ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հետաքրքիր մանրամասներ հունվար ամսվա ու դրա անվանադիր Յանուս աստծու մասին (նախորդի շարունակությունը)
16:25, 16.01.2019
4370 | 0

Որպեսզի դպրոցականը կարողանա լավ պատկերացնել Յանուսի դերը հին հռոմեացիների օրացույցում, 1859 թվականին ֆրանսիական մանկական ամսագրերից մեկը հետևյալ երևակայական զրույցն է տպագրել:


Աշակերտ – Օ՜ երկու դեմք ունեցող միակ անձնավորություն, որի մի դեմքը զվարթ է, իսկ մյուսը՝ տխուր, որի մի աչքն արտասվում է, իսկ մյուսը՝ ժպտում: Խնդրում եմ ասեք ձեր անունը:

Յանուս – Իմ անունը Յանուս է:

Աշակերտ – Անպարկեշտություն չե՞ք համարի, եթե խնդրեմ ձեր պատմությունը:

Յանուս – Ամենևի՛ն: Ասում են՝ ես եղել եմ Իտալիայի տարածքի ամենահին թագավորը: Իմ ծագման ու ծննդավայրի մասին տարբեր առասպելներ կան: Դրանց մի մասն Ապոլոնին է համարում իմ հայրն ու պնդում, թե ես Թեսալիայում եմ ծնվել: Այլ առասպելներ էլ ցանկացել են, որ ես լինեմ Երկնքի և Հեկատեի որդին ու Աթենքում ծնվեմ: Այդ առասպելների հեղինակները նաև հավելել են, թե ես Իտալիա եմ եկել գաղթականների մի մեծ խմբի հետ, որ Տիբրոս գետի ափին մի փոքրիկ գյուղ եմ կառուցել ու այդ գյուղի անունը «Յանուալ» եմ դրել: Իր որդի Յուպիտերի կողմից երկնքից վտարված Սատուրնը՝ ցանքսերի աստվածը, եկել է Լատիում ու ինձնից իշխանություն է ստացել: Մահվանիցս հետո ինձ աստվածների շարքն են դասել ու ընծայաբերել են արմավ, թուզ և մեղր: Ինչպես տեսնում եք, ինձ միշտ քաղցր բաներ են նվիրել:

Կրոնական արարողությունների ժամանակ հռոմեացիներն առաջինն իմ անունն են արտասանել, որովհետև ես եմ բացել կամ փակել դռները ու նաև այն պատճառով, որ իմ միջնորդությամբ են մահկանացուների խնդրանքներն հասել անմահներին: Ինձ նաև պատկերել են մի ձեռքումս բանալի, իսկ մյուս ձեռքումս՝ փայտիկ բռնած:

Հաճախ իմ աջ ձեռքին 300 թիվն է գրվել, իսկ ձախ ձեռքին՝ 65 թիվը, որովհետև ես էի գլխավորում տարին, որի առաջին ամիսն իմ պատվին «Յանուարուս» էր անվանվել: Եթե դուք ուշադիր եք կարդացել ձեր գրողներին, ապա պետք է իմանաք, որ հռոմեացիները խաղաղության ժամանակ փակել են իմ տաճարների դռները, իսկ պատերազմի ժամանակ դրանք բացել են. պետք է խոստովանեմ, որ այս ժողովրդի պատերազմասեր բնույթի պատճառով իմ տաճարների դռներն ավելի հաճախ բաց են եղել:

Աշակերտ – Շնորհակալություն դասի համար, սենյոր Յանուս: Բայց, ասա ինձ, ինչի՞ համար են քո այդ երկու դեմքերը, որոնցից մեկն արևելք է նայում, մյուսը՝ արևմուտք:

Յանուս – Ոմանք ասում են, ես երկգլխանի եմ, որովհետև գիտեմ անցյալն ու ապագան, իսկ ուրիշներն էլ ասում են, թե պատճառն այն է, որ ես եմ գլխավորում տարվա առաջին օրը ու ես միաժամանակ տեսնում եմ նոր տարվա սկիզբն ու նախորդ տարվա ավարտը:

Աշակերտ – Սենյոր Յանուս, կուզենա՞ք մի քանի րոպե ինձ հետ զրուցել:

Յանուս – Սիրով, բայց իմ դեմքերից որի՞ մասին է ձեզ հաճո խոսել:

Աշակերտ – Աջ դեմքի մասին:

Յանուս – Այդ դեպքում՝ բարի երեկո, որովհետև երբ ես գնում եմ կամ գալիս եմ, իմ երկու դեմքերը մեկմեկու այդպես են ողջունում:

Աշակերտ – Ձեր աջ դեմքը մարդկանց ի՞նչ է ասում:

Յանուս – Նայելով աջակողմյան դեմքիս՝ մարդիկ պիտի մտածեն, թե աշխարհում չարիքը շատ է:

Աշակերտ – Իսկ ի՞նչ եք դուք լսում ձեր աջ ականջով:

Յանուս – Հիմարություններ ու մահախոսականններ, որոնց հանդեպ ես խուլ եմ:

Աշակերտ – Դուք ի՞նչ եք տեսնում:

Յանուս – Թեպետ կուրացել եմ, բայց տեսնում եմ չարերի, սնապարծների, ստախոսների, կեղծավորների, տեսնում եմ, որ մարդիկ շատ տխուր են, որովհետև թվարկածներս բազմանալու են:

Աշակերտ – Դուք ի՞նչ եք երազում:

Յանուս – Միանալ տրտմությանը և մահվան երջանկությունը վայելել:

Աշակերտ – Ի՞նչ ապագա եք գուշակում աշխարհին:

Յանուս – Նա շեղվելու է իր վախճանից:

Աշակերտ – Ո՞րն է ձեր փիլիսոփայությունը:

Յանուս – Հերակլիտեսի փիլիսոփայությունը, այսինքն՝ շարունակ արտասվել, շարունակ ողբալ:

Աշակերտ - Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք, որ ես կարդամ:

Յանուս – Մոլիերի «Միզանտրոպը» («Մարդատյացը»):

Աշակերտ – Դուք ի՞նչ եք անում:

Յանուս – Ես փոխադրվում եմ:

Աշակերտ – Ինչո՞ւ եք ծամածռում ձեր դեմքը:

Յանուս – Որովհետև այս երեկո ես իմ տարեկան հաշվետվությունն եմ ներկայնելու:

Աշակերտ – Ձեր բազկին ի՞նչ է գրված:

Յանուս – Տապանագիրս:

Աշակերտ – Ինչո՞ւ եք ինձ այդքան արագ լքում:

Յանուս – Որպեսզի հուղարկավորությունս կարգադրեմ:

Աշակերտ – Հիրավի, սենյոր Յանուս, դուք այս աջակողմյան երեսով ո՛չ գեղեցիկ եք, ո՛չ սիրալիր, ո՛չ զվարթ: Ես նախընտրում եմ գործ ունենալ ձեր ձախակողմյան երեսի հետ:

Յանուս – Ինչպես կուզեք, բայց այդ դեպքում անցեք իմ ձախակողմյան երեսի ականջի կողմը:

Աշակերտ – Որտեղի՞ց է գալիս ձեր ձախակողմյան երեսի զվարթությունը:

Յանուս – Ես բացում եմ իմ դրամատունը:

Աշակերտ – Ի՞նչ պետք է ակնկալեն մարդիկ:

Յանուս – Ամեն տեսակ լավ բաներ:

Աշակերտ – Դուք ի՞նչ եք տեսնում:

Յանուս – Խելացի, բարի ու նաև երջանիկ մարդիկ:

Աշակերտ – Դուք ի՞նչ եք ակնկալում:

Յանուս – Հաճոյախոսություններ, բարեմաղթանքներ և շատ ու շատ լավ բաներ:

Աշակերտ – Ապագայի համար ի՞նչ եք կանխագուշակում:

Յանուս – Հրաշալիքներ գործելու կարողություն:

Աշակերտ – Ո՞րն է ձեր փիլիսոփայությունը:

Յանուս – Դեմոկրիտեսի փիլիսոփայությունը: Շարունակ ծիծաղել, անդադար ծիծաղել:

Աշակերտ – Դուք ի՞նչ եք անում:

Յանուս – Տեղափոխվում եմ:

Աշակերտ – Ինչո՞ւ եք ինձ ժպտում:

Յանուս – Որպեսզի ձեզ քաջալերեմ առաջ ընթանալ:

Աշակերտ – Ձեր ձեռքի տակ ի՞նչ է:

Յանուս – Խաղալիքներ, կոնֆետնիերի տուփ և իմ հորոսկոպը:

Աշակերտ – Ինչո՞ւ եք ինձ լքում:

Յանուս - Որպեսզի մկրտությանս շաքարահատները պատվիրեմ:

Աշակերտ – Մի վերջին հարց, սենյոր Յանուս: Ես կուզենայի, որ դուք ասեք, թե ինչո՞ւ եք այդքան հակասական:

Յանուս – Դա նրանից է, որ աջում ես վերջացնում եմ, ձախում՝ սկսում: Աջ կողմում ես գիտեմ, ձախում՝ չգիտեմ: Ի վերջո, եթե աջում ես փորձառություն եմ, ապա ձախում՝ հույս:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
157 | 0
դեպի վեր