ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ուղիղ ժողովրդավարության ներդրման հիմքերը Հայաստանում
15:18, 12.02.2019
3234 | 0

Ուղիղ ժողովրդավարության ներդրման հիմքերը Հայաստանում


Ժողովրդավարության հիմնադրույթն է, որ այն

ամեն մի ընտրողի հնարավորություն է տալիս

անելու ինչ-որ մի հիմարություն:

Արթ Սպանդեր


Ժողովրդավարության գործող մոդելները և ինստիտուտները ժամանակի որոշակի հատվածում հասարակական զարգացման արագ տեմպերի պայմաններում անհրաժեշտ չափով չեն ապահովում դրա կիրարկման բարձր արդյունավետությունը, ուստի և առաջ է գալիս ժողովրդավարության իրացման կառուցակարգերի շարունակական բարեփոխումների անհրաժեշտություն: Պատահական չէ, որ իշխանությունների նկատմամբ դժգոհությունների ալիքը վերջին տասնամյակում տարբեր երկրներում հետզհետե մեծանում է և ժողովրդավարությունը հետևողականորեն գրանցում է հետընթաց:

Սամուել Հանթինգթոնի նախանշած «ժողովրդավարության վերջին ալիքը[1]» սկսվեց 1974թ.-ից և տևեց մոտ երեք տասնամյակ: Երբ այս ալիքը սկսվեց, անկախ երկրների միայն 30% էր համապատասխանում «ընտրական դեմոկրատիայի» չափանիշին (համակարգ, որտեղ քաղաքացիները համընդհանուր քվեարկությամբ ընտրում կամ փոխարինում են իրենց լիդերներին կանոնավոր, ազատ, արդար և նշանակալի ընրությունների միջոցով): Համաձայն Freedom House[2]-ի զեկույցի այդ երեք տասնամյակում ժողովրդավարությունը հետևողականորեն արձանագրում էր աճ նույնիսկ այսպես կոչված «հարաբերական ավտորիտար» երկրներում: Համաձայն այս կառույցի կողմից հրապարակվող «ազատությունը աշխարհում» ամենամյա զեկույցի, որը յոթ բալանոց սանդղակով (որտեղ 1-ը ամենաազատն է, 7-ը՝ ռեպրեսիվը) հաշվում է քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները, աշխարհում ազատության միջին ինդեքսը բարելավվել է 1974թ.-ի 4.38-ից հասնելով իր պիկին՝ 2005թ.-ի 3.22 մակարդակին: 2006թ.-ին երկրների 60%-ը համապատասխանում էր «ընտրական դեմոկրատիայի» չափանիշին, սակայն վերջին տասներկու տարում ազատության միջին ինդեքսի ցուցանիշը շարունակական հետընթաց է արձանագրել՝ հասնելով 3.3-ի: Չի բացառվում, որ սա հենց երրորդ ալիքի ռեվերս (հակադարձ) ալիքն է, որը բնորոշ էր ժողովրդավարացման առաջին և երկրորդ ալիքներին: Այսպես, վերջին տասնամյակում աճել է ոչ ազատ երկրների թիվը և նվազել ազատ երկրներինը (տես նկարում):


Զարգացվածության տարբեր բաշխվածությամբ բոլոր աշխարհամասերից առանձնացված 38 երկրներում կատարած հետազոտության համաձայն ընդհանուր առմամբ ժողովրդավարության դրսևորումից գոհունակության 46% միջինացված գնահատականը փոքր ինչ զիջում է դրանից դժգոհության 52% գնահատականին (տես նկարում):


Ժողովրդավարության դրսևորման առավել մտահոգիչ ցուցիչ է հանդիսանում աշխարհով մեկ ըտնտրություններին մասնակցության ցուցանիշի անընդհատ նվազումը[3] (հատկապես Եվրոպայում), որը ի թիվս այլ գործոնների ևս վկայում է «հիվանդ» ժողովրդավարության մասին (տես նկարում):


Նշվածից բնավ չի հետևում, որ ժողովրավարական ուղիով զարգացումը սխալ է և այն ունի այընտրանք: Հաշվի առնելով, որ ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է և ավելի շատ ուտոպիստական գաղափար՝ դժվար է պնդել, որ այն հասել է իր զարգացման գագաթնակետին, և որ այլևս հնարավոր չէ գրանցել առաջընթաց: Իհարկե, չի կարելի նաև պնդել, որ պակասել է դրա նկատմամբ կարիքը: Ավելի հավանական է, որ դրա իրացման կառուցակարգերը հնացած են և կարիք ունեն մեթոդական և գործնական ծանրակշիռ բարեփոխումների:

«Pew Research» կենտրոնի կատարված հետազոտության համաձայն[4], ներկայացուցչական և ուղիղ ժողովրդավարության[5] տեսակներից զատ քիչ չէ նաև ոչ-դեմոկրատական համարվող այլընտրանքների նկատմամբ համակրությունները, որոնք են կառավարումը փորձագետների, ուժեղ լիդերի կամ բանակի կողմից (տես նկարում):

Ներկայացուցչական ժողովրդավարությունից գոհունակության մակարդակը (որը ընթանում է ազգային կառավարությունների նկատմամբ վստահությանը համաքայլ) բարձր է հարուստ և զարգացած երկրներում, իսկ դա պայմանավորող հիմնական գործոնը կրթությունն է: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից ուղիղ ժողովրդավարությունը շատ քիչ է զիջում ներկայացուցչական ժողովրդավարությանը, և այս հանգամանքն ունի իր պատճառները:


Ակնհայտ է, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը կարող է գործել միայն որոշակի նախապայմանների ապահովման պարագայում, որոնց բացակայության դեպքում կասկածի տակ է դրվում ժողովրդավարության արդյունավետության գաղափարը: Ներկայացուցչական ժողովրդավարության առանցք հանդիսացող հանրաքվեների կազմակերպման մեխանիզմների և գործիքակազմի՝ ողջ աշխարհում զարգացմանը զուգահեռ (ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, միջազգային դիտորդական առաքելություններ, արդյունքների ստուգուման մեթոդիկա և այլն) Հայաստանում ավելի էր կատարելագործվում դրանց շրջանցման հնարավորությունները, և ընտրակեղծարարությունը հասել էր բարձր մակարդակի: Որպես դրա հետևանք Հայաստանում շուրջ երեք տասնամյակ ֆորմալ առումով հաղթած իշխանությունները եղել են ոչ լեգիտիմ: Այս հանգամանքը հանգեցրեց նրան, որ իշխանությունները հետզհետե ավելի ու ավելի հեռացան ժողովրդից և ներկայացուցչական ժողովրդավարությունը գործում էր միայն ձևական և ոչ թե բովանդակային տեսքով՝ հաստատված ավտորիտարիզմը քողարկելու համար: Ուստի, փաստացի, հանրաքվեներից զատ, քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի կառավարմանը՝ քաղաքական ուժերի միջոցով Հայաստանում դարձավ խիստ անարդյունավետ (երբեմն լրիվ սահմանափակ), և սա ունի իր տրամաբանական բացատրությունը:

1. Անցած շրջանում իշխող ուժի կողմից վարած իշխանության մոնոպոլացման քաղաքականության տրամաբանական հետևանք հադիսացավ քաղաքական ուժերի հետևողական դիսկրեդիտացիան ժողովրդի գիտակցության մեջ: Իշխող ուժը քաղաքական դաշտի և իշխանության տոտալ վերահսկման նպատակով ստեղծում էր արբանյակային ընդդիմադիր քաղաքական ուժեր, որպեսզի իր ենթակայության տակ պահեր նաև ընդդիմադիր դաշտը և իրեն ապահովագրեր իրական ընդդիմության ներքո ժողովրդի համախմբումից և դրա անցանկալի հետևանքներից: Ուստի պատահական չէ, որ նաև ընդդիմության նկատմամբ հիասթափությունը առողջ քաղաքացիական հասարակության անդամների մոտ հանգեցրեց անկուսակցականության գաղափարի ամրապնդմանը, ուստի և երկրի կառավարմանը և՛ իշխանության, և՛ ընդիմության միջոցով՝ մասնակցության հնարավորությունների սահմանափակմանը:

2. Ժողովրդի կողմից երկրի կառավարմանը նշանակալի մասնակցության մեխանիզմը հիմնականում նախատեսվում է քաղաքական ուժերի միջոցով (անկախության հռչակումից ի վեր ԱԺ-ում հետևողականորեն ավելացվել է կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների թիվը և նվազեցվել մեծամասնական ընտրակարգով ընտրվածներինը), ինչը մասնակցության ցանկության պարագայում քաղաքացիների անկուսակցականության դիրքորոշման իրավունքը սահմանափակում է: Ավելին, ավտորիտարիզմի ռեժիմում մեծամասնական ընտրակարգը դրսևորվում էր մեծահարուստների և թաղային հեղինակությունների մուտքով ԱԺ:

3. Որպես վերը նշված գործոնների հետևանք, իշխանության և ընդիմության նկատմամբ անվստահությունը քաղաքացիական հասարակության անդամների մոտ առաջ բերեց ցածր մոտիվացիա, ինչպես նաև անտարբերություն (այն համոզմունքը, որ «մեկ է բան չի փոխվի»):

4. Հանրաքվեների շարունակական կեղծումը և արդյունքների կառավումը ի չիք էր դարձնում քաղաքացիական հասարակությունը ընդիմության վերածվելու հնարավորությունը:

ՀՀ-ում կատարված հեղափոխությունը փաստացի ամրագրեց սահմանադրության կարևորագույն նորմը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սակայն, արդյո՞ք սա նշանակում է, որ ժողովրդի իշխանության գործնական իրացման մեխանիզմը կամ մասնակցությունը երկրի կառավարմանը արդեն լիարժեք է և բավարար:

Ժողովրդավարության համընդհանուր ճանաչում և գործածություն ունեցող մոդելի (ներկայացուցչական) համաձայն` ժողովուրդը հանրաքվեի միջոցով պատվիրակում է իր իշխանությունը քաղաքական ուժերին, որոնք պետք է արտահայտեն իր կամքը և ըստ այդմ, կարծես թե ժամանակավորապես «ձեռքերը լվանում է» երկրի կառավարման գործընթացից: Այնինչ, նույն ժողովրդավարության բուն բովանդակությունը ենթադրում է, որ ժողովուրդը՝ ի դեմս ակտիվ քաղաքացիական հասարակության, պետք է շարունակաբար մասնակցի երկրի կառավարմանը, հատկապես այն դեպքում, երբ իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով «կղզիանում» է ժողովրդից և շեղվում է իր նախապես հայտարարած ուղեգծից: Ֆորմալ առումով ժողովուրդը այդ հնարավորությունը որոշ չափով ունի (հանրային լսումներ, ոլորտային քննարկումներ հասարակական կազմակերպությունների, ոլորտը ներկայացնող կառույցների, Հանրային խորհուրդի միջոցով և այլն), սակայն այդ գործակցությունը «իշխանություն-ժողովուրդ» կապի համատեքստում ինչ-որ չափով միջնորդավորված է, իսկ օրակարգը՝ կանխորոշված: Միջնորդավորված է, քանի չի կարելի միարժեքորեն ընդունել, որ հասարակական կազմակերպությունները և հանրային քննարկումների ոլորտը ներկայացնող կառույցները ամբողջությամբ են ներկայացնում ժողովրդին, իսկ կանխորոշված է այն պատճառով, որ գրեթե բոլոր բարեփոխումների նախաձեռնությունը գալիս է իշխանությունից, և հակադարձ կապը (ժողովրդից դեպի իշխանություն) թույլ է աշխատում: Եթե քաղաքական ուժերը և նրանցից կազմված իշխանությունը փոխգործակցության տեսանկյունից բաց են, ապա այդ կանխորոշված օրակարգով միջնորդավորված մասնակցությունը երաշխավորված է, բայց ամեն դեպքում բացակայում է այն արդյունավետ մեխանիզմը, որը պարզ կերպով հնարավորություն կտար ժողովրդի ակտիվ զանգվածին (որը մտահոգ է երկրի ճակատագրով) սեփական նախաձեռնողականությամբ մասնակցել երկրի կառավարմանը: Ուստի, նույնիսկ ազատ և արդար ընտրությունների անցկացումը չի երաշխավորում իշխանություն-ժողովուրդ լիարժեք, օրգանական կապի ամրությունը և հատկապես ներքևից վերև անընդհատ կապի անխափան աշխատանքը, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարության մոդելը այդ կապի ապահովման տեսանկյունից ունի լուրջ բացթողումներ:

Ներկայացուցչական ժողովրդավարության մեկ այլ բացթողումներից է նաև այն, որ դրա հիմնական սկզբունքի՝ այն է ընտրական գործընթացում ընտրողների ձայների հավասարության առկայությունը ձևախեղվում է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչպիսիք են բնակչության սոցիալական-տնտեսական ցածր և տարբերակված մակարդակը, գործող բազմապիսի անհավասարությունները (տարիքային, կրթական, իրավական, գիտակցական մակարդակների տարբերությունները), խորհրդային ժամանակներից ժառանգված մտածելակերպը, տեղեկատվության ուղղորդված պրոպագանդան և այլն:

Աշխարհում արդեն տարածում է գտել նաև անհամաձայնությունը ընտրողների ձայների հավասարության թեզի վերաբերյալ, դրա փոխարեն առաջադրելով ձայների կշիռների գաղափարը: Ձայների կշիռներով ընտրությունների մասնակցությունը կարող է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտրողների կրթական և մասնագիտական մակարդակը, նախկինում ընտրություններին մասնակցության ակտիվությունը, քաղաքացիական իրավունքների վերաբերյալ գիտելիքների թեսթավորումը և այլն[6]: Ըստ Ջեյսոն Բրենանի աջաջարկի[7] պետք է ներդրվի կառավարման նոր համակարգ – էպիստոկրատիան, որն է կառավարման իրավունքի փոխանցման հնարավորությունը քաղաքական գիտելիքներ ունեցողների կողմից, որոնք կազմում են ընրազանգվածի մի փոքր մասը միայն: Ուստի, ներկայացուցչական ժողովրդավարությունը, որպես հանրային կենսագործունեության քաղաքական կազմակերպման վարչակարգ, նույնիսկ իր կատարյալ վիճակում անզոր է ժողովրդավարացման գործընթացում ապահովել բարձր արդյունքներ:

Աղավաղված ներկայացուցչական ժողովրդավարությունը առաջ է բերում դրա բովանդակության փոփոխման անհրաժեշտություն, իսկ դրա իրացման դժվարությունները և տեխնոլոգիական զարգացման արդյունքում ստեղծված ենթակառուցվածքներն ու գործիքները բավարար հնարավորություն են տալիս անցում կատարել ուղիղ ժողովրդավարության կատարելագործված մոդելին:

Ուղիղ ժողովրդավարության միջոցով ժողովուրդը չմիջնորդավորված եղանակով կարողանում է առաջ մղել որոշումներ, առաջնահերթություն տալ դրանց, առաջադրել օրենքներ, ուղղակիորեն ընտրել կամ հեռացնել պաշտոնյաների, սկսել դատավարություններ և այլն:

Օբյեկտիվորեն, ուղիղ ժողովրդավարությունը ավելի տարածված է տեղական և տարածքային կառավարման մակարդակներում և ունի դրսևորման բավականին հաջող օրինակներ՝ Շվեցարիայում, Կալիֆորնիա նահանգում: Ուղիղ ժողովրդավարությունը իր բովանդակությամբ ներառական է և թույլ է տալիս քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներին, ինտելեկտուալ մարդկանց, մասնագետներին և ընդհանրապես մտածող զանգվածին հանդես բերել նախաձեռնողականություն՝ դառնալով փոփոխությունների և առաջարկությունների հեղինակներ, օրենսդիրներ և ըստ այդմ անուղղակիորեն նպաստել մերիտոկրատիայի[8] հաստատմանը:

Ուղիղ ժողովրդավարությունը լինում է երկու տեսակ՝ քաղաքացիական (ներքևից վերև) և պետական նախաձեռնությամբ (վերևից ներքև): Առաջինը օգտագործվում է քաղաքացիների կողմից տարբեր հարթակներում ստորագրահավաքների կամ վիրտուալ քվեարկության տեսքով (օրինակ www. Change.org) հանրային լայն հավանություն ստացած հարցադրումների, օրենսդրական նորմերի կամ սահմանադրական բարեփոխումների ուղղակի կամ անուղղակի եղանակով առաջմղման, ինպես նաև դրանց (կամ քաղաքական գործիչների) հետ կանչի նպատակով, իսկ երկրորդը՝ իշխանության կողմից իրավական կարգավորման և այլ տեսակի որոշումների վերաբերյալ անցկացվող պարտադիր հանրաքվեների տեսքով (օրինակ որևէ համաձայնագրի, տարածքային կարգավիճակի կամ անկախության վերաբերյալ և այլն):

Ակնհայտ է, որ ներկայացուցչականին ժողովրդավարության նվազման պատկերին զուգահեռ՝ ուղիղ ժողովրդավարությունը գալիս է լրացնելու դրան: Սակայն, այստեղ առաջանում են դժվարություններ: Նախ, անհրաժեշտ է ապահովել ներկայացուցչական ժողովրդավարության համակարգում ուղիղ ժողովրդավարության արդյունքների ներդրման կամ ինտեգրման հնարավորությունը: Առավել մեծ խնդիր է այն, որ ուղիղ ժողովրդավարությունը ունի լուրջ սահմանափակումներ՝ ապահովելու իր հիմնական բաղադրիչների (համընդանուր մասնակցություն, քննարկումների և խորհրդակցության ապահովում, հավասարության առկայություն) միաժամանակյա համատեղ ներկայությունը: Ջեյմս Ֆիշկինի առաջադրած «խորհրդակցային ժողովրդավարությունը» մասամբ լուծում է այս խնդիրը՝ քննարկումները ապահովելով պատահական ընտրանքով ձևավորված շահագրգիռ մասնակիցների նեղ շրջանակում[9]:

Ուղիղ ժողովրդավարության լիարժեք դրսևորման համար լայն հնարավորություններ են ստեղծում ինտերնետը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ստեղծելով էլեկտրոնային ժողովրդավարության հիմքերը: Էլեկտրոնային ժողովրդավարությունը (e-democracy), որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս հավասարապես մասնակցել օրենքների առաջադրման, քննարկման և ստեղծման գործընթացին[10], ի զորու է էականորեն բարձրացնել երկրի որդեգրած ժողովրդավարացման գործընթացի արդյունավետությունը:

Նախկին իշխանությունը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման համատեքստում ստեղծել էին էլեկտրոնային ժողովրդավարության գործիքներ (օրինակ e-draft.am կայքը), որոնք չեն նախատեսում վերը նշված՝ ժողովրդից դեպի իշխանությանը (ներքևից վերև) առաջարկների և նախաձեռնությունների առաջադրում, ինչի հետևանքով ունեն ցածր արդյունավետություն:

Քանի որ ուղիղ ժողովրդավարության համակարգը գտնվում է իր կայացման փուլում, ապա Հայաստանի համար նախընտրելի է միջազգային փորձի տեղայնացման կամ ներդրման փոխարեն ստեղծել իր սեփական մոդելը (որը կներառի ներկայացուցչական և ուղիղ ժողովրդավարության մոդելներում առկա թերացումների հնարավոր լուծումները և ազգային առանձնահատկությունները) և հետևողական կերպով զարգացնել այն՝ ապահովելու իր հեղափոխությամբ նվաճած ուղիղ ժողովրդավարությունը և դրա բարեփոխման շարունակականությունը:


Զավեն Հարոյան
Մակրոտնտեսագիտության դասախոս

[1] Ս. Հանթինգթոն, Երրորդ ալիքը: Դեմոկրատացումը 20-րդ դարավերջում: 1991թ.

[2] Քաղաքական և քաղաքացիական ազատությունները հետազոտող ոչ պետական կառույց

[3] Diamond, L., Facing up to the democratic recession, Journal of Democracy, 26/1 (2015), pp. 141–55

[4] http://www.pewglobal.org/2017/10/16/globally-broad-support-for-representative-and-direct-democracy/

[5] Ներկայացուցչական ժողովրդավության համակարգում օրենքները ընդունվում են քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, իսկ ուղիղ ժողովրդավության համակարգում հենց քաղաքացիներն են քվեարկում տարբեր ազգային նշանակության հարցերի վերաբերյալ:
[6] Dambisa Moyo, "Edge of Chaos: Why democracy is failing to deliver economic growth-and how to fix it", Basic Books, 2018, p. 198

[7] Jason Brennan, "Against Democracy", Princeton University Press, 2016

[8] կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։

[9] Fishkin, James S. (2011) . When the People Speak. Oxford University Press. ISBN 9780199604432.

[10] Hosein Jafarkarimi; Alex Sim; Robab Saadatdoost; Jee Mei Hee (Jan 2014) . "The Impact of ICT on Reinforcing Citizens' Role in Government Decision Making". International Journal of Emerging Technology and Advanced Engineering. 15 Dec 2014.

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Զավեն Հարոյան
դեպի վեր