ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հարցազրույց Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Արա Պողոսյանի հետ
00:17, 16.03.2019
3367 | 0

Հարց: Բարև Ձեզ, պարոն Պողոսյան: Հայտարարություն էր տարածվել Արմենական շարժում սկսելու և Արմենական կուսակցության վերածննդի մասին: Խնդրում եմ, հակիրճ ներկայացնեք թե ի՞նչ է իրենից ներկայացնում Արմենականությունն այսօր, և ինչ փուլում եք այժմ:


Պատասխան: — Ողջույն: Այո, իմ համախոհ ընկերների հետ դեռ հոկտեմբեր ամսից սկսեցինք Արմենական շարժումը, որի նպատակն էր հայկական իրականության առաջին քաղաքական կուսակցության վերածնունդը: Արմենականների հետ մեր գաղափարական առընչությունը ընդհանրանում էր մեզանից ոմանց նախնիների արմենական լինելու էմոցիոնալ կապով:
Արմենականությունն այսօր վերաիմաստավորելով իր գաղափարական և ծրագրային հայեցակարգերը, ներկայանում է իբրև ազգային քաղաքական շարժում, որի հիմնական նպատակը ազգային իդեալներով առաջնորդվող ազգային-քաղաքական գործիչների պատրաստումն է, և քաղաքական դաշտում կառուցողական ազգային ուժի առկայության բացի լրացումը: Ի վերջո՝ ելնելով մեր պետության կենսական շահերից, գտնում ենք, որ արմենականությունն այն ազգային-քաղաքական գիծն է, որը կարող է նորություն բերել ազգային և քաղաքական դաշտում:
Իրականում մեր կոչն՝ ի զարմանս մեզ, հատկապես արմենականների ժառանգների շրջանում է մեծ արձագանք գտել, և կարծում եմ, որ Արմենականության վերածնունդն իսկապես ժամանակի հրամայականն է:
Այժմ մենք պատրաստվում ենք Հիմնադիր Համագումարին, և վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, Արմենականության վերածնունդն այլևս անշրջելի է:




Հարց: Ասացեք խնդրեմ, ովքե՞ր են եղել արմենականները, և ի՞նչ դեր են ունեցել նրանք հայոց ազգային-քաղաքական կյանքում:




Պատասխան: — Արմենական կուսակցությունն հայ իրականության առաջին և միակ երկրածին կուսակցությունն էր: Այն ստեղծվեց պատմական շատ դժվար ժամանակահատվածում՝ սաստկացել էին հայության նկատմամբ հետապնդումներն ու բռնությունները Օսմանյան կայսրության տարածքում, և առաջացել էր ազգային պայքարի՝ ինքնապաշտպանության, կազմակերպման համար հատուկ մարմինների անհրաժեշտություն, և այդ անդրանիկ կազմակերպությունն Արմենական կուսակցությունն էր, որը ստեղծվեց 1885 թվականին Վանում: Կուսակցության ստեղծման նախաձեռնողը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, ով հետագայում հոր անունով վերցրեց Ավետիսյան ազգանունը: Չմանրանալով ստեղծման նախապատմության և այլ մանրամասների մեջ, նշեմ, որ Արմենականների գաղափարական հայրերը եղան Վանի երեք Մկրտիչները՝ Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանը, Մկրտիչ Փորթուգալյանը և Մկրտիչ Խրիմյանը: Փորթուգալյանը և Խրիմյանն ազատասիրական գաղափարների այն սերմնացաններն եղան, ովքեր աճեցրին մի հզոր հեղափոխական սերունդ, որը կանգնեց ազգային դատի պաշտպանության առաջին շարքերում: Արմենականություն ի տարբերություն այլ ուժերի, մերժում էր հապշտապ գործողությունները, և կոչում էր հայությանը զինավարժության և կրթության, նպաստավոր պայմանների դեպքում համընդհանուր ապստամբությամբ ազատագրվելու հեռանկարով: Բավկանին ժամանակ Արմենականները առանց անտեղի աղմուկի կարողացան ստեղծել զինատար խմբեր և զենք կուտակել, զինավարժության կոչել երիտասարդությանը, հեղափոխական գրականություն տարածել համերկրացիների շրջանում: Սակայն պատկերը փոխվեց 1896 թվականին, երբ սկսվեցին համիդյան բռնությունները, որոնք թիրախ էին ընտրել հենց Վանը: Վանի ինքնապաշտպանության կազմակերպման համար միացան երեք կուսակցություններն էլ և Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ կարողացան կանխել Վանի հայ բնակչության կոտորածը, սակայն ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու գործուն դեմքերը ստիպված եղան հեռանալ Վանից անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրևանդցու առաջարկությամբ ու երաշխավորությամբ: Սակայն դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա հարձակվում են թուրք –քրդական ջոկատները և գլխովին ջախջախում: Նահատակվում է նաև Արմենական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը՝ Մկրտիչ Ավետիսյանը: Նրա և ութ հարյուր արմենականների նահատակությունից հետ Արմենական կուսակցությունը աստիճանաբար սկսում է իր առաջատար դերը զիջել մյուս կուսկացություններին: Առավել չմանրանալով պատմական դետալների մեջ, պետք է նշեմ, որ Արմենականությունը ժամանակի փորձության մեջ ապացուցեց իր իրատեսական և պռակտիկ լինելը: Եվ այսօր էլ, երբ հասարակության և անհատի համար հիմնական շարջիչը էմոցիոնալ ազդակներն են, դարձյալ Արմենականության բուն էությունն արդիական է:


Հարց: Ինչպե՞ս եք պատկերացնում Արմենական կուսակցության արդի գործունեությունը:


Պատասխան: — Հստակ է, որ Արմենական կուսակցությունը որդեգրելու է սկզբնական կազմակերպության գործելաոճն ու սկզբունքները: Հետևաբար, չնայած ժամանակի ընթացքում փոխվել են իրողությունները, բայց նույնիսկ այսօր արդի են Արմենականության փլիսոփայությունն ու գործելաոճի սկզբունքները: Մեզ համար սկզբունքային է հայապահպանությունը և հայեցի կրթության ապահովումը հատկապես հայկական գաղթօջախներում: Սակայն, կրթական և լուսավորչական աշխատանքները մենք հատկապես կարևորում ենք ինքնությունը կորցրած մեր եղբայրակիցների շրջանում: Եվ այս առումով, պետք է կարողանանք ստեղծել հուսալի հաղորդակցություն հատկապես Թուրքիայի հայկական համայնքների և հայ անհատների, ինքնությունը կորցրած կամ փնտրող էթնիկ հայերի շրջանում: Պետք է կարողանանք առերեսվել իրականությանը, և որոշել՝ իսլամացված կամ այլ ինքության կրող հայերը հայկական ամբողջականության մասն են, թե՞ ոչ: Եթե այո, ապա պետք են գործուն քայլեր, առնվազն նրանց Հայոց լեզվին և գրականությանը հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև Հայոց պատմությունն ավետելուն: Որպեսզի հակիրճ լինեմ, և խոսքս բարձրագոչ չհնչի, ասեմ, որ Արմենական կուսակցության արդի գործունեությունը խարսխվելու է Արմենականության փիլիսոփայության և գործելաոճի սկզբունքների վրա:


Հարց: Ո՞րն է արմենականների առաքելությունն ապագայում:


Պատասխան: — Արմենականների առաքելությունն անցյալում և ապագայում նույնն է՝ պատրաստել Հայ Ազգին իր ազգային երազանքների իրագործմանը: Գործել ըստ հանգամանքների՝ նպատակների իրականացման ժամանակն համարելով բարենպաստ պայմանները, սակայն միշտ առաջնորդող ունենալով Հայ Ազգի ազգային իղձերն ու երազանքները, Ազգային և Պետական շահը: Հավատարիմ մնալով Ազգի արմատներին և պապերի կտակին:


Հարց: Ինչպիսի՞ քաղաքական դիապազոնում է գործելու Արմենական կուսակցությունը:


Պատասխան: — Արմենական կուսակցությունն ըստ էության գործելու է իբրև պետականամետ ազգային ուժ, որը կաշկանդված չի լինելու իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու մեջ: Չե՛նք գործելու իբրև որևէ «ճամբարի» մաս: Ավելին՝ Արմենականությունն հենց այն առանցքն է դառնալու, որի պայքարն ու նպատակները չեն սահմանափակվելու միայն ներքաղաքական խնդիրներով: Այս պահին շատ չեմ ցանկանում փակագծեր բացել, ավելին՝ կարծում եմ, որ պետք է գործն առաջ անցնի խոսքից:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Հովհաննիսյան
դեպի վեր