ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Սենեկայի կարծիքը ստրուկների մասին (Լուցիլիուսին հղված բարոյախոսական նամակներից մեկը)
15:17, 06.04.2019
5239 | 0

Քեզ տեսած մարդկանցից մեծ գոհունակությամբ իմացա, որ դու քո ստրուկների հետ հաշտ ես ապրում: Իհարկե, այդպես էլ վայել է քո խելքի ու կրթվածության տեր մարդուն: «Բայց չէ՞ որ նրանք ստրուկներ են»: - Ո՛չ, նրանք մարդիկ են: «Ստրուկնե՜ր են»: - Ո՛չ, ընկերնե՛ր են: «Ստրուկնե՛ր են»: - Ո՛չ, կրտսեր ընկերնե՛ր են: «Ստրուկնե՛ր են»: - Այո՛, ստրո'ւկ են այնքան, որքան մենք բոլորս ենք ստրուկ, եթե նկատի առնենք ճակատագրի միատեսակ իշխանությունը մեր և նրանց վրա: Այդ պատճառով ինձ համար ծիծաղելի են նրանք, որոնք անպատվաբեր են համարում ստրուկի հետ ճաշելը: Եվ ինչո՞ւ է այդպես: Ակնառու է, պատճառն այն ամբարտավան սովորության մեջ է, որը պահանջում է, որ ստրուկների ամբոխը, ոտքի վրա շրջապատած լինի ճաշող տիրոջը: Նա ուտում է ավելին, քան կարող է նրա օրգանիզմը կրել: Աներևակայելի ագահությամբ նա լցնում է արդեն իսկ լի որովայնը, որն այդեն հետ է վարժվել կերածը մարսելուց և մեծ դժվարությամբ որոճալով փորձում է վերամարսել կերածը, քան այն դեպի ստամոքսն ուղարկել: Իսկ խեղճ ստրուկը պիտի կանգնած սպասի ու չհամարձակվի շրթունքներն անգամ շարժել՝ թեկուզ մեկ բառ ասելու համար: Ճիպոտը պատժում է ամեն մի շշուկը. նույնիսկ մարդկայն ակամա ձայները՝ հազ, փռշտոց, զկռտոց, անպատիժ չեն մնում: Մեծ պատժով է հատուցվում խաթարված անդորրը. նրանք ամբողջ գիշեր սոված ու լուռ կանգնած են մնում: Ահա թե ինչու տիրոջն ամենաշատը հայհոյում են այն ստրուկները, որոնց արգելված է իրենց ներկայությամբ բերանը բացել: Իսկ նրանք, որոնք իրավունք ունեն խոսել ոչ միայն տիրոջ ներկայությամբ, այլև նրանց հետ, որոնց բերանը ոչ ոք չի փակում, պատրաստ են տիրոջ համար նույնիսկ իրենց վիզը կոտրել, իրենց վրա առնել տիրոջն սպառնացող վտանգը: Այն ստրուկները, որոնք տիրոջ սնվելու ժամանակ խոսել են, կտտանքների ժամանակ միշտ լռել են (Սենեկան ակնարկել է Ներոնի պրոսկրիպցիաները, որոնցում ստրուկների ցուցմունքները մեծ նշանակություն են ունեցել):

Ահա ևս մեկ ասացվածք, որն իր ծագմամբ պարտական է այդ զայրացուցիչ ամբարտավանությանը՝ «Որքան ստրուկ՝ այնքան թշնամի»: Բայց նրանք իրենց բնույթով մեր թշնամիները չեն, այդ մենք ենք նրանց մեր թշնամիները դարձնում, էլ չեմ խոսում անմարդկային դաժանության ուրիշ դեպքերի մասին. մենք երբեմն նրանց ստիպում ենք անել այն, որը մեղք է նույնիսկ բառաչող կենդանիների վրա դնել: Երբ մենք, օրինակ, ճաշելիս ընկողմանում ենք, մեկը մաքրում է թուքը, մյուսը՝ կռացած, հավաքում է մեր գինարբուքի հետևանքները, երրոդը կտրատում է հազվագյուտ թռչուններին և, փորձառու ձեռքը խոթելով դրա ներսը, վստահ շարժումով դուրս է թափում փորոտիքը:

Դժբախտ է նա, ով աշխարհում ապրում է միայն նրա համար, որպեսզի թռչունների փորատիք թափի: Բայց էլ ավելի ողորմելի է նա, ով դրան սովորեցնում է անմիտ քնահաճույքից մղված, քան նա, ով անհրաժեշտաբար է սովորում:

Ահա կնոջ նման հագնված ու զարդարված մատռվակը, որ ջանում է տարիքն հաղթահարել: Նա չի կարող մանկությունից փախուստ տալ, նրան այդ տարիքում ուժով են պահում՝ չնայած այն բանին, որ նա իսկական ռազմիկի տեսք ունի. մազազուրկ վիճակում (նրա մազերը սափրել են կամ նույնիսկ փետել են) նա ամբողջ գիշեր արթուն է մնում` երկու կես լինելով տիրոջ հարբեցողության ու այլասերության միջև. ննջարանում նա տղամարդ է, իսկ խրախճանքի ժամանակ՝ տղա:

Ահա մեկ ուրիշը, որին հանձնարարված է հետևել տիրոջ սեղանակիցներին. դժբախտը պիտի պարզի, թե հյուրերից ով է ավել-պակաս խոսում կամ անհագուրդ խմում, որպեսզի տերը հաջորդ օրը նրանց չհրավիրի:

Սրան գումարիր խնջույները կառավարող ստրուկներին, որոնց քաջ հայտնի է տիրոջ քիմքը. նրանք գիտեն այն բոլոր ուտեստները, որոնք կարող են տիրոջ քիմքը շոյել ու իրենց տեսքով տիրոջը զվարճացնել. նրանց հայտնի է, թե ինչ նորույթը կարող է աշխուժացնել ամեն ինչից կշտացած տիրոջը, ինչը կարող է նրան դուր չգալ, այդ օրը նա ինչ է ցանկանալու: Իր սեղանակիցների կողքին նա հաստատ չի ուզենա ստրուկ նստեցնել. նա անպատվաբեր է համարում իր մեծությանը ստրուկի հետ մոտենալ միևնույն սեղանին: Իսկ հիմա այդպիսի ստրուկներից որքա՜նն են տերեր:

Ես Կալիստոսի տան շեմին տեսա նրա երբեմնի տիրոջը, որն անցյալում նրա պարանոցին վաճառքի մասին պիտակ էր կախել ու շուկա էր հանել: Իսկ հիմա նրան տուն չէին թողնում, երբ ուրիշներն այնտեղ ազատ մտնում էին: Ազատագրվելով ու ստանալով քաղաքացիություն, ստրուկը վարձահատույց էր եղել տիրոջ:

Մտածիր, որ նա, որին դու քո ստրուկն ես անվանում, ծնվել է նույնպիսի ընտանիքում, ինչպիսի ընտանիքում դու ես ծնվել: Քեզ նման նա էլ օգտվում է երկնքից, քեզ նման շնչում է, քեզ նման ապրում է, քեզ նման մեռնում: Չէ՞ որ ճակատագիրը շատ անվանի մարդկանց կյանքն է փլուզել, որոնք ռազմական ծառայության ճանապարհով սենատորական աստիճանի էին հասել: Հիշենք Վարոսի պարտությունը: Մեկին հովիվ դարձրին, իսկ մյուսն հարկադրված էր պահակել թշնամու տան մոտ: Դե հիմա համարձակվիր արհամարել այն մարդկանց վիճակը, որը կարող է նաև քոնը լինել:

Ես մտադիր չեմ առանձնապես ծավալվել ստրուկների հետ վերաբերվելու վերաբերյալ, որոնց հետ մենք այնքան ամբարտավանորեն, այնքան դաժանորեն ենք վարվում: Ահա իմ մտքերն ընդհանուր գծերով: Քեզանից ցածրին վերաբերվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզանից բարձրում գտնվողները քեզ հետ վերաբերվեին: Ամեն անգամ, երբ կմտաբերես քո ստրուկների վրա քո իշխանության ծավալի մասին, հիշիր, որ քո տերն էլ քո քեզ վրա նույպիսի իշխանություն ունի: «Բայց, - կասես դու, - որտեղի՞ց է ծլելու այդ տերը»: - Բարեկամս, դու դեռ երիտասարդ ես: Ո՞վ գիտե, գուցե այդ տիրոջից դու էլ կունենաս: Մի՞թե չգիտես, թե ինչ ժամանակներում են ստրկուհիներ դարձել Հեկուբը կամ Դարեհի մայրը, իսկ ի՞նչ ժամանակներում են ստրկության մեջ հայտնվել Կրեսոսը, Պլատոնը, Դիոգենեսը: Ստրուկների հետ մեղմորեն, ներողամտաբար վարվիր, թույլ տուր, որ նա մասնակցի խոսակցությանը, խորհրդի, կերուխումի հրավիրիր:

Այստեղ իմ խոսքը կկտրի մեր ամբարտավանների ողջ բազմությունը. «Ինչպիսի՜ ստորացում, ինչպիսի՜ խայտառակություն»: Բայց ես նրանց անմիջապես կասեմ, որ նրանք համբուրում են ուրիշների ստրուկների ձեռքերը (ակնարկում է Ներոնի ազատ արձակած ստրուկների նկատմամբ վերնախավի շողոքորթությունը): Դուք նույնիսկ անտեսում եք, թե ինչպիսի հետևողականությամբ են մեր նախնիները ջանացել խուսափել այն բանից, որն այնքան արգահատելի է «տեր» բառի մեջ ու այնքան ստորացուցիչ է «ստրուկ» բառի մեջ: Նրանց ժամանակ «տեր» անվանվել է ընտանիքի հայրը, իսկ ստրուկները, ինչպես առ այսօր կատակերգություններում է, անվանվել են ընտանիքի անդամներ: Նրանք սահմանել են հատուկ տոն` ոչ թե նրա համար, որ ստրուկներն այդ օրը կարողանան սեղան նստել տիրոջ հետ, այլ նրա համար, որ ստրուկներն այդ օրը կարողանան դատ անել, մի խոսքով տունը մեկ օրով փոքրիկ հանրապետության է վերածվել: «Այդ ի՞նչ բան է: Թույլ տամ, որ ինձ հետ սեղանն նստեն բոլոր ստրուկնե՞րս»: - Ճիշտ այնպես, ինչպես թույլ ես տալիս բոլոր ազատներին: Դու սխալվում ես, եթե մտածում ես, թե ես ինձանից կվանեմ մարդուն իր կեղտոտ արհեստի պատճառով: Ոչ թե մասնագիտությունն եմ արժեվորելու, այլ բնավորությունը: Ամեն մեկն իր բնավորությունն է մշակում, իսկ մասնագիտությունը պատահականության արդյունք է: Թող ոմանք քո սեղանից օգտվեն, որովհետև նրանք արժանի են դրան, թող ուրիշներն էլ քեզ հետ սեղան նստեն, որպեսզի դրան արժանի դառնան: Եթե նրանց մեջ, կեղտոտ մարդկանց հետ շփումների հետևանքով, ինչ-որ զզվելի բան կա, շնորհիվ պարկեշտ մարդկանց, այն կհղկվի: Սիրելի Լուցիլիուս, ոչ միայն ֆորումում ու սենատում կարելի է ընկեր գտնել. Դու այն կգտնես նաև քո տանը, եթե լավ փնտրես: Հաճախ լավ նյութը կորչում է արհեստավոր չլինելու պատճառով: Մեկ անգամ փորձիր: Եթե տխմար է նա, ով, պատրաստվելով ձի գնել, նայում է ոչ թե նրան, այլ սանձին ու սթարին, ապա անհամեմատելի տխմար է նա, ով մարդուն հագուստով և ինչ դասից լինելով է գնահատում: «Նա ստրուկ է»: - Ճի'շտ է, բայց գուցե նա ոգով ազատ է: «Նա ստրուկ է»: - Բայց մի՞թե դա վնասում է նրան: Ցույց տուր ինձ մեկին, որը ստրուկ չէ. մեկը ցանկասիրության ստրուկ է, մյուսը` շահամոլության, երրորդը` պատվախնդրության, և բոլորը վախի ստրուկներ են: Օրինակ` կոնսուլյարը (նախկին կոնսուլի պատվավոր կոչումն է)` պառավի ստրուկը, ահա՛ հարուստը` սպասուհու ցանցում, ահա՛ բազմաթիվ անվանի երիտասարդներ, որոնք դերասանների ստրուկներ են (նկատի ունի Ներոնին): Կամավոր ստրկությունից առավել անպատվաբեր բան չկա: Բանի տեղ մի դիր այս տերերի խոսքերը, ստրուկների հետ միշտ բարեհաճ եղիր ու մեծամտություն մի' դրսևորիր: Թող հարգեն քեզ, և ոչ թե վախենան: Վերջին խոսքերիս համար ինձ մեղադրում են ստրուկներին ինքնուրույնության կոչելու և տերերի հեղինակությունը գցելու փորձի մեջ: Կրկնում եմ` թող նրանք մեզ հարգեն` ինչպես մեր բարհաճությունը փնտրող հաճախորդները, մարդիկ:

Նա, ով մտածում է իմ վրա այդպիսի մեղադրանք բարդել, մոռանում է, որ տիրոջը չի կարող քիչ լինել այն, ինչն աստծուն անգամ բավարար է: Ով հարգանք է վայելում, նաև սեր է վայելում: Սերը չի կարող վախի հետ համատեղվել: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դու շատ ճիշտ ես անում` ստրուկներին սարսափ չներշնչելով և փորձելով նրանց վրա ներգործել միայն խոսքերով:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
դեպի վեր