ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Այսօր ազգային գործիչ, Արմենական կուսակցության հիմնադիր-առաջնորդ Մկրտիչ Ավետիսյանի ծննդյան օրն է
FriPM+04E_+040AprE_April+0400RAprPM+04_2_81
4567 | 0

ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ)

Արևմտահայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, մտավորական Մ. Ավետիսյան-Թերլեմեզյանը ծնվել է 1864 թ. ապրիլի 12-ին Վան քաղաքում, հարգված ու ազնվաբարո Թերլեմեզյանների նշանավոր գերդաստանում։ Թերլեմեզյանների ընտանիքում հարգի էին ազգային ավանդույթները, գիրն ու գիրքը։
Նախնական կրթությունն ստացել է Յանկույսների ծխական դպրոցում, ապա 1879թ․-ին Վանում Արարատյան Ընկերության կողմից հիմնադրված Վարժապետանոցում, որի տեսուչը Մկրտիչ Փորթուգալյանն էր։ Մեկ տարի հետո վերջինս Մկրտիչ Խրիմյանի հետ միասին հիմնում է Հայկազյան-Կեդրոնական վարժարանը: Հենց այստեղ էլ շարունակում է իր ուսումը Մկրտիչ Ավետիսյանը։ Վարժարանը նա ավարտում է գերազանցությամբ, տիրապետում է թուրքերեն, հայերեն, և ֆրանսերեն լեզուներին։ Շուտով նաև աշխատանքի է անցնում Հայկազյան-Կեդրոնական վարժարանում որպես հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի, ինչպես նաև ընդհանուր պատմության և աշխարհագրության ուսուցիչ:
Վանում և բովանդակ Արևմտահայաստանում ժողովրդի ազգային ոգին բարձրացնելու, լուսավորչական աշխատանքներ տանելու պատվավոր ու ազգանվեր գործի ռահվիրաններն էին Խրիմյան և Փորթուգալյան Մկրտիչները, որոնց իր արժանավայել զորակցությունը բերեց Մկրտիչ Ավետիսյանը։
Սնվելով Մկրտիչ Փորթուգալյանի և Մկրտիչ Խրիմյանի գաղափարներից, Մկրտիչ Ավետիսյանն իր ընկերների` Ռ. Շատվորյան, Գր. Պեոզիկյան, Գր. Թերլեմեզյան, Գր. Աճեմյանը (գուրգեն Մահարու հայրը), Գար. Բաղեցյան, Ղ. Խանջյան (Աղասի Խանջյանի հայրը), Գր. Օտյանը, Գ. Ասլանյանը, հիմնեցին «Գործակցական Միություն» -ը, որը և դարձավ հիմքը Արմենական կուսակցության։ Որպես կուսակցության հավաքատեղի է ծառայում Թերլեմեզյանների տան հնձանը, որը հետագայում հայտնի դարձավ Խսրի տուն Անվամբ:
Այսպիսով, 1885 թ. աշնանը, հիշյալ Խսրի տան մեջ Մ. Ավետիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ Արմենական կուսակցության փաստացի հիմնադրումը։
Շուտով Արմենական կուսակցությանը միացան նաև Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հայրապետ Հաճիկյանը, Արմեն Շիտանյանը, Միքայել Նաթանյանը, Արտակ Դարբինյանը, Հովհաննես Գուլօղլյանը և շատ ուրիշներ։
Պետք է նշել, որ Արմենական կուսակցության պարծանքը, նվիրյալն ու տաղանդաշատ առաջնորդը, ով սիրված էր և սիրվեց բոլորի կողմից՝ Մկրտիչ Ավետիսյանն էր, ում նվիրվածության շնորհիվ շուտով Արմենական կուսակցությունը Վասպուրականում սկսեց վայելել լայն ժողովրդականություն։ 1886 թ․-ից Մկրտիչ Ավետիսյանը բացահայտ պայքար է սկսում Վանի առաջորդ Պողոս եպիսկոպոսի դեմ, ում պատճառով էլ Խրիմյանը հեռացել էր Վանից։ Պայքարը ծավալվում էր Պողոսականների և Ապողոսականների միջև։ Շուտով պոլսահայ մամուլում մի հոդված տպագրեց Մկրտիչը, որտեղ կոչ էր անում պայքարել Պողոսականների դեմ, ինչի պատճառով էլ շուտով ձերբակալվեց թուրքական իշխանությունների կողմից։

Ձերբակալությունից ազատվելուց հետո Թերլեմեզյանն անցավ Սալմաստ, որտեղ հայությունը նրան մեծ ոգևորությամբ ընդունեց։ Նա Սալմաստի 12 հայաբնակ գյուղերում բացում է վարժարաններ և ինքն էլ դասավանդում մի քանի առարկաներ։ Երկու տարի Պարսկաստանում մնալուց հետո Ավետիսյանը Ռուսաստանի վրայով անցնում է Կ. Պոլիս։
Այստեղ էլ թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդումները, և ի վերջո բռնում են Մ. Ավետիսյանին, դատում ու աքսորում են հյուսիսաֆրիկյան Տրիպոլի բնակավայրը։ Խելացի ու ճարպիկ Ավետիսյանին հաջողվում է փախչել աքսորավայրից և Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնել Մ. Փորթուգալյանին, որը հաստատվել էր Մարսելում ու 1885 թ. աշնանից հրատարակում էր «Արմենիա» թերթը։
Մ. Ավետիսյանն սկսում է աշխատակցել «Արմենիային» և որպես նրա թղթակից, այցելում է տարբեր խոշոր կենտրոններ, այնուհետև Հյուսիսային Ամերիկա և այլ հայաշատ երկրներ։ 1890 թվականին, Մարսելում Լույս է տեսել Մկրտիչ Ավետիսյանի «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը:
Ամենուրեք Մ. Ավետիսյանն հնարավորինն էր անում, թերթն ու արմենականության գաղափարախոսությունը տարածելու, ինչպես նաև Արմենական կուսակցության մասնաճյուղեր հիմնելու համար։
1893 թ. նա նշանակվում է որպես Սալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների տեսուչ։ Այստեղ նոր, ավելի մարդասիրական և մանկավարժական տեսակետից՝ առաջադիմական, մեթոդների կիրառմամբ Ավետիսյանը արմատապես փոխում է դպրոցների դասավանդման սկզբունքներն ու ձևերը։
Իր մարդկային և ազգային որակների, իրական տաղանդավոր առաջնորդի կեցվածքի շնորհիվ կարողանում է ակտիվացնել տեղի հայկական համայնքը, ինչն այն օրերի համար խիստ անհրաժեշտություն էր ազգային միաբանության, և արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպման, զենք ու զինամթերքի մատակարարման համար։
Ավետիսյանի ջանքերի շնորհիվ կուսակցության մասնաճյուղեր էին գործում Արևմտահայասատնի գավառներից մինչև հեռավոր Ամերիկայի Միացյալ նահանգներ։
Ավետիսյանն այս ամբողջ ընթացքում ուշի ուշով հետևում էր Արևմտահայաստանում ընթացող գործընթացներին։

1895 թ.-ին նա տեղափոխվում է Վան և ստանձնում կուսակցության ղեկավարությանը, ուշադրությունը կենտրոնացնելով զենքի կուտակման և տեղափոխման աշխատանքների, զինատար խմբերի անխափան գործունեության վրա: Արմենականներն Ավետիսյանի ղեկավարությամբ կազմեցին զինատար խմբեր և սկսեցին զենք ու զինամթերք ներկրել Էրգիր Սալմաստ-Դերիկ-Վան ճանապարհով։ Իհարկե, հիմնական աշխատանքների մեջ էր նաև երիտասարդությանը զենքի և զինավարժության սովորեցնելու խնդիրը։
Ավետիսյանի վերադարձը Վան մեծ խանդավառություն առաջ բերեց արմենականների մոտ: Շատերը մտածում էին Արմենական կազմակերպությունը համահայկական քաղաքական կուսակցության վերածելու մասին, որովհետև թե կուսակցականները և թե իրենց առաջնորդը համոզված էին, որ արևմտահայերը իրենք պետք է լուծեն արևմտահայությանը հուզող հարցերը։ հենց այս շրջանում էր, որ մշակվեց Արմենական կուսակցության նոր ծրագիրը, սակայն դժբախտաբար, Արմենական կուսակցության ազգանպաստ գործունեության դեմ աշխատում էին և՛ օսմանյան իշխանությունները, և՛ թշնամաբար տրամադրված հայ շրջանները:

1895 թ. ընդհանուր ջարդերի ժամանակ Վանում արմենականներն ունեին մոտ 105 խումբ, որոնցից յուրաքանչյուրում` 10-15 մարդ և մոտ 350 հրացան։
1896թ. Հունիսի 3-ից թուրքերը գործի դրեցին ջարդի վաղուց մտածված իրենց ծրագիրը։ Հունիսի 3-ին թուրքական խուժանը հարձակվում է Վանի թաղամասերի վրա և 2 օրվա ընթացքում հայկական թաղերն ամբողջությամբ զոհ են գնում թուրքական յաթաղանին։ Այս օրերին Արմենականանները, Դաշնակցականներն ու Հնչակյանները կազմում են միջկուսակցական հանձնախումբ և ստանձնում ժողովրդական ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Զինվորական խորհուրդը Արմենակ Եկարյանին, Շիկահերին ու Տրպեին հանձնարարում է անցնել Պարսկաստան և զենք հավաքել և տեղափոխել Վան։ Սակայն այս ծրագիրը ձախողվում է, քանի որ վերջիններս ձերբակալվում են պարսկական իշխանությունների կողմից։

Փորձառու, հեռատես և ամբողջովին ժողովրդի բախտով ապրող Ավետիսյանի համար կարևորը ստեղծված իրավիճակից ելք փնտրելն ու ժողովրդին մոտալուտ կործանումից փրկելն էր։ Նրա համար նեղ կուսակցական շահերը երկրորդվում էին, երբ խոսքը ժողովրդին էր վերաբերվում։ Արմենականների աննկուն առաջնորդը ամբողջապես հիմնավորվում է փոխադարձ համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը։ Բարեբախտաբար, այս տագնապալից օրերին հայ կուսակցությունների տեղական առաջնորդները հանդես բերեցին խոհեմություն գործելով միակամ, ինչն էլ իսկապես տվեց իր պտուղները։
Հունիսի 4-ից նախապես ցուցակարգված 500-ից ավելի ռազմիկների տեղավորում են դիրքերի վերածված երկհարկանի տներում։ Հայկական թաղամասերը վերածվել էին ինքնապաշտպանական ճամբարի: Հայկական ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատարը Մկրտիչ Ավետիսյանն էր։ Ավետիսյանն ու մյուս ղեկավարների անձնանվեր ջանքերի գնով Այգեստանը վերածվել էր մի իսկական անառիկ ամրոցի։
Վանի ինքնապշտպանությունը տևեց շուրջ յոթ օր՝ 1896 թ. հունիսի 3-ից 10-ը։ Եվ ահա՝ զգալով հայերի հնարավոր հաջողությունը, գործի է լծվում Վանում անգլիական հյուպատոսը, ով կարծում էր, որ հայերի հնարավոր հաջողությունը կարող է նոր ռուս-թուրքական պատերազմի պատճառ դառնալ, ինչն էլ հնարավորություն կտար ռուսական զորքին գրավել նոր տարածքներ Օսմանյան կայսրությունից և ամրապնդել իր դիրքերը Արևելքում: Ստեղծվում է միջնորդական խումբ, որը Սաադէդդին փաշայի հետ և անունից սկսում է դիվանագիտական խարդավանքներ։ Այսպիսով՝ Մ. Ավետիսյանին առաջարկվում է հանձնվել այն պայմանով, որ կպահպանվի նրանց կյանքը։ Ավետիսյանն առաջարկում է շարունակել պայքարը, որովհետև հակառակ դեպքում թշնամի թուրքը կկոտորի բոլորին։ Երկար վիճաբանություններից հետ վերջապես համաձայնություն է ձեռք բերվում, որ հայ մարտիկները թողնեն Վանը` այն պայմանով, որ ճանապարհին չհետապնդվեն թուրքական և քրդական ուժերի կողմից։ Համաձայնությունը ձեռք է բերվում և Ավետիսյանի հրամանով խմբերը թողնում են իրենց դիրքերը՝ շարժվելով դեպի Վարագա վանքը։ Այստեղ միջկուսակցական ժողովում որոշվում է, որ բոլորը միասին առաջ են շարժվելու մի ուղղությամբ։ Նախապես որոշվում է, որ հնչակյան զինվերնորը Մարտիկի գլխավորությամբ որպես առաջապահներ շարժվում, դաշնակցականները` Պետոյի առաջնորդությամբ, թիկունքից, իսկ արմենականները` Ավետիսյանի գլխավորությամբ անզեններին էին պաշտպանելու երկու կողմերից։
Սակայն մեկ օր անց այդ պլանը փոխվում է, և Արմենականների խումբը, որն ամենամեծն էր, ընդունում է անհրաժեշտ պաշտպանական մարտակարգ, և առանձին բռնում է նահանջի ճամփան։ Մոտ 600 արմենականներ Ավետիսյանի ղեկավարությամբ, ծրագրում են Չուխի և Բաշ Գալեի ճանապարհով գնալ ու Սբ․ Բարդուղիմեոս վանքի վրայով անցնել Պարսկաստան։ Սակայն նրանց հենց սկզբից սկսեցին հետապնդել թուրքական և քրդական մեծաքանակ ուժերը։
Անվերջ ընդհարումներից հետո Մկրտիչ Ավետիսյանի առաջնոր- դած արմենակնների խումբը մտնում է Խանասուրի դաշտ, որտեղ և գտնվում էր սուրբ Բարդուղիմեոսի հինավուրց վանքը։ Այստեղ դարանակալ մեծաքանակ թուրք զինվորներ և քրդական հեծյալներ շրջապատում են Արմենականներին։ Անհավասար մարտում զոհվում են արմենականների մեծագույն մասը, այդ թվում՝ անփոխարինելի և նվիրյալ առաջնորդ Մկրտիչ Ավետիսյանը, ընդամենը 32 տարեկանում:
Ժամանակակիցները վկայում են, որ Ավետիսյանն հնարավորություն ուներ խույս տալու մահից։ Համաձայն վկայությունների, նրա զինակիցները՝ տեսնելով ստեղծված վիճակի ծանրությունը, խնդրում են Ավետիսյանին թողնել մարտադաշտն ու ծպտված հեռանալ։ Սակայն անվեհեր առաջնորդը որոշում է իր ժողովրդի հետ կռվել մինչև արյան վերջին կաթիլը։ Ինքնապաշտպանական այդ մարտերում ամենածանր կորուստը հայ քաղաքական կազմակերպություններից կրեցին արմենականները։
Այդ մարտերում զոհվեցին կուսակցության անդամաների մեծ մասը։ Նահատակվեց արմենականների ղեկավար կորիզն ու առաջնորդ Մկրտիչ Ավետիսյանը։ Ավետիսյանի և մյուս արմենականների նահատակությունը հիմնովին թուլացրեց Արմենական կուսակցությանը։
Պետք է նշենք, որ աննկուն մարտիկի, տաղանդավոր մտավորականի, ազգային Դատի նվիրյալ առաջնորդ Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանի ավանդն հայ ազգին անուրանալի է, և իբրև Արմենական կուսակցության հիմնադիր առաջնորդ, մենք պարտավոր ենք ո՛չ միայն հիշել և խնկարկել, այլև շարժվել նրա թողած հետագծով, միշտ հավատարիմ մնալով ազգային ուխտին, և սեփական բարօրությունը ստորադասելով Ազգային բարօրությանը:

Այսօր էլ Մկրտիչ Ավետիսյանի կերպարը ոգևորիչ և ոգեշնչող է, և մենք՝ իբրև Արմենականներ, ստանձնում ենք քայլել նրա ավանդած ուղով, միշտ հավատարիմ Արմենական ուխտին և մեր սիրելի առաջնորդ Մկրտիչ Ավետիսյանին:

Ավետիսյանի պայծառ կերպարը հավերժ կմնա հայոց ազատագրական շարժման պատմության մեջ և դեռ երկար կոգևորի ներկա ու գալիք սերունդներին։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Հովհաննիսյան
WedAM+04E_+040JulE_July+0400RJulAM+04_2_81
2404 | 0
SunAM+04E_+040FebE_February+0400RFebAM+04_2_81
2939 | 0
ThuPM+04E_+040NovE_November+0400RNovPM+04_2_81
4653 | 0
SunPM+04E_+040NovE_November+0400RNovPM+04_2_81
5990 | 0
SatPM+04E_+040NovE_November+0400RNovPM+04_2_81
4039 | 0
դեպի վեր