ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Յանկի» մականվան ծագման մասին
19:17, 12.02.2019
6305 | 0

Նախ՝ «Նոր Անգլիա» աշխարհագրական անվան մասին, որովհետև այդ անունը կրող տարածաշրջանում է ծնունդ առել «յանկի» -ն: 1620 թվականից Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի անգլիական գաղութներին «Նոր Անգլիա» անունն է տրվել: Նոր Անգլիան ընդգրկում է Կոննեկտիկուտ, Մեն, Մասսաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ և Վերմոնտ նահանգները:

Նոր Անգլիայի բնակիչներին, որոնք հիմնականում իրենց բուն հայրենիքում հալածանքների ենթարկված բողոքական-պուրիտաններ, բողոքական հոլանդացիներ են եղել, անգլիացիները «յանկի» են անվանել: Այդ ժամանակներում «յանկի» անունը նսեմացնող, վիրավորական իմաստ է պարունակել: Հետագայում «յանկի» են սկսել անվանել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին: 1775 – 1783 թվականների անկախության պատերազմի ժամանակ Անգլիայի դեմ ապստամբած վերոհիշյալ նահանգների բնակիչներին անգլիացի զինվորներն այս մականունն են տվել:

Այնուամենայնիվ, «յանկի» բառի ծագման մասին միասնական կարծիք չկա: Դեռևս 1758 թվականին բրիտանացի գեներալ Ջեյմ Վուլֆը «յանկի» բառը գործածել է Նոր Անգլիայում ծնված իր զինվորների վերաբերյալ: Մասնագետների մի մասն համոզված է, թե հենց այդ ժամանակ է ծնունդ առել «յանկի» եզրույթն ու աստիճանաբար տարածվել հենց այդ նշանակությամբ: Ընդ որում, ակնառու է, որ այդ եզրույթը սկզբում արհամարհական նրբերանգ է ունեցել ու գործածվել է հիմնականում բրիտանացիների կողմից: Այդ մասին է վկայում նաև ԱՄՆ անկախության համար մարտնչող զինվորների այս ծաղրանկարը:

Օքսֆորդի համալսարանի հրատարակած անգլերենի բառարանն էլ նշել է, թե «յանկի» բառը ծագել է հնդկացիական Չերոկե ցեղի լեզվում գործածվող «eankke» բառից: Նրանք այս բառով բնութագրել են Նոր Անգլիայի գաղութարարներին, և այդ բառը «վախկոտ» է նշանակում:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ այս բառը ծնունդ է առել «yinglees» (կամ «yingee») բառից, որով հնդկացիներն անվանել են սպիտակամորթներին (հավանաբար Anglais-ը կամ English-ը հնդկացիների լեզվում որոշ չափով հնչյունափոխվել է):

Վերոհիշյալ բառարանը նաև տեղեկացնում է, թե «յանկի» բառը, հնարավոր է, առաջացել է 17-րդ դարում Նյու Յորքից մինչև Օլբանի ընկած երկրամասում հաստատված հոլանդացի գաղութաբնակների շրջանում շատ տարածված «Jan» և «Kees» բառերի համակցությունից և ամենասկզբում որպես մականուն տրվել է հոլանդացիներին, ապա անգլիացիներին:

Հոլանդական տարբերակի օգտին է նաև այս բառի կապակցումը հոլանդական «Janke» ազգանվան հետ (անգլիական տառադարձությամբ՝ այն դառնում է «Yanke»): «Yanke» են անվանել այն վայրերի բնակիչներին, որոնք խոսել են անգլերեն, բայց հոլանդերեն առոգանությամբ:

ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի տարիներին հարավցիները «յանկի» են անվանել բոլոր հյուսիսցիներին: Երկրորդ աշխարհամարտից հետո Նոր Զելանդիայի, Կանադայի, Ավստրալիայի և անգլախոս այլ երկրների բնակիչները «յանկի» են սկսել անվանել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին: Ներկայում այս մականվամբ ծաղրաբար մատնանշվում են ԱՄՆ-ի բոլոր սպիտակամորթները: Կա նա «New York Yankees» (Նյու Յորք Յանքիզ) բասկետբոլային թիմ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
դեպի վեր