Զևս – Ժամանակ մի' վատնիր, կանչի՛ր մյուսին՝ ճեմականի'ն (Արիստոտելի հետևորդ): Հերմես – Գնե՛ք ամենախելահասին, ամենաբանիմացին, ամենագործիմացին, որը կարողանում է ամեն ինչ միատեսակ լավ անել: Գնորդ – Այդ ո՞վ է, ինչացո՞ւ է: Հերմես – Չափված-ձևված, արդարամիտ, իր կենսաձևում հավասարակշռված և որ ամենակարևորն է՝ երկակի մարդ է: Գնորդ – Այդ ինչպե՞ս: Հերմես – Արտաքուստ մի տեսակի է, իսկ ներքուստ ուրիշ է: Գնորդ - Իսկ նա ի՞նչ գիտե: Հերմես – Նա գիտե, որ բարու երեք տեսակ կա՝ հոգում, մարմնում և արտաքին բնության մեջ: Գնորդ – Նա մարդավարի է մտածում: Ի՞նչ արժե: Հերմես – Քսան մին: Գնորդ – Շատ է թանկ: Հերմես – Թա՛նկ չէ: Տարօրինակ մարդ ես: Նա նաև որոշ գումար ունի, այնպես որ, գնելով նրան, ոչինչ չես կորցնում: Բացի այդ, դու նրանից անմիջապես կիմանաս, թե որքան է ապրում մոծակը, արևը ծովն ինչ խորությամբ է լուսավորում և ինչպիսին է ոստրեի հոգին: Գնորդ – Ա՜յ քեզ զարմանք: Հերմես – Իսկ ի՞նչ ես ասելու, եթե իմանաս սերմի, բեղմնավորման և այն մասին, թե ինչպես է սաղմը ձևավորվում արգանդում, և որ մարդը ծիծաղող կենդանի է, իսկ էշը` ո'չ, և որ էշը տուն ու նավ չի կարող կառուցել: Գնորդ – Դու շատ անհրաժեշտ և օգտակար բաներ թվարկեցիր, որոնք կարող եմ նրանից սովորել, այդ իսկ պատճառով 20 մինը տալիս եմ: Հերմես – Թող այդպես լինի: Զևս - Էլ ո՞վ մնաց: Հերմես – Ա՛յս սկեպտիկը: Ե'կ, շիկակարմի՛ր (ակնարկում է փիլիսոփա Պիրհոնին), գուցե որևէ մեկն էլ սրան գնի: Գնորդ – Ե՛ս կգնեմ: Բայց ասա' ինձ, ի՞ն չ կարող ես անել: Փիլիսոփա - Ոչի'նչ: Գնորդ – Ի՞նչ իմաստով ես դա ասում: Փիլիսոփա - Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչին չկա: Գնորդ – Կնշանակի՝ մեզանի ոչ մեկը գոյություն չունի՞: Փիլիսոփա – Դա՛ էլ չգիտեմ: Գնորդ – Իսկ ինչի՞ համար է ձեռքիդ կշեռքը: Փիլիսոփա – Սրանով եզրահանգումներն եմ կշռում, և եթե տեսնում եմ, որ դրանք միևնույն քաշին են, այդժամ չեմ հասկանում, թե դրանցից որն է ճշմարտությանը մոտ: Գնորդ – Իսկ դու ուրիշ ի՞նչ կկարողանաս անել: Փիլիսոփա – Ամեն ինչ՝ բացի մի բանից. փախած ստրուկին չեմ կարողանա հետապնդել: Գնորդ – Իսկ ինչո՞ւ չես կարողանա: Փիլիսոփա – Որովհետև ես նրան չեմ բռնի: Գնորդ – Ըստ էության՝ դու ինձ ծույլ ու դանդալոշ ես թվում: Բայց ի՞նչն է քո իմացության նպատակը: Փիլիսոփա – Անգիտությունը և լսելու ու տեսնելու անհնարինությունը: Գնորդ – Կնշանակի՝ դու կույր ես ու խուլ: Փիլիսոփա – Բացի այդ ես զրկված եմ զանազանելու և ընկալելու ունակությունից և, ընդհանուր առմամբ, ես որդից ոչնչով չեմ տարբերվում: Գնորդ – Հե՛նց դրա համար արժե քեզ գնել: Ասում ես՝ նա որքան արժե՞: Հերմես – Ատտիկական մեկ մին: Գնորդ – Ստացի՛ր: Հիմա ի՞նչ կասես, անուշի՛կս, գնեցի՞ քեզ: Փիլիսոփա – Հայտնի չէ: Գնորդ – Այդ ինչպե՞ս, չէ՞ որ ես քեզ գնեցի ու պահանջված գումարը վճարեցի: Փիլիսոփա – Առայժմ ձեռնպահ եմ մնում վերջնական կարծիք հայտնելուց ու դեռ մտորում եմ այդ հարցի շուրջ: Գնորդ – Ուրեմն, հետևի՛ր ինձ՝ որպես իմ ստրուկ: Փիլիսոփա – Ո՞վ գիտի՝ արդյո՞ք ճշմարիտն ես ասում: Գնորդ – Ազդարարողը, տվածս փողը և ներկաները: Փիլիսոփա - Մի՞թե այստեղ որևէ մեկը կա: Փիլիսոփա – Կասկածի՛ր: Գնորդ – Զևսո՛վ եմ երդվում, ախը՛ր ասացի: Հերմես - Բավակա'ն է հակաճառես ու քեզ գնողին հետևիր, իսկ նրանք, ովքեր ոչինչ չգնեցին, վաղն առավոտյան եկեք: Այսօր մենք էժան գնով փիլիսոփաներին վաճառեցինք, իսկ վաղն առևտրականներին ու արհեստավորներին կվաճառենք: Նկարում՝ Փոթորիկ է, բայց Պիրհոնը հանգիստ նստած է: |