Մեծարգո՛ պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ և քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված և ոգևորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, և պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը: Պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով: Այսօր, երբ Դուք առաջնորդում եք մեր երկիրը Ձեր տիրավանդ իշխանությամբ, մենք ազգովի` Հայաստան, Արցախ և Սփյուռք, պետք է անձանձրույթ աղոթենք, փառք վեր առաքենք առ Բարձրյալն, որ Ձեր իմաստնությամբ, աշխատասիրությամբ, բայց նաև աղոթքով տեղի ունեցավ մեծ հրաշքը, և մենք ձերբազատվեցինք նախորդ իշխանությունից: Վերջին քսան տարում առաջին անգամ լինելով` Երկնավորը Ձեր միջոցով իր դեմքը մեզ ցույց տվեց: «...» Բավ է հանդուրժել հայ ժողովրդի վերջին 19 տարիների որբությունը և Սուրբ Հոգու պանդխտությունը Մայր Աթոռից: Գարեգին Բ-ն և Սուրբ Հոգին անհամատեղելի են: Մեծարգո՛ պարոն վարչապետ, ես քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին անկախ է պետությունից, սակայն ում պիտի ուղղեի խոսքս, եթե ոչ Ձեզ: Դուք աստվածավախ եք, Դուք հեղինակություն եք, Դուք իշխանություն եք և, վերջապես, իմ վարչապետն եք, ում արևշատության ու ազգաշեն գործոց հաջողությունների համար հանապազ աղոթում եմ: Գարեգին Բ-ն չարիք և պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար, քանզի երիտասարդ հոգևորականների մի սերունդ, ովքեր չեն տեսել լուսահոգի կաթողիկոսներ Վազգեն Առաջինին և Գարեգին Առաջինին, փորձում են նմանվել նրան: Մի առիթով Գարեգին Բ-ն հպարտորեն և ինքնագոհությամբ անձամբ ինձ պատմեց, թե ինքն ու իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հատուկ մերսում են ստացել Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մերսողի կողմից, և որ այդ հաճույքն ընդամենն արժեցել է 15 հազար եվրո: Ամենայն Հայոց կաթողիկոսի այս ցոփ ու շվայտ կենցաղավարության մասին երբ կիսվեցի երիտասարդ հոգևորականներից մեկի հետ, ապշանքս ու զայրույթս ավելի մեծացավ, երբ վերջինս արձագանքեց. «Հալալ է իրեն, ես էլ գումար ունենայի, ես էլ նույնը կանեի»: Ս. Էջմիածնի այսօրվա գահակալի իշխանությունը չարից է, բազում են վկայությունները: Ես անում եմ իմ քայլը և ձեռնոց եմ նետում «ավազակապետության կաթողիկոսին» ... և պահանջում եմ, որ Գարեգին Բ-ն հեռանա Ս. Գրիգոր Լուսավորչի բռնազավթած գահից: «...» Թող Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը:
«Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիւ, և ոչ էլ կարգալոյծ լինելը` անպատւութիւն...»:
|