ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Միջնադարի սատանան սիրել է մանր-մունր կատակներ անել, մարդկանց հոգու հետ խաղալ ու նաև պատժել է չար, մեղքեր գործած մարդկանց
22:19, 02.04.2019
5320 | 0

17-րդ դարի գերմանացի գրող Հեյստերբախը պատմում է մի շատ բարեպաշտ հոգևորականի կյանքի պատմությունը: Սատանան չափազանց շատ է այս հոգևորականին հետամտել, որպեսզի նրան համբերությունից հանի: Օրինակ` երբ պատվարժան հոգևորականը գիրք է կարդացել, սատանան գողունի մտել է սեղանի տակ ու ձեռքը դրել է գրքի այն հատվածի վրա, որն հոգևորականը կարդալիս է եղել, որպեսզի խանգարի նրան կարդալ: Երբեմն նա հանկարծակի փակել է գիրքը կամ շրջել է էջերը: Գիշերները, երբ բարեպաշտ հոգևորականը մոմի լույսի տակ է կարդացել, սատանան փչելով հանգցրել է մոմը: Այս բոլոր մանր չարություններով սատանան ցանկացել է համբերությունից հանել բարեպաշտին, ստիպել, որ նա զայրանա ու որևէ հայհոյական խոսք ասի: Իսկ հայհոյական խոսքը, թեպետ փոքր, բայց և այնպես մեղք էր: Բայց սատանան արդյունքի չի հասնում: Հոգևորականն այնպիսի համբերությամբ է դիմանում բոլոր կատակներին, որ սատանան, տեսնելով, որ որևէ արդյունքի չի կարող հասնել, հեռանում է:

Այն մասին, թե ինչպես են սատանաները ճանապարհից շեղում մարդկանց, նրանց ստիպում են մոլորվել, տանում են անծանոթ տեղեր, ճահճուտներ և այլն, այդ մասին ինչպես անհամար ժողովրդական պատումներ, այնպես էլ հին գրողների ու նաև եկեղեցու հայրերի պատմություններ կան: Սատանայի այդ արարքների մասին հիշատակում է, օրինակ, սուրբ Կասիանը: Գիյյոմ Փարզցին հիշատակում է մի աճպարարի մասին, որի մոտ ապրում է սատանան ու նրան համբերությունից հանում է իր կատակներով: Օրինակ` առավոտյան նա նրան արթնացրել է` վրայից քաշելով ծածկոցը, իսկ եթե նա չի արթնացել, բռնել է նրա ոտքերից ու քաշել գցել է հատակին:

Այդպիսի զվարճասեր սատանաներ հայտնի են եղել նաև խորը հնադարում: Այսօրվա մեր ընկալմամբ սատանաներ հին հռոմեացիները չեն ունեցել, բայց դրա փոխարեն նրանք ունեցել են անհամար ոգիներ` անտառային, տնային, ջրային և այլն: Այդ անտեսանելի արարածները նույնպես դեմ չեն եղել մահկանացուների հետ զանազան կատակներ անել: Օրինակ` Պլինիոս Ավագը պատմում է, թե Հռոմի տներից մեկում տնային ոգիները գիշերը զվարճացել են նրանով, որ խուզել են մարդկանց մազերը: Նրանց տեսել են այն ժամանակ, երբ նրանք, սպիտակ հագած, մտել են քնածների սենյակը, նստել են նրանց մահճակալին, կտրել են նրանց մազերը և նետել հատակին:

Բայց այդ նույն սատանաներն իրենց վրա ավելի պատվավոր պարտականություն են վերցրել` դաժանորեն պատժել են չար մարդկանց ու մեղավորներին: Դիվաբան Գուլարն, օրինակ, այսպիսի դեպքի մասին է պատմում: 16-րդ դարի առաջին կեսին Գերմանիայի բնակավայրերից մեկում մի շատ դաժան կալվածատեր է ապրել, որն իր գյուղացիներին անասելի ճնշել է: Եվ ահա այս կալվածատերը մի անգամ հրամայում է իր գյուղացիներից մեկին անտառ գնալ, մի վիթխարի կաղնի հատել ու բերել իր ագարակ` սպառնալով, որ եթե հրամանը չկատարվի, գյուղացին պատժվելու է: Խեղճ գյուղացին հասկանում է, որ դաժան կալվածատերը դիտմամբ է մոգոնել մարդկային ուժերից վեր այդ աշխատանքը, որպեսզի առիթ ունենան իրեն տանջելու: Բայց նա գնում է անտառ, նստում է մի կոճղի ու սկսում է արտասվել: Հանկարծ նրա առջև մի մարդ է հայտնվում և հարցնում է, թե ինչու է այդքան վշտացած: Եվ գյուղացին նրան պատմում է ամեն ինչ: Անծանոթը նրան հանդարտեցնում է, ասում է, թե ամբոջ գործը կարվի և հանձնարարում է տուն գնալ: Գյուղացին նոր էր տուն հասել, երբ վիթխարի կաղնին օդում սլանալով մխրճվում է չար կալվածատիրոջ տան դռան մեջ: Հնարավոր չի լինում ոչ միայն ծառը տեղաշարժել, այլև կտրել նրան ճյուղերը, որովհետև ծառը քարի պես կարծր է եղել: Չար կալվածատերը ստիպված է լինում լքել տան այդ հատվածը և տան մյուս կողմից դուռ ու պատուհան բացել:

Եվս մեկ պատմություն, որն այն մասին է, թե որքան վտանգավոր է զայրույթին տրվելը և զայրույթին տրվելու պահին չար ուժին դիմելը: Մի ազնվական իր տանը խնջույք է կազմակերպում, բայց խնջույքից առաջ բոլոր հրավիրվածներից մարդիկ են գալիս, որոնք տեղեկացնում են, որ խնջույքին չեն կարող մասնակցել և ներողություն են խնդրում: Ազնվականը շատ է բարկանում և զայրույթի պահին բացականչում է. «Դե եթե ոչ մեկը չի ուզում ինձ հյուր գալ, թող բոլոր սատանաները բարեհաճեն իմ հյուրը դառնալ»: Այս խոսքերն ասելուց հետո նա անմիջապես դուրս է գալիս տնից և գնում է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ ժամերգություն էր տեղի ունենում: Մինչ նա եկեղեցում էր, նրա տուն են գալիս բազմաթիվ մարդիկ: Նրանք բոլորը ձի հեծած էին եկել, բոլոր սև էին հագել և տան անդամների վրա շատ տագնապահարույց տպավորություն են թողնում: Հյուրերից մեկը դիմում է ծառաներից մեկին ու հրամայում է անմիջապես գտնել տանտիրոջն ու տուն կանչել: Վախեցած ծառան վազում է եկեղեցի, պատմում է տիրոջն անակնկալ հյուրերի մասին: Ազնվականը խնդրում է վանահորը խորհուրդ տալ, թե ինչպես վարվի: Եկեղեցում գտնվողները ազնվականի տուն են շտապում: Այդ ընթացքում տան անդամները փախչում են տնից ու մոռանում են իրենց հետ վերցնել փոքր երեխային, իսկ հյուրերը` այսինքն սատանաները, արդեն տուն էին ներխուժել ու հարմար տեղավորվել էին: Այսպիսով, օրորոցում քնած երեխան մնում է նրանց իշխանության ներքո: Ներխուժելով տուն` սատանաները սարսափելի խառնաշփոթ են ստեղծում: Լսելի է եղել, թե ինչպես են նրանք սեղաններն ու աթոռներն ու մնացած կահույքը շուռ տալիս: Պատուհանները բացվում են, և տեսանելի է լինում, որ տան մեջ արջեր, խոզեր, շներ ու այծեր են շրջում: Այդ հրեշներից շատերը մոտեցել են պատուհաններին` ձեռքներին տապակած մսի կտորներ, հաց, գինով լի գավաթներ և այլն: Եվ ահա այն ժամանակ, երբ տան տերերը, տնից փախածներն ու հարևանները սարսափահար նայում էին այդ ամենին, տանտերն հանկարծ նկատում է, որ իր երեխան տան անդամների հետ չէ ու մնացել է տանը` սատանաների իշխանության ներքո: Այդժամ տանտերն աղաչում է իր ծառաներից մեկին` մտնել տուն ու փրկել երեխային: Ստանալով քահանայի օրհնությունն ու հավաքվածների մաղթանքները, բարի ծառան մտնում է տուն, ծնկի է իջնում, խնդրում է Աստծո հովանավորությունն ու համարձակորեն մտնում է այն սենյակը, որտեղ սատանաներն էին: Դրանցից ոման նստած են եղել, ուրիշները քայլել են, իսկ երրորդները սողացել են հատակին: Հենց որ նա սենյակ է մտել, սատանաները նրա վրա են հարձակվել` խոզի խռխռոց հիշեցնող խլացնող ձայնով հարցնելով, թե ինչու է եկել: Երեխան էլ սատանաներից մեկի գրկում է եղել: Եվ ահա հավատարիմ ծառայի ու ստանաների միջև կռիվ է սկսվել: ՆաԱստծու անունից պահանջել է, որ նրանք իրեն հանձնեն անմեղ երեխային, իսկ սատանաները չեն տվել: Բայց խիզախ ծառան, բարձրաձայն աղոթելով, նետվել է այն սատանայի վրա, որի գրկում էր երեխան, խլել է նրան սատանայի թաթերից ու փախել է: Սատանաները դժոխային աղմուկ են բարձրացրել, խռխռացել են, սուլել, մռնչացել, մկկացել, երեխային հետ են պահանջել, խիզախ ծառային սպառնացել են, թե նրան կտոր-կտոր կանեն, բայց նա, նրանց սպառնալիքներին ուշադրություն չդարձնելով, երեխային անվնաս դուրս է հանել և հանձնել է նրա հորը: Սարսափելի հյուրերը, սակայն, էլի մի քանի օր մնացել են այդ տանը: Չի հաջողվել նրանց միանգամից դուրս քշել տնից: Բայց այս դեպքը լավ դաս է լինում ազվականին. այդ ժամանակից ի վեր նա բարի քրիստոնյա է դառնում ու սատանայի անունն այլևս չի տալիս:

Սատանան, սակայն, անզոր է եղել կանանց հանդիման, և այդ մասին անհամար պատմություններ կան: Ահա թե ինչ է «արձանագրում» ամերիկյան այս հին երգը:


Պառավն ու սատանան

Սարի լանջին մի ֆերմեր էր ապրում,

Պիտի որ մինչ այսօր էլ ապրում է:

Մի անգամ սատանան ինքը հայտնվեց նրան.

«Ֆերմայիցդ մեկին պիտի հետս տանեմ»:

«Ավագ որդուս, խնդրում եմ, մի' տար,

Լուսաբացից լուսաբաց նա աշխատում է»:

«Այդժամ քո պառավին կտանեմ»:

«Ի՞նչ կարող եմ անել: Տա'ր, տալի'ս եմ»:

Սատանան պառավին առավ և ուրախ-ուրախ

Այդտեղից միանգամից ուղիղ դժոխք իջավ:

Մեկ միլ էր դեռ անցել` չարացած թքեց,

«Գրողի տարած պառավ, ի~նչ էլ ծանր ես»:

Հասնելով դժոխք` սատանան հալից ընկած

Սատանեքին խնդրեց նրան տապակել:

Իսկ պառավն ասաց. «Սա՞ է ձեր դժոխքը»,

Ու սկսեց սատանեքին քացի տալ:

Ղժժում են սատանեքը. «Հորոխպե'ր, փրկի'ր,

Էս պառավին շուտ էստեղից վտարի'ր»:

Դեռ նոր էր արևելքն առավոտյան շառագունել,

սատանան պառավին իր տուն դարձրեց:

«Է'յ, ֆերմե'ր, սրան նորից տունդ առ,

Նա ամբողջ դժոխքը տակնուվրա արեց:

Թեպետ ամբողջ կյանքս սատանա եմ եղել,

Բայդ քո կնոջ կողքին եմ դժոխքը ճանաչել»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
դեպի վեր