ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գագիկ Ծառուկյանի ողբերգությունը. վերջին մենամարտը հեռացումից առաջ
10:30, 15.01.2019
4509 | 0

«Բաբայան էդիկին ես չեմ բերել ԱԺ, ժողովուրդն է բերել», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով մինչև վերջին ամիսները երկար տարիներ իր անվտանգության ծառայությունը ղեկավարած Էդուարդ Բաբայանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին հարցին։ Որո՞նք են միայն որպես Ծառուկյանի թիկնապահ հանրությանը հայտնի Բաբայանին խորհրդարան բերելու ԲՀԿ նախագայի իրական մոտիվները, դժվար է միանշանակ կռահել։ Բայց այդ փաստը նշանային ու ինչ-որ իմաստով խորհրդանշական է. Ազգային ժողով է գնում մարդ, որը տարիներ, գուցե տասնյակ տարիներ առաջին հերթին ֆիզիկապես, բայց ոչ միայն ֆիզիկապես, պաշտպանել է Գագիկ Ծառուկյանին։


Եվ ուրեմն, արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը հանրությանը ներկայացել ու ներկայանում է որպես հզոր (բնորոշումն իրենն է), ամենակարող անձ, պաշտպանության կարիք ունի՝ այն էլ խորհրդարանում։ Հարցը բնականաբար պետք չէ ընկալել ուղիղ իմաստով։ Եվ այդ՝ ոչ ուղիղ իմաստով հարցին պատասխանելիս դժվար է դրական պատասխան չտալը։ Այո՝ ֆիզիկապես ու ֆինանսական կարողություններով գերհզոր, իր սիրած կենդանիներից առյուծի հետ խորհրդանշական իմաստով նույնացվող Գագիկ Ծառուկյանը նոր Հայաստանում բավական խոցելի է ու թույլ՝ քաղաքական հարթությունում։ Եթե, իհարկե, հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ ազնիվ է իր հռչակումներում, նպատակադրումներում ու խոստումներում։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նոր Հայաստանում չպետք է լինեն օլիգարխներ, ու բիզնեսը պետք է տարանջատված լինի իշխանությունից։ Հայտարարել է՝ ինքն իր համար որոշելով, որ Հայաստանում արդեն օլիգարխներ չկան, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ սեփականատեր է (կարծես՝ մյուս օլիգարխներն ընչազուրկ են) ։ Սա, թերևս, նոր ու հին Հայաստանի բազմաթիվ կոմպրոմիսներից մեկն է, որ տեղի է ունեցել Փաշինյան-Ծառուկյան հարաբերությունների տիրույթում։ Կոմպրոմիս, որի արդյունքում Գագիկ Ծառուկյանը հնարավորություն է ստացել մասնակցելու ընթացիկ քաղաքական շրջափուլի գործընթացներին՝ ի դեմս դեկտեմբերի 9-ի ընտրության։

Կոմպրոմիսը երկու կողմերի զիջում ենթադրող կատեգորիա է, և եթե հայտնի է, թե ինչ է զիջել իշխանությունը Ծառուկյանին (ընտրական ցիկլին մասնակցելու հնարավորություն), տակավին անհայտ է, թե ինչ է վերջինս դրա դիմաց զիջել իշխանությանը՝ համակարգային և անձնական հարթությունում։

Այսպիսով, այս՝ առավելապես անտեսանելի ու անտեղեկույթ գործընթացների արդյունքում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» դարձել է խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը։ Կրկին։ Ի՞նչ է անելու առաջիկա հինգ տարիներին սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, և ի՞նչ է անելու առաջիկա հինգ տարիներին խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Դժվար է ասել։ Հասկանալի է միայն, որ առաջինի գործողությունները հակընդդեմ են լինելու երկրորդի քայլերին։ Մինչդեռ նախկինում՝ հին Հայաստանում դրանք ոչ միայն համադրվում էին, այլ հենց այդ համադրության շնորհիվ էր ԲՀԿ-ն ստանձնում այս կամ այն քաղաքական գործառույթը ու պահպանում իր տեղը քաղաքական համակարգում։ Հիմա չկա նախորդ համակարգը, բայց կա ԲՀԿ-ն՝ նախորդ ԲՀԿ-ն, ոչնչով չփոխված ԲՀԿ-ն։ Եվ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը շիտակ ու ազնիվ է բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու իր խոստումներում, ապա սա անձնապես Գագիկ Ծառուկյանի, մեծ հավանականությամբ նաև ԲՀԿ-ի վերջին ներկայությունն է Ազգային ժողովում։ Հակառակի համար կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իր հայեցակարգային խոստումից, կամ Գագիկ Ծառուկյանը պետք է հրաժարվի իր կապիտալից։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը գոնե այս պահին անհավանական են թվում։

Հետևաբար` առաջիկա հինգ տարիները Գագիկ Ծառուկյանի համար լինելու են 2023 թվականից հետո Հայաստանում իր ունեցած դիրքերի պահպանման ուղիների փնտրտուքի տարիներ։ Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար կամ փաշինյանական լեզվով՝ սեփականատեր է դարձել քոչարյանական ու սարգսյանական ռեժիմների պայմաններում, խաղացել է այդ ռեժիմների սահմանած ու թելադրած կանոններով, որոնք մեծամասնությամբ եղել են հակասահմանադրական ու հակօրինական, «օբշչագային» կանոններ։ Հիմա չկան նախկին ռեժիմները։ Չկան նախկին կանոնները։ Ենթադրաբար չկա նաև «օբշչյագը» ։ Խնդիրն այն է, սակայն, որ կապիտալի այն ծավալն ու տնտեսության մեջ դիվերսիֆիկացիայի այն մակարդակը, որն ունի Գագիկ Ծառուկյանը հայկական իրականության մեջ, անգամ նոր իրականության մեջ հնարավոր չէ պահպանել ու զարգացնել առանց ստվերային ինչ-ինչ պայմանավորվածությունների կամ երաշխիքների։

Ահա, առաջիկա հինգ տարիները լինելու են նման երաշխիքների որոնման տարիներ։ Գագիկ Ծառուկյանին անհրաժեշտ է լինելու երաշխիքների համակարգ առ այն, որ քաղաքականությունից իր հեռացման դեպքում իր բիզնեսը Հայաստանի տնտեսական կյանքում պահպանելու է ունեցած դերը՝ առանց «առաջին միլիոնի» մասին հարցադրման կամ հետաքննության։ Այդ իմաստով, առաջիկա հինգ տարիները Գագիկ Ծառուկյանի համար լինելու են կա՛մ իշխանությանն ամբողջովին հնազանդվելու, կա՛մ իշխանության հետ մենամարտի տարիներ։ Երկու դեպքում էլ Էդուարդ Բաբայանի ներկայությունը անհրաժեշտ է լինելու Գագիկ Ծառուկյանին։

Հ. Գ. Շատ տարիներ առաջ (այնքան շատ, որ անգամ համացանցում հնարավոր չէ գտնել տարեթիվը) Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն և ծեծի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Սա ի միջի այլոց։ Սոսկ որպես տեղեկատվություն՝ խորհրդարանի մեծությամբ առաջին և երկրորդ կուսակցությունների ղեկավարների հարաբերությունների գենեզիսի վերաբերյալ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր