանը պետք է լինի արժանապատիվ, բարակեցիկ և լուսավոր Հայաստանի ստեղծումը, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ, ոչ թե գործիք է ոմանց ձեռքին՝ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու համար, այլ բացարձակ արժեք:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարնական ընտրություններում հասարակությունն ըստ արժանվույն գնահատեց մեր կուսակցության եռամյա գործունեությունը։ «Լուսավոր Հայաստանն» այսօր խորհրդարանական երրոդ ուժն է, որը մեծ պատասխանատվություն է ստանձնել որպես ընդդիմադիր ուժ հակակշռելու ու փոխզսպելու նոր ձևավորված քաղաքական մեծամասնությանը։

Վստահաբար կարելի է պնդել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միակ քաղաքակրթական այլընտրանքն է թե գործող իշխանությանը և թե հին, քրեաօլիգարխիկ համակարգին։

Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում անսպառ եռանդ ու կամք՝ միասնաբար պայքարելու մեր նպատակների և արժեքների հաղթանակի համար, որը հաղթանակն է՝ Հայաստանի Հանրապետության:

Էդմոն Մարուքյան




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր