ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայաստանի դեսպանը այց է կատարել Նիդերլանդների Խրոնինգեն մարզ
23:14, 22.03.2019
2164 | 0

Հայաստանի դեսպանը այց է կատարել Նիդերլանդների Խրոնինգեն մարզ




Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։ Այդ մասին Նիդերլանդական օրագիրը տեղեկանում է դեսպանատան կայքէջից և ԱԳ մամուլի հաղորդագրությունից: Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվեց նաև Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպեց համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնեց Հայաստանի, համահայկական կարևորության խնդիրների և հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն և հոլանդերեն լեզուներով։

Այնուհետև Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջև։


Իր խոսքում և ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին և ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարևան երկրների հետ հարաբերություններին և միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։

ՏԵՂԵԿԱՆՔ (Նիդ.Օրագիր)
Խրոնինգենը (Groningen) քաղաքապետարան է հոլանդական համանուն նահանգում (մարզում), կենտրոնացած` Խրոնինգեն քաղաքի տարածքում: Մարզը գտնվում է Նիդերլանդների հյուսիսային մասում, իսկ համանուն քաղաքը այդ հատվածի բնակչությամբ` ամենամեծը: 2018 թ. Մայիսի 31-ին քաղաքապետարանը 202, 332 բնակիչ ունի (աղբյուրը, CBS), որը վերջին միավորումից հետո` 2019 թվականի հունվարի 1-ը, հասավ մինչեւ 231, 354: Բնակչության թվով ամենամեծ քաղաքապետարան է հյուսիսային Նիդերլանդներում:
Գրոնինգենի քաղաքապետարանը բաղկացած է 21 մասից, որոնցից մեկն ընդգրկում է քաղաքը` իր 190, 590 բնակչությամբ, այնուհետև Հարենը (17, 250 բնակիչ), Հոուգկերկը (9795 բնակիչ), Տեն Բուրը (4, 650 բնակիչ) և Գիլմենը (1, 330 բնակիչ) 180 կմ² է ընդհանուր մակերեսով:

Խրոնինգենը` Խրոնինգեն-Ասեն տարածաշրջանի գործընկերության մաս է կազմում: Այն բաղկացած է 12 քաղաքապետարաններից, ներառյալ երկու քաղաքները` Խրոնինգենը և Ասենը: Այս տարածաշրջանում ապրում է մոտ 536, 000 բնակիչ (2019 թվականի հունվարի 1):
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր