ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դու քար ես, քանի որ մարմին ես»
20:29, 22.12.2018
4525 | 0

Ստոիկյան փիլիսոփայական դպրոցի երկրորդ հիմնադիր համարվող Քրիսիպոս Տարսոնցին (մ.թ.ա. 281/278 – 208/205 թթ.) ամբողջացրել է վերոնշյալ ուսմունքը: Նրա մահվան մասին երկու վարկած կա: Առաջինի համաձայն` երբ Քրիսիպոսն ուսուցանելիս է եղել, աշակերտներից մեկը նրան զոհաբերական խնջույքի է հրավիրել, որի ընթացքում նա անապակ գինի է խմել, գլուխը պտտվել է, իսկ հինգ օր այց հոգին ավանդել է: Երկրորդ վարկածի համաձայն` նա ծիծաղի նոպայից է մահացել. Տեսնելով, թե էշն ինչպես է իր թուզն ուտում, նա կանչում է իր պառավ կնոջը` հանձնարարելով էշին անապակ գինի տալ, որ կոկորդը մաքրի, հետո անզուսպ ծիծաղով է բռնվում ու մահանում է:

Ահա, , հին հույների աստվածների հայրը կարգադրում է նրան վաճառքի հանել:


Զևս – Հերմե՛ս, կանչի՛ր տարսոնցի այն խուզված մռայլադեմին:

Հերմես – Ճի՛շտ ես ասում: Գնումներ կատարելու եկածներից շատերը, կարծես, հենց նրան հարթակ հանելուն են սպասում: Ամենակատարյա՛ կյանքն եմ վաճառում: Ո՞վ է ուզում ամեն ինչ իմանալ, ամենագետ լինել:

Գնորդ – Ի՞նչ առումով ես այդ ասում:

Հերմես – Այն առումով, որ միայն նա է իմաստուն, միայն նա է գեղեցկագույն, միայն նա է արդարամիտ, քաջ, միայն նա է թագավոր, միայն նա է դատվողներին պաշտպան, միայն նա է հարուստ, միայն նա է օրենսդիր ու այն ամենը, ինչ գոյություն ունի:

Գնորդ – Մի՞թե նա է միակ խոհարարը, միակ կոշկակարը, ատաղձագործը և մնացյալը:

Հերմես – Այո՛:

Գնորդ – Մո՛տ արի, թանկագի՛նս ու ինձ ասա, թե ինչպիսին ես և չե՞ս նեղսրտում, որ քեզ վաճառում են, որ դու ստրուկ ես:

Քրիսիպոս - Ամենևին: Չէ՞ որ դա մեզանից կախված չէ, իսկ այն, ինչը մեզանից կախված չէ, մեզ համար, ինչ խոսք, միևնույնն է»:

Գնորդ - Համա' թե հարմարվող քաջն է: Բայց ես չեմ հասկանում, թե ինչ իմաստ ես դնում ասածիդ մեջ:

Քրիսիպոս – Մի՞թե չես հասկանում, որ այսպիսի գործերում մի բան նախընտրելի է, մեկ ուրիշ բան՝ ո՛չ նախընտրելի:

Գնորդ – Հիմա էլ չեմ հասկանում:

Քրիսիպոս – Բնականաբա՛ր, ախը՛ր դու սովոր չես մեր անվանումներին և ընկալունակություն չունես: Իսկ նա, ով ջանադրաբար յուրացրել է տրամաբանական աշխարհայացքը, գիտե ոչ միայն դա, այլև այն, թե ինչ է «հիմնական հատկություն» -ը և «գերհիմնական հատկություն» -ը նաև գիտե, թե դրանք իրարից որքան են տարբերվում:

Գնորդ – Ի՛ սեր Իմաստության՝ մի՛ զլանա ասել ինձ, թե այդ ինչ բաներ են հիմնական և գերհիմնական հատկությունները: Նույնիսկ չեմ կարողանում նկարագրել, թե որքան եմ շշմած այդ անվանումների ռիթմից:

Քրիսիպոս – Թույլ տուր ասել, որ չեմ զլանում: Եթե կաղի կաղ ոտքը քարին է առնում, ու նա անսպասելիորեն վնասվում է, ապա նրա համար կաղությունը հիմնական հատկություն կլինի, իսկ ստացած վերքը՝ հիմնական հատկությունից վեր:

Գնորդ – Մտքի ինչպիսի՜ նրբանկատություն: Ուրի՞շ ինչ կասես:

Քրիսիպոս – Բառերի որոշակի միահյուսումով ես խճճում եմ ինձ մոտ եկածներին, փակում եմ նրանց բերաններն ու ստիպում եմ լռել՝ նրանց դնչկալ դնելով: Այդ ուժի անունը «սիլլոգիզմ է» (հետևաբանություն):

Գնորդ – Դու նույնիսկ ուժեղի՞ն ես խոսքերով շարքից հանում:

Քրիսիպոս – Հիմա տե՛ս. Դու երեխա ունե՞ս:

Գնորդ – Հետո՞ ինչ:

Քրիսիպոս – Ենթադրենք՝ նա գետի ափին խաղում է, ու նրան հափշտակում է կոկորդիլոսը: Կոկորդիլոսը խոստանում է վերադարձնել երեխային, եթե դու ճիշտ գուշակես, թե ինքն ինչ է մտածում երեխային վերադարձնելու վերաբերյալ: Կոկորդիլոսին ի՞նչ կասես:

Գնորդ – Հարցիդ դժվար է պատասխանել, չէ՞ որ չգիտեմ, թե սկզբում ինչ կասեմ երեխային ստանալու համար: Բայց դո՛ւ ասա ու փրկի՛ր երեխայիս, որպեսզի կոկորդիլոսը նրան չուտի:

Քրիսիպոս – Մի՛ վախեցիր: Ես քեզ նաև ուրիշ, ավելի հրաշալի բաներ կսովորեցնեմ:

Գնորդ – Հատկապես ի՞նչ:

Քրիսիպոս – Եթե ես քո կողքին մեկին նստեցնեմ, նրան ծածկոցով ծածկեմ ու հարցնեմ, թե գիտե՞ս արդյոք նրան, ի՞նչ կպատասխանես:

Գնորդ – Կասեմ, որ նրան չեմ ճանաչում:

Քրիսիպոս – Բայց այդ ծածկոցի տակ քո հայրն էր: Այդ իսկ պատճառով, եթե դու նրան չես ճանաչում, ապա քո հորը չես ճանաչում:

Գնորդ – Էդ չեղա'վ, չէ՞ որ ծածկոցը վերցնելուց հետո ես կիմանամ ճշմարտությունը: Բայց և այնպես, քեզ համար իմաստության վերջնական նպատակը ի՞նչն է, և ի՞նչ ես անելու, երբ հասնես առաքինության գագաթ:

Քրիսիպոս – Ես ձեռք կբերեմ բնության առաջին բարիքները: Խոսքս վերաբերում է հարստությանը, առողջությանն ու դրանց նման բաներին: Բայց ամենասկզբում պետք է հաղթահարել բազում նախնական դժվարություններ՝ տեսահորիզոնս ընդլայնելով կյանքի քննությունը թեթևակի բռնած գրքերով, հավաքելով ու գիտելիքներիս պաշարը լրացնելով անսովոր բառերով: Եվ, գլխավորը, թույլ չի տրված իմաստուն դառնալ, եթե մարդը երեք անգամ իրար հետևից ղանձլամեր (չեմերիցա) չի խմել:

Գնորդ – Այո՛, այդ ամենն ազնիվ է ու քաջարի տղամարդուն վայել, բայց և այնպես վաշխառուի համար (ես տեսնում եմ, որ դա քո որակներից մեկն է) վայե՞լ է ղանձլամեր խմելը:

Քրիսիպոս – Այո՛, որովհետև միայն իմաստունին է վայել տոկոսով փող տալը, որովհետև միայն նրան է տրված մտքով համրելու կարողությունը, տոկոսով փող տալն ու տոկոսները հաշվելը: Միայն այդ գիտությանը նախանձախնդիր միտքն է օժտված և՛ մեկով, և՛ մյուսով, և նա պետք է վերցնի ոչ միայն սովորական տոկոսները՝ ինչպես մյուս մարդիկ, այլև այդ տոկոսների տոկոսները: Մի՞թե դու չգիտես, որ գոյություն ունեն առաջին տոկոսներ, հետո՝ երկրորդ տոկոսներ, որոնք առաջինների յուրօրինակ սերունդներն են: Տե'ս, թե սիլլոգիզմն ինչ է ասում. «Եթե նա վերցնում է առաջին տոկոսները, ապա նշանակում է, կվերցնի նաև երկրորդ տոկոսները»:

Գնորդ – Մի՞թե նույնը կարելի է ասել նաև այն վարձատրության մասին, որ դու վերցնում ես երիտասարդներին ուսուցանելու համար, և մի՞թե միայն գիտության այդպիսի գնահարտողն իրավունք ունի առաքինություն ուսուցանելու համար վարձ առնել:

Քրիսիպոս – Դու սկսում ես հասկանալ: Ես ոչ թե հանուն ինձ եմ փող վերցնում, այլ՝ հանուն տվողների: Քանի որ երկուսից մեկը միշտ ծախսում է, իսկ մյուսն ընդունում է փողը, ապա ես ինձ փող վերցնելուն եմ սովորեցնում, իսկ աշակերտին՝ փող ծախսելուն:

Գնորդ – Մինչդեռ պիտի հակառակը լիներ, որպեսզի երիտասարդը փող հավաքեր, իսկ դու, որպես միակ հարուստ, այն ծախսեիր:

Քրիսիպոս – Դու կատակում ես, անուշի՛կս: Տե'ս հանկարծ անապացուցելի սիլլոգիզմի նետով քեզ չխոցեմ:

Գնորդ – Այդ զենքի մեջ ի՞նչ սարսափելի բան կա:

Քրիսիպոս – Անելանելի դրություն, պապանձում և մտքերի լիակատար աղճատում: Իսկ ամենագլխավորն այն է, որ եթե ուզենամ, քեզ քար կդարձնեմ:

Գնորդ - Այդ ինչպե՞ս: Կարծես թե դու Մեդուզայի գլխի զորությամբ մարդուն քարի վերածող Պերսևսը չես:

Քրիսիպոս - Ասա', քարը մարմի՞ն է:

Գնորդ - Այո':

Քրիսիպոս – Իսկ դու շնչավո՞ր ես:

Գնորդ – Կարծեմ այդպես է:

Քրիսիպոս - Կնշանակի` դու քար ես, քանի որ մարմին ես:

Գնորդ - Փշաքաղվում եմ: Ինձ նորից մարդ դարձրու, խնդրում եմ:

Քրիսիպոս – Դա դժվար չէ: Ասա՛ ինձ՝ ցանկացած մարմի՞ն է շնչավոր:

Քրիսիպոս - Ո'չ:

Քրիսիպոս – Ուրեմն ասա՛, քարը շնչավո՞ր է:

Գնորդ – Ո՛չ:

Քրիսիպոս – Բայց դու մարմի՞ն ես:

Գնորդ – Այո՛:

Քրիսիպոս – Լինելով մարմին՝ դու շնչավո՞ր ես:

Գնորդ – Այո՛:

Քրիսիպոս – Կնշանակի՝ դու քար չես, քանի որ շնչավոր ես:

Գնորդ - Դու բարի բան արեցիր, որովհետև ազդրերս արդեն սառել ու փայտացել էին: Շնորհակալություն, որ ինձ չկործանեցիր, քեզ գնում եմ: Նրա համար որքա՞ն պիտի վճարեմ:

Հերմես – Տասներկու մին:

Գնորդ – Ստացի՛ր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
434 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
դեպի վեր