ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ՈԱԱԿ-ի 10-ամյակի շրջանակներում քննարկվել է բուհերի կառավարման արդյունավետության բարձրացումը
17:01, 25.02.2019
2678 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իր տասնամյակի միջոցառումները մեկնարկել է աննախադեպ միջոցառմամբ՝ թեյախմություն-քննարկմամբ, որը տեղի ունեցավ խորհրդանշական վայրում՝ Մատենադարանում։

ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի աջակցությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ։

Առաջին անգամ էր, որ ԿԳ նախարարը, ՈԱԱԿ տնօրենը և բուհերի հոգաբարձուների խորհուրդների ղեկավարները թեյի սեղանի շուրջ քննարկեցին բուհերի խնդիրները։

Քննարկման առանցքում բուհերի կառավարման արդյունավետության բարձրացումն էր։ Կարևորվեց նաև բուհերի որակի ապահովման կենտրոնների դերի բարձրացումը։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ցանկալի է՝ բուհերում գործող որակի ապահովման կենտրոնները անկախ միավորներ լինեն, որոնք կկարողանան այլընտրանքային կարծիք ներկայացնել հոգաբարձուների խորհրդին բուհի զարգացման, ծավալվող որակի ապահովման գործընթացների արդյունավետության մասին։

Պարոն Թոփչյանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներին նաև առաջարկեց հետևել, որ իրենց բուհերի ռազմավարական ծրագրերը լինեն հստակ, իսկ սահմանված վերջնարդյունքները՝ չափելի և ոչ վերացական։

Հանդիպման մասնակիցները շեշտեցին բուհ-գործատու համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետք է արվի առավելագույնը, որպեսզի բիզնեսի ներկայացուցիչները ներգրավվեն հոգաբարձուների խորհուրդներում և առաջարկեն բուհերի զարգացման ուղղություններ, որպեսզի դրանց գործունեությունն ինչ-որ չափով համահունչ լինի աշխատաշուկային։

Կարևորեց նաև բուհերի կարիերայի կենտրոնների աշխատանքը․ հենց այս կենտրոնները պետք է ուսումնասիրեն իրենց բուհի շրջանավարտների հոսքը, աշխատաշուկայի կարիքները և բուհին ու նախարարությանն ուղղորդեն ընդունելություն կազմակերպելու, պետպատվեր ձևավորելու հարցում։

Քննարկման թեմաներից էր նաև շնորհվող որակավորումների արժանահավատության խնդիրը․ այն է, շնորհված դիպլոմը պետք է որոշակի տեղեկություններ տա պոտենցիալ գործատուին մասնագետի կարողությունների ու հմտությունների մասին։

Բուհերի հոգաբարձուների խորհուրդների ղեկավարները բարձր գնահատեցին շփման նման հնարավորությունը՝ հույս հայտնելով, որ այդ ձևաչափով միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր