ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եթե եկեղեցին մաքուր լիներ, ինչպես Վազգեն Առաջին կաթողիկոսի օրոք, նման զարգացումները տեղի չէին ունենա». քահանա
23:13, 13.01.2019
6842 | 0

1999 թ. Հոկտեմբերի 27-ին, երբ կատարվեց այդ ոճրագործությունը, Էջմիածնում կաթողիկոսի ընտրություններ էին ընթանում: Կան տեսաժապավեններ, փաստեր, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին մի թուղթ են փոխանցում և տեղեկացնում, որ չճշտված լուրեր կան, որ երկրի խորհրդարանում ոճրագործություն է տեղի ունեցել: Ինքը դա շատ հանգիստ է ընդունում՝ ասելով, որ չստուգված լուր է, սակայն արդեն մի քանի րոպե անց հոգեհանգստի աղոթք է կատարում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ իրենք նախապես իմացել են այս ոճրագործության մասին և հայտարարել միայն նրա կաթողիկոս ընտրվելուց հետո: Նորմալ պարագայում ինքը պետք է կասեցներ ընտրությունը, գնար Ազգային ժողով և բանակցություններ վարեր հանցագործների հետ: Մեկ օր կամ մեկ ամիս ուշ կլիներ ընտրությունը, եկեղեցին դրանից չէր քայքայվի, ոչինչ տեղի չէր ունենա: Այդքան շտա՞պ էր պետք այս ապօրինի ընտրությունը:

Ինչ վերաբերում է Մարտի մեկին, ապա դա ևս կարող էր և կանխվել, այդ սպանությունները կարող էին և չլինել: Եթե մենք ունենայինք նորմալ հովվապետ, ապա նա փետրվարի 26-ին պետք է գնար և միանար ժողովրդին և հաղթող նախագահի կողքին կանգներ: Եթե նա լիներ ազգընտիր կաթողիկոս, նա նաև թույլ չէր տա, որ ընտրությունները կեղծվեն, մասնակից չէր լինի դրան: Կարծում եմ, որ այն դեպքում, երբ կաթողիկոսը լիներ հրապարակում, իշխանությունը կվախենար գնալ նման քայլի և Մարտի 1-ը կկանխվեր: Սա հնարավոր կլիներ այն դեպքում, եթե նա լիներ իրական կաթողիկոս, հեղինակություն, ինչպես, օրինակ, Վազգեն Առաջինը:

Հովվապետը և եկեղեցին պետք է չեզոք դիրքում մնան, սակայն միշտ լինեն իրենց ժողովրդի կողքին, այսինքն հասարակական, հանրային կյանքից եկեղեցին չպետք է դուրս մնա, ինչպես ասում են՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»: Երկրում տիրող վիճակի մեջ մենք տեսնում ենք նաև եկեղեցու և մասնավորապես դրա «առաջնորդի» մեղավորությունը: Սակայն, այստեղ պետք չէ միայն մեկ մեղավոր փնտրել, ես տեղը ցույց եմ տալիս, որտեղ է գլխավոր մեղավորը: Մենք շեշտադրում ենք նրա վրա, որ իշխանափոխություն տեղի ունենա, երկրում կարգ ու կանոն հաստատվի, օրինականություն հաստատվի, բայց մոռանում ենք, որ եկեղեցին պետք է մաքրվի: Սկզբից պետք է դա արվի, որովհետև չար ոգին փչում է այնտեղից:
Եկեղեցին մշտապես եղել է ազդեցիկ լծակ ժողովրդի վրա, և եթե եկեղեցին առողջ չի, պարում է իշխանության դուդուկի տակ, բնականաբար պետք է աստվածացնի իշխանավորներին, որոնք այս ժողովրդին կողոպտում են, հափշտակում, երկիրը թալանում են: Եթե եկեղեցին մաքուր լիներ, ինչպես Վազգեն Առաջին, Գարեգեին Առաջին կաթողիկոսների օրոք, նման զարգացումները տեղի չէին ունենա:
Եթե դուք տեսնեք, թե այսօր ովքեր են եկեղեցականներ, լեզուս չի պտտվում նրանց եպիսկոպոս կամ սրբազան կոչել: Իր սերնդակիցների մի մասը մահացան, մյուսը մասը հեռացան եկեղեցուց: Այժմ մնացել են երիտասարդները՝ իր ուզած կադրերը, իր «զինվորները»:

Այն գումարները, որ տալիս են մեծահարուստները, բարերարները, մեկ հատ հաշվետվություն, հաշվապահություն գոյություն չունի: Եկեղեցիների շինարարության մեջ կա նաև գումարների լվացման հարց: Գարեգին Բ-ի բոլոր ազգականները ընդգրկված են շինարարության գործընթացի մեջ: Ձեր կարծիքով նպատակը նոր եկեղեցիներ կառուցե՞լն է: Այսօր խոնարհվում են պատմական և հոգևոր արժեք ունեցող եկեղեցիները: Դրանք պահպանելու փոխարեն նորերն են կառուցում՝ անճաշակ, ակուստիկայի կանոնները խախտած: Օրինակ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ավելի շատ ստադիոնի դաշտի կամ կինոթատրոնի է նման, բայց ոչ եկեղեցու: Պատարագին մարդիկ չկան, քանի որ մոմը վառելու հատվածը առանձին է եկեղեցուց, մոմ են վառում և հեռանում: Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները: Այս ամբողջ տարիների ընթացքում եղան սկանդալային, մերկացնող բացահայտումներ, երկու պատրիարքների կողմից ընդհանուր առմամբ երեք աղմկահարույց նամակներ եղան:

Այս եկեղեցին երևի ավելի վատ բաներ է անում, քան պետությունը: Եթե Մարտի 1-ին տասը հոգու ֆիզիկապես սպանեցին, ապա հարյուրավոր մարդկանց սպանում է հոգեպես: Հոգևորականների ջարդ կազմակերպեց: Արտագաղթի չափերը ահագնանում են, ժողովուրդը վերջը ո՞ւր է գնալու: Երկիրը դատարկվում է: Թուրքերի և ադրբեջանցիների համար են պատրաստում երկիրը, որ առանց պատերազմի վերցնեն: Սրանք ներսի թշնամիներ են, որոնք ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամին:

Ստեղծված իրավիճակում ելքը միակն է: Ամեն մարդ պետք է պայքարի իր ազատության և իրավունքի համար, և եթե քրիստոնյա է, նաև աղոթքով: Պետք է ձեռքերը ծալած չնստեն: Առանց պայքարի որևէ բան չի լինում: Անգամ պատերազմների ժամանակ քրիստոնյաները, զենքերը ձեռքին, հավատքով գնացել են և պաշտպանել հայրենիքը: Այսօր նույն վիճակն է: Եկեղեցին որպես հոգևոր հաստատություն արժեզրկվել է: Հավելեմ, որ այս երկու ոճրագործություններից տեղյակ են և՛ նախկին իշխանությունները, և՛ եկեղեցու վարչախումբը, որոնք իրար թև ու թիկունք են լինում և պարտակում հանցագործությունները:

Սահակ քահանա Գալստյան

Armenian Government Appoints Catholicoi
ՀՀ կառավարությունը կաթողիկոսներ է նշանակում
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր