Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Հայաստանում անընդհատ խոսում են, թե ես ինչու՞ չեմ վերադառնում Ղարաբաղ։ Օրենքով սահմանափակված է, 10 տարի անընդմեջ չեմ ապրել այնտեղ, չեմ կարող նախագահի թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի ես էլ մասնակցեմ։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք։ Ոչ թե նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն ունեմ, այլ ինձ պարտադրում են», - ասել է նա։ Ես, երբ եղել եմ Ղարաբաղում, Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ գիծ ենք քաշում։ Ինձ թվացել է՝ պետք է հասկանային, որ այսօր այնքան ծանր է Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական «քեն քշել», անձնական խնդիրներ լուծել, սրա-նրա հետ կոնֆլիկտներ անել իմաստ չունի։ Կարող ենք պետություն կորցնել, կարող ենք տարածքներ կորցնել, պետք չի դա անել։ Ես իմ պարտքը կատարել եմ, բացատրել եմ եւ ասել եմ անկեղծ, որ անձնական որեւէ խնդիր որեւէ մեկի հետ լուծելու չունեմ», - ասել է Բաբայանը։ Հարցին՝ այդ հանդիպումից հետո Բակո Սահակյանը «գիծ քաշե՞լ է», նա պատասխանել է. «Հարց է՝ Բակո Սահակյանը քաշե՞լ է այդ գիծը, թե՞ չի քաշել, կերեւա մոտ ժամանակներս» ։ |