ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Hetq/Ոտաբոբիկ նկարիչը պատմում է «կանաչ տորնադոյի» մասին․ զրույց Ալիկ Ասատրյանի հետ
05:29, 06.02.2019
3107 | 0

Ոտաբոբիկ նկարիչը պատմում է «կանաչ տորնադոյի» մասին․ զրույց Ալիկ Ասատրյանի հետ


Հոլանդահայ արվեստագետ Ալիկ Ասատրյանին բազմիցս է անդրադարձել հայկական մամուլը` Այս անգամ նրա մասին, մեզ հետ համագործակցող ՀԵՏՔՈՒՄ

Ալիկ Ասատրյանի մասին մեր արխիվային այլ նյութերն այստեղ


Անուշ Քոչարյան


10: 39, 4 փտր 2019

Հոլանդաբնակ նկարիչ Ալիկ Ասատրյանը գործողություն եւ դադար բառերի միջեւ միշտ մեծ միջակետ դնող է․ սկսում է, շարունակ (վ) ում է օրեր շարունակ, հետեւողները շատ են, ինքն էլ անընդհատ կիսվում է։

«Կանաչ տորնադոյի» շրջանում Ալիկին ամրագրելու կարիք կար։ Այստեղ կտեսնեք իր բնորոշմամբ կարճատեւ «հողից պոկված» վիճակները, գույնի ազդեցությունը, սիմվոլիկայի փոխակերպումը, պերֆորմանսները, որոնց հետեւանքով հասցրել է տուգանվել ոստիկանության կողմից, որովհետեւ արվեստային ակտ իրականացնելու համար որեւէ մեկից թույլտվություն չի ստացել։

«Երկու կիլոգրամ նիհարել եմ, որովհետեւ գիշեր-ցերեկ աշխատում եմ ու օրը մեկ անգամ եմ սնվում, շատ արագ․․․ 24 ժամվա ընթացքում քնում եմ 2-3 ժամ։ Էներգիաս հազար է», - գրում է Ալիկը՝ Հոլանդիայից։

Այդ ի՞նչ «մոգական» կանաչ է։ Ո՞նց պոկվեցիր հողից, հողագույնից։


Գույնն ինձ համար առեղծված է․ դեռ Հայաստանում երկար ժամանակ գունային հարաբերություններ էի փնտրում, համադրում դրանք, որպեսզի տեսնեմ, թե որ գույնը որի հետ է «երգում», որ գույնն է որի հետ հուզում, որն է որի հետ ձգում։ Այդպես խորացա գույների մեջ։ Երբ եկա Հոլանդիա, կյանքի առաջին 5 տարին սեւ եւ սպիտակի էտապ էր․ երեւի նկատել ես, որ բոլոր գույներս մուգ սեւին էին ձգտում։ Այդպես հետո ամեն գույն օգտագործում էի բացի կանաչից, որից մի տեսակ վախենում էի։

Գույնից վախենալու պատճառը ո՞րն է։


Կանաչի համադրությունն այլ գույների հետ բարդ է, եւ քիչ նկարիչներ են կարողացել անել դա։ Մեկը Վան Գոգն էր, մյուսը Գոգենը: 2002 թվականն էր, որոշեցի ուսումնասիրել կանաչ գույնը, կարդացի։ Սկսեցի ինքս խառնուրդներ պատրաստել եւ նաեւ գնեցի կանաչի տարբեր երանգները։ Սկզբից փորձարկում էի զգացողությունը, թղթի վրա դնում էի այդ կանաչը եւ ուրիշ գույներ։

Փաստորեն առաջին «կանաչ տորնադոն», ինչպես դու ես բնութագրում կանաչի հետ հարաբերությունը, դեռ 2002-ին էր։


Այո, մինչեւ ոսկորներս թաթախվեցի կանաչի մեջ, որովհետեւ խնդիր ունեի կանաչի հետ մեկ այլ գույնի մոգական համադրություն գտնելու։ Եվ գտա․․․ մանուշակագույնի հետ։ Հետո՝ սեւ-կանաչ, սպիտակ-կանաչ, ծիրանագույն-կանաչ․ սրանք բոլորը մոգական հարաբերություններ էին։

Տպավորությունս մեծ էր, երբ տեսա «մասուրե ականջօղով աղջկան կանաչ ամպերի մեջ» ։


Հիմա դրա մասին կասեմ, բայց հերթով գամ, հասնեմ։ 2002 թվականին, երբ թաթախվեցի կանաչի մեջ, երկու տարի խրվեցի ու մնացի, ստեղծվեցին բազմաթիվ գործեր․․․ Կանաչ էր ու կանաչ։ Այնքան էի խորացել, որ տեղացի ընկերներս սկսեցին ինձ «կանաչ» անվանել։

Այդ աշխատանքները ցուցադրվեցին, ընկերներս հատուկ կանաչ հագնված եկան ցուցահանդեսին․․․Արդեն 2003 թվականն էր։

Երբ Հայաստանում էիր, դարչնագույնն ու շագանակագույնը գերակշռում էին․ տեղ-տեղ վառ կարմիր էլեմենտ էր մտնում։ 2017 թվականի սիմպոզիումի ժամանակ քո աշխատանքային տարածքն ու բակը լրիվ այդ երանգների մեջ էր․ պատկերացնում եմ, որ կանաչի ժամանակ շուրջդ լրիվ կանաչի ես վերափոխում։


Մի գիշեր, երբ մերոնք քնած էին, աչքս ընկավ աղջկաս կոշիկներին, պատկերացրի՝ կանաչ ինչ սիրուն կլինեն։ Վերցրեցի ու ներկեցի։ Առավոտյան աղջիկս տեսավ կոշիկները, չջոկեց, որ իր կոշիկներն են, ասեց՝ ինչ սիրուն են, համ էլ նման իր կոշիկներին․․․ Ասեցի՝ Սոնա ջան, հենց քո կոշիկներ են, որ կան։ Ջղայնացավ, որ առանց իրեն տեղյակ պահելու ներկել եմ ու այդպես էլ չհագավ այդ կոշիկները։ Կինս էլ զայրացավ այն աստիճանի, որ Սոնային ասաց․ «Էս տնից գնալ ա պետք, քանի մեզ էլ կանաչ չի ներկել» ։

Կանաչն այդպիսի ուժ ունի․ կտրում է հողից ու տանում տիեզերք։ Երբ արդեն հասկացա, որ շատ եմ «բարձրացել» ու հոգեբանական վտանգ կա, որոշեցի «իջնել» ։ Փափուկ վայրէջքի համար անցա կանաչի ուրիշ երանգներին՝ «խակի» կանաչին, «պաշտպանական» կանաչին։ Այդ վայրէջքի ժամանակ էլ ծնվեցին գործեր։ Մի խոսքով հաջող վայրէջք եղավ, հասկացա, որ հողագույնին անցնելու ժամանակն է, որ ամուր կանգնելու շանս լինի։ Եվ որոշումս ճիշտ էր։ Այդպես երկու տարի տեւեց հողն ու հողագույնը, հաջորդ երկու տարին՝ փիրուզագույնն էր (որն այլ մոգականություն ունի․ 80-ից ավելի գործ հենց այդ շրջանում եմ ստեղծել) ։

Գունային ընտրությունը ոչ մի դեպքում պատահականություն չի, փաստորեն։


Չէ՜, չի կարող այդպես լինել․ համն եմ տեսնում, քսում եմ մարմնիս, ուղնուծուծով լրիվ զգում եմ, ուսումնասիրում եմ համադրությունն այլ գույնների հետ, խառնում եմ այնքան, մինչեւ մի գոյություն չունեցող բան դուրս գա։ Այդպես ինծ ծանոթ ներկերի կողքին հայտնվում են մինչ այդ ինձ անծանոթ նոր երանգներ։

Այսպես, որ խոսում ես լրիվ այլ աշխարհ է երեւում, բայց դու շատ ես հաղորդակցվում․ ես նկատում եմ՝ ինչպես են մարդիկ գրում իրենց մտահոգությունները, ինչպես են վերաբերում գործունեությանդ, երբեմն իրենց պատմությունները կապում քո փորձին։


Այո, ուշադիր հետեւում եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում եւ փորձում եմ միջամտել իմ լեզվով։ Այդպես Ֆեյսբուքի 5000 ընկերներիս միջեւ «ուշադիր» բաժանումներ եմ անցկացնում, չեմ հոգնում այդ «աշխատանքից», եւ ավելին՝ դա ինձ ուրախացնում է, որովհետեւ հաջողվում է մարդկանց գեղեցիկ զգացում պարգեւել։ Դեպքերը բազմաթիվ են։

Երբ 23 տարի դադարից հետո եկար Հայաստան, շուրջդ անընդհատ մարդիկ էին, ում համար դու եւ´ տարօրինակ, եւ´ անօրինակ էիր, բայց նաեւ բաց, ազատ։

Շատ են գրում ինձ եւ կանայք, եւ տղամարդիկ․․․ Գրում են իրենց վախերի մասին, գրում են իրենց պատմությունները։ Բոլորի համար ժամանակ եմ գտնում՝ թեկուզ իմ քնի հաշվին։

Հարցնու՞մ ես քեզ՝ ինչու։ Պատասխանատվությա՞ն հարց է, մարդուն սիրելու ձե՞ւն է։ Ի՞նչ է։


Կարճ, եթե ասեմ, հա, սիրում եմ մարդկանց։ Ուզում եմ՝ հնարավորինս քիչ հոգեկան ցավ ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել․ պապս այդպիսինն էր, տատս էլ, հերս էլ, մերս էլ․․․․ քույրս էլ, եղբայրս էլ։ Վազել եւ օգնել ուրիշին, եթե կարող ես․ ես դա եմ տեսել իմ ընտանիքում։

Այդքան զրուցել ենք, բայց այսօր շատ պատկերային է․ տեսնում եմ քեզ․․․ Մեղրին ու Ալիկը, Հոլանդիան ու Ալիկը, Ալիկն ու հայը, Ալիկն ու Ալիկը՝ իրենց արանքում փողոցներ, գույներ, «ցունամիներ», սերեր։


Հիմա շատ հուզական պրոցեսների մեջ եմ․ ամեն գեղեցիկ բանից եմ հուզվում։ Ամեն օր գրելու ու նկարելու նոր հեքիաթ է հայտնվում գլխումս։ Երբ մարդու միտքը լռում է, հրաշքները սկսում են ծնվել ինքնուրույն․ այդ առումով ես միայն կատարողը, թղթին հանձնողն եմ դառնում։

Երկու ամսվա ընթացքում վաթսունից ավելի նոր գործ եմ արել։ Այդ գործերը տանը սփռված են։ Լինում է այնպես, որ նույնիսկ մոռանում եմ ինչ-որ գործի մասին, հետո տեսնում, զարմանում եմ։ Քսանին մոտ աշխատանք էլ դեռ կիսատ է, քանի որ, դեռ մեկը չավարտած՝ ուրիշ պատկեր եմ տեսնում ու անցնում եմ նորին։ Այդպես չեմ կորցնում տեսածս պատկերը։

«Մասուրե ականջօղով աղջիկն» այդ պատկերների՞ց էր։


Գույնի հետ շատ սերտ շփումը տանում է նրան, որ սկսում ես հասկանալ իր լեզուն․ ինքն է քեզ սկսում շատ զարմանալի բաներ պատմել։ Հենց այդպես ծնվեց «Մասուրե ականջօղով աղջիկը» դիմանկարը։ Եվ շատ արագ ծնվեց, ամեն ինչ միանգամից է արված, միայն շրթունքների վրա եմ շատ աշխատել, որ թաքնված, իմ ուզած ժպիտը ստանամ։ Կարծես ստացվեց։ Մասուրի պես կարմիր է, մասուրի պես էլ ժպտում է․․․ Մասուրն էլ է ժպտում։

Հետաքրքիր է մասուրի ընտրության պատմությունը։

Մասուրը մաքուր բան է, նաեւ իմ մանկությունն է: Տանը շատ էինք օգտագործում․ եւ մայրս, եւ տատս սարերից ու դաշտերից վայրի մասուր էին հավաքում, ես էլ իրենց հետ։ Մասուրով ճաշ էին եփում, ու, երբ հիվանդանում էինք, հենց այդ ճաշն էր առողջացնողը։ Ու իրենք էին ասում՝ մասուրը մաքուր բան է։ Այդպես ինձ համար էլ այն մնաց մաքրության խորհրդանիշ։

Դադար

Կարծում եմ՝ կանաչ գույնը կտեւի մոտ մեկ ամիս եւ կիջնեմ գետնին։ Այս անգամ հաստատ երկու տարի չեմ ձգի, քանի որ տարիքի հետ ավելի զգայուն եմ դարձել եւ հուզվում եմ անգամ մի նոր կանաչ երանգ ստանալուց։ Մի տեսակ ալքիմիայի պես բան է․ նույնիսկ մեկ-մեկ գիշերն արթնանում եմ իմ ձայնից, որ կանաչ գույնի հետ եմ խոսում։ Առավոտյան արթնանում եմ, հասկանում եմ, որ գլխիս մեջ հեքիաթ կա։ Ոչ բոլոր հեքիաթներն եմ գրում, բայց երկուսը գոնե պետք է գրեմ նկարների հետ։ Կարճ ասած՝ ցնցուղի տակ, որ կանգնում ես, ջուրն ի՞նչ առատությամբ է լցվում գլխիդ, այդպես էլ մտքերն են լցվում գլխիս մեջ։ Ուղղակի գժվել կարելի է․ մեկ-մեկ ծորակն ուզում եմ փակել։ Ֆիզիկապես հնարավոր չէ դիմանալ այս փոթորիկին․ դրա համար կես կատակ, կես լուրջ ասում եմ՝ «ստեղծագործական տորնադո» է, որն ինձ վերցնում ու պտտում է օդում։

Տարիների ընթացքում դիմանկարները վերափոխվեցին վիճակների եւ իրավիճակների, Ալիկ։ Առաջ դիմանկարը գերակշռում էր․․․ Հիմա, եթե նույնիսկ դեմքը կա, իրականությունից ես կտրում, տանում ուրիշ տեղ։


Արվեստում կրկնվել չեմ սիրում․եւ եթե գիտությունը կրկնությունով է պայմանավորված, արվեստում հակառակն է․ կրկնությունը արվեստի մահն է։ Երկու-երեք տարին մեկ ինձ մոտ նոր էտապ է սկսվում։

Հնարավոր է՝ դիրք փոխվի, իրադրություն փոխվի, գետնին կպած լինես կամ ոչ, բայց, միևնույն է, վերադարձի գաղափարը տեսնում եմ։


Նկատի ունես Հայաստան վերադառնա՞լը։ Եթե այո, ապա որոշումս կայացրել եմ։

Դա նկատի չունեի, բայց հետաքրքիր է՝ ինչ ես որոշել։


Վերադառնալու եմ, միանշանակ։ Տեխնիկական խանգարող հարցեր կան, որոնք կլուծվեն երկու տարվա ընթացքում։ Իսկ արվեստում «վերադառնալը» լրիվ ուրիշ պատմություն է․ որքան էլ մոտենամ նախնական կետին, այն այլեւս նույնը չի լինելու․․․ Ուրեմն նույն տեղին չես վերադառնում։ Մղվելու եւ հետ գալու տատանումները դրա հետ կապ չունեն․ եթե ես իմանամ՝ ինչ է ինձ սպասվում ինչ-որ տեղ, այլեւս հետաքրքրություն չեմ ունենա։

Ստացվում է, որ Հայաստան վերադառնալն էլ կարելի է այս կոնտեքստում տեղավորել․ վերադառնու՞մ ես այլ Հայաստան։


Վերադառնալու որոշումս կայացրել եմ, երբ «Մաչանենց» սիմպոզիումին մասնակցեցի։

Ուզում էի անպայման հարցնել նաեւ «Ադամ եւ Եվա» ինստալյացիայի մասին, որ այդտեղ՝ փողոցում իրականացրիր՝ առանց թույլտվության։

Ոստիկանները ձերբակալեցին, տարան։ Մոտ հինգ հարյուր եվրոյի չափով տուգանվեցի հասարակական կարգը խանգարելու եւ փողոցը կեղտոտելու համար։

Ալիկ, ստեղծագործական տարիների, Հոլանդիայում երկարաժամկետ բնակություն հաստատելու փորձառությունն ինչի՞ է հանգեցրել, ի՞նչն ես արժեւորում հիմա։


Հենց կյանքն է, որ կա եւ ստեղծագործելու հնարավորությունն ու ժամանակը։ Երբ առավոտյան բացում եմ աչքերս, նախ զարմանում եմ, որ չեմ մեռել, քանի որ իմ կյանքով ապրող մարդը ամեն օր գուցե եւ մեռնի, հետո ուրախանում եմ, որ մեկ օր էլ ունեմ ստեղծագործելու համար եւ վազում եմ նկարելու։ Այդպես գնահատում ու սիրում եմ ինձ տրված ամեն րոպեն։

Հիմա ուզում եմ վերադառնալ իմ երկիր, հերի՛ք է։ Շատ բան ունեմ անելու Հայաստանում․ ուզում եմ տարիների փորձառությունը «իմոնց» տալ․ դա որոշ չափով հեռավորության վրա էլ փորձում եմ անել։ Ունեմ ֆիլմի գաղափար, ուզում եմ իրագործել Հայաստանում, եւ վերջին՝ կարեւոր երազանքս արվեստի կենտրոն ստեղծելն է։ Եթե սա էլ հաջողեցի, ուրեմն կյանքս ստացված է։

Չեմ վախենում ասել, որ ես ինձ զոհաբերում եմ արվեստի համար, որովհետեւ արվեստը ինձ համար միակ մաքուր բանն է երկրի վրա․․․Դրա համար արժե քեզ զոհաբերել, այդպես կապ ստեղծել ոչ երկրայինի հետ։


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
դեպի վեր