ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայ ժողովրդի պատմությունը աշակերտների մատուցմամբ / Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում
00:08, 20.02.2019
2580 | 0


Նվարդ Սարդարյանը (Нвард Сардарян (Nvard Sardaryan) պատմություն է դասավանդում Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցում: Նա «Նիդերլանդական օրագրի» մշտական ու հավատարիմ բարեկամներից է, կարդում ու արձագանքում է նյութերին: Վերջերս նա շատ հավանեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության` տեղի հայկական դպրոցների աշակերտների մրցույթ հայտարարելու նախաձեռնությունը:
ՈՒսուցիչն ինքը` Հայ ժողովրդի պատմությանը վերաբերվող հանձնարարություններ է տալիս իր սաներին, վերջիններս մեծ սիրով հանձն են առնում ու գեղեցիկ մատուցմամբ ներկայացնում: ՈՒսուցչուհին գտնում է, որ սփյուռքում ապրող հայ երեխաներին (նաև մեծահասակներին) ևս հետաքրքիր կլինի դիտել և կարդալ հայրենիքում ապրող իրենց հասակակիցների կազմած ու ներկայացրած աշխատանքները: ՈՒսուցչուհին այն սիրով տրամադրեց մեզ, Մենք էլ պարբերաբար կներկայացնենք մեր պատանի բարեկամներին (նաև մեծահասակներին):
Այս նախաձեռնությունը մի փոքրիկ քայլ կլինի մեր պատանի բարեկամներին` պատմությանը, ծանոթանալու և իրազեկվելու սեփական արմատներին ու ինքնությանը:
.

Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում

Կազմել և ձևավորել է Տաթև Մանուչարյանը (8-րդ դասարանում)
Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոց


Հայ ազգային ճարտարապետությունը ստեղծեց եկեղեցաշինության համաշխարհային
գլուխգործոցներ: Եկեղեցաշինության վաղ շրջանի կառույցներից է Վաղարշապատի Մայր տաճար Ս. Էջմիածինը: Ս. Էջմիածինը հիմնադրվել է IV դարի սկզբին, ապա վերակառուցվել V դարի 80-ականներին: Բազիլիկ շենքի հիմքի վրա է կառուցվել Մայր տաճարի խաչաձև գմբեթակիր շինությունը:
.

Ավանի Ս. Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի

Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը՝ 590-ական թթ։ 602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման
ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից՝ հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր է:

.

Մրենի տաճար

Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է Թուրքիայի տարածքում։
Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ՝ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից՝ 613 թ-ին, շինարարությունն ավարտվել է 639-640 թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը՝ 30 մ, աղոթասրահն ունի 19, 6 մ լայնություն և 22 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները՝ ակնահաճո համաչափություններով։
.

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

.

Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է Էջմիածին քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է 631 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։
.

Զվարթնոց

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. "Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների բազմություն, որոնք երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ։" Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 641-661 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է՝ Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք: 1989 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Խաչքարը՝ որպես հայ արվեստի յուրահատուկ տեսակ

Խաչքարը պատվանդանի վրա կանգնեցված սալաձև կոթող-հուշարձան է: Այն՝ որպես ճարտարապետական զարդ, կարող է նաև ագուցվել եկեղեցու որմի մեջ: Խաչքարերը կանգնեցվել են որպես կոթողներ՝ ի նշանավորումն ռազմական հաղթանակների, պատմական կարևոր իրադարձությունների, տաճարների, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների կառուցման և ի հիշատակ նախնիների:
https://www.nidoragir.com/2019/02/6-8.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր