ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պարոն Փաշինյանը չի՞ տեսնում սա
16:37, 20.12.2018
3395 | 2

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Պարո՛ն վարչապետ,
Որոշեցի գրել Ձեզ` ոչինչ չակնկալելով, և միայն տեղեկացնել ճշմարտությունը:
Ես, ամուսինս և չորս տարեկան տղաս գտնվում էինք այն նույն մեքենայի մեջ, որի վրա գազանաբար հարձակվեց այդ հարբած, գազազած ամբոխը՝ քահանաների գլխավորությամբ:
Նախ ասեմ, որ մենք Մայր Աթոռի տարածք չենք ներխուժել, քանի որ այդ գլխավոր փողոցը չի պատկանում Մայր Աթոռին: Ավտոերթով պիտի անցնեինք Էջմիածին քաղաքով և իրազեկեինք մեր անտարբեր ժողովրդին սրբությունից հեռացած, անաստված կաթողիկոսի գործունեության մասին: Նրա անձի նկատմամբ ոչ մի տեսակ բռնություն չէր կարող լինել:
Մեր խմբի անդամները եկեղեցասեր, բարեպաշտ քրիստոնյաներ են: Մենք նույնիսկ մեզ վրա կատարված այդ անմարդկային բռնությանը չհակազդեցինք, այլ միայն աղոթում էինք: Այն, ինչ տարածում են լրատվամիջոցները, խեղաթյուրված է: Անհասկանալի մի բան է կատարվում: Այնտեղ փոխադարձ հրմշտոց տեղի չի ունեցել, սակայն ներկայացվում է այդպես: Քարերով, ձվերով, գոմաղբի շշերով զինված այդ մարդիկ կատաղած հարձակվում ու հարվածում էին մեր տղաներին, նույնիսկ աղջիկներին, որոնք փորձում էին հեռախոսներով նկարել: Անխնա խփում էին մեքենաներին, ջարդում ամեն ինչ:
Ասեմ, որ ոստիկաններից չէին էլ վախենում. պարզ է, որ նրանց հատուկ ուղղորդել ու ոգևորել էին: Ես ինձ համար չէի վախենում, որովհետև ես պայքարում եմ մեր հոգևոր կյանքում արժեքների հաստատման և պահպանման համար: Միայն վախեցել էի իմ փոքրիկի անվտանգության համար:
Մեր երկրում, ես իսկապես զգում եմ, որ իրավիճակ է փոխվել, սակայն, պարո՛ն վարչապետ, համոզված եղեք, որ Էջմիածին քաղաքում ոչինչ չի փոխվել: Այնտեղ տիրում է վախի և անհանդուրժողականության մթնոլորտը: Ամենաթողություն է:
Պարո՛ն վարչապետ, մեր ոստիկանական համակարգը կոռումպացված է և փտած: Միայն պիտի ականատես լինեիք, թե ինչպե՛ս ոստիկանները, մեզ կանգնեցնելով, միտումնավոր թողեցին, որ մեզ ջարդեն: Հետո նրանցից ոմանք, որոնք զգացին իրավիճակի պայթյունավտանգությունը, փորձեցին մեզ պաշտպանել և մի կերպ փրկեցին մեր կյանքը: Ամոթ է, բայց փաստ: Մենք դատապարտված ենք: Մենք չունենք կաթողիկոս: Մենք մեր երկրում անպաշտպան ենք:
Ու եթե այս ամենի վրա աչք փակվի, կգա ժամանակը, երբ մեր եկեղեցին, որ գոյատևել է 1700-ից ավելի տարիներ, այս Գարեգինի բանդայի պատճառով կդառնա անպիտան մի ինստիտուտ: Ցավալի է, բայց դա է ճշմարտությունը, որը ոչ ոք չի ուզում տեսնել: Նրանք իրենց վարքով ժողովրդի մի մեծ զանգվածի հեռացրին եկեղեցուց և հիմա փորձում են մեզ մեղադրել այդ նույն մեղքի մեջ:
Ինչևէ, ես փորձեցի Ձեզ տեղյակ պահել և վերջ: Բայց հույս ունեմ, հարգելի՛ պարոն վարչապետ, որ Ձեր շնորհիվ մեր ժողովրդի իրականացրած հեղափոխության շունչը կհասնի նաև Մայր Աթոռ, այլապես մեր բոլոր ձեռքբերումները կդառնան անիմաստ՝ առանց հոգևոր արժեքների վերականգնման: Ձեր որոշելիքն է՝ դատապարտել, թե ոչ: Բայց ես և իմ ընտանիքը կպայքարենք այս չարիքի դեմ մինչև վերջ:


Հարգանքներով՝
Արփինե Եղիազարյան

18. 12. 2018

Միջադեպ և ծեծկռտուք Մայր Աթոռում սադրիչների և ցուցարարների միջև (13.07.2018)
Միջադեպ և ծեծկռտուք Էջմիածնում սադրիչների և ցուցարարների միջև (15.12.2018)
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր