ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր
13:17, 06.02.2019
4432 | 1

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին:

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես առերեսվել պատմությանը», - ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջիններից մեկը դատապարտեց 1915թ. հայ ժողովրդի ցեղասպանությունը:

«Ֆրանսիան 2001-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց Ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», -հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ 2018-ի հոկտեմբերին, երբ ՀՀ-ում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, հայտնում է թանգարան-ինստիտուտը: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին: Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար», - գրել էր Ֆրանսիայի նախագահը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4937 | 0
դեպի վեր