ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աստծու հրամանով Կարլոս Մեծը գողություն է անում, իսկ թե ինչու, կիմանաք ստորև
21:16, 03.05.2019
5214 | 0

Մի գիշեր, երբ Եվրոպայի գրեթե կեսն ընդգրկող վիթխարի պետության կայսրը` Կարլոս Մեծը, անուշ քուն էր մտել իր նոր պալատում, մի հրեշտակ է նրան հայտնվում ու հայտարարում է, թե Աստծու հրամանով նա պետք է գողություն կատարի: Անակնկալ պահանջից ապշահար կայսրն ակամա բացականչում է,

-Ո՞նց թե: Իմ մազերը պատվո ճանապարներին են ճերմակել, իմ գանձարանը բերնեբերան լի է ոսկով ու արծաթով, իմ գավազանի տակ է նույնիսկ հավերժական Հռոմը, և ես ստիպված եմ լինելու գո՞ղ դառնալ: Ո'չ, Աստված չի' կարող ինձ այդպիսի հրաման տալ:

-Մի' վիճարկիր նախախնամության որոշումը, - ասում է երկնային սուրհանդակը. Նրա որոշումներն անմեկնելի են, և այն, ինչը մարդկանց հաճախ չարիք է թվում, իմաստուն Աստված զուտ նրանց բարիքի համար է կարգադրում:

Այս խոսքերից հետո հրեշտակն անհետանում է: Աստծո հրամանին հնազանդ կայսրը վեր է կենում, զրահավորվում է, վերցնում է սուրը և անաղմուկ դուրս է գալիս պալատից: Խիստ խավարամած գիշեր է լինում, և Կարլոսը չի կողմնորոշվում, թե ուր է գնում, քանզի աստվածային հրամանը նրան չափազանց անհանգստացրել ու տագնապի էր մատնել: Ինչպե՞ս գողանալ և չբռնվել: Եվ կայսրը մտածում է: «Լավ կլիներ, որ հետս լիներ խորամանկ Էլգեբաստը: Բոլոր գանձերս կտայի, միայն թե նա կողքիս լիներ»:

Եվ Կարլոսը ծանր հոգոց է հանում: Հանկարծ նա զգում է, որ մի անհայտ ուժ սուրը ձեռքից առնում է, սաղավարտը գլխից հանում է ու մերկացնում ճաղատը, ծանր ասպարի փոկերն արձակում է: Հետո մի ձայն նրա ականջին շշնջում է. «Ձերդ մեծություն, այս հագուստը մենամարտերի համար է, իսկ երբ հարկավոր է գողություն կատարել, այն պետք է տանը թողնել»:

Զարմացած Կարլոսը շրջվում է ու իր կողքին տեսնում է իր թզուկ Էլգեբաստի ծամածռված դեմքը, որը հեգնաձայն շարունակում է.

-Եթե ձերդ մեծությունն իսկապես ցանկանում է գողություն կատարել, ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ: Ցանկանո՞ւմ եք արդյոք թալանել մի միամիտ գյուղացու, թե՞ մի որևէ հարուստի, կամ էլ թռցնել մի աստվածավախ քահանայի լիքը քսակը: Ես պատրաստ եմ ուղեցույց լինել:

-Ոչ', ես դրանցից ոչ մեկն էլ չեմ ուզում, - ասում է կայսրը:

-Այդ դեպքում ես մի լավ առաջարկություն ունեմ, - ասում է գաճաճը: - Այստեղից ոչ շատ հեռու ապրում է կոմս Հարդրիկը: Մենք կարող ենք առանց խղճի խայթի նրան թալանել: Նա մարդու ամենավատ տեսակներից մեկն է. խախտել է Աստծո հետ ուխտը, կարիքավոր ժողովրդի հաշվին հարստանում է, ճնշում է որբերին և այրիներին և, որ ամենավատն է, ձերդ մեծության մահն է տենչում: Նրանից մի բան գողանալը հաստատ հանցանք չէ:

-Իրավացի' ես, - պատասխանում է կայսրը: - Գնացի'նք:

Եվ նրանք արագ հասնում են կոմսի դաստակերտ: Գաճաճը մի քանի մոգական խոսք է մրմնջում, և, ասես հրաշքով, ծանր դռները բացվում են: Կայսրը նախ մտնում է դղյակի ընդարձակ դահլիճ, ապա կոմսի ննջարան, իսկ գաճաճն անաղմուկ թափանցում է ձիանոց, որպեսզի դուրս հանի կոմսի վարգաձիուն:

Բայց, չնայած զգուշությանը, ազնվացեղ ձին լսում է աղմուկն ու սկսում է այնպես ուժգին խրխնջալ, որ Հարդրիկն արթնանում է: Նա կանչում է իր ձիապանին ու հրամայում է մտնել ձիանոց ու տեսնել, թե ինչ է տեղի ունեցել: Քունը դեռ գլխին ձիապանը մտնում է ձիանոց, ապա վերադառնում է ու կոմսին զեկուցում, թե ոչինչ էլ տեղի չի ունենում: Երբ ձիապանը ձիանոց էր մտել, Էլբեգաստը մագլցել էր գերանին ու վրան պառկել:

Այն պահին, երբ Հարդրիկը ցանկացել է նորից անկողին մտնել, խրխնջոցները վերսկսվել են էլ ավելի ուժգին և, համոզվելու համար, որ ամրոցում ամեն ինչ կարգին է, նա անձամբ է խուզարկում բոլոր անկյունները և ոչ մի կասկածելի բան չի գտնում: Նա վերադառնում է անկողին, աղոթում է ու կնոջը խոստովանում, որ մտադրվել է սպանել կայսրին ի նոր պալատում և որ դա պետք է անի հաջորդ օրը:

Լսելով այս խոստովանությունը` Կարլոսը շտապում է ձիանոց, որտեղ թզուկը տանջվում էր, որպեսզի ձի հեծնի:

-Ուզում էի հավերի տակի ձվերը վերցնել, - ասում է թզուկը, - բայց այս անասունը չի թողնում, որ հեծնեմ: Բայց և այնպես ես սրանից ազնվացեղ վարգաձի չեմ տեսել:

-Թո'ղ ես փորձեմ, - ասում է կայսրը:

Ձին Կարլոսին թույլ է տալիս, որ իրեն թամբի: Կայսրը հեծնում է ձիուն և սլանում է դեպի իր պալատ: Գաճաճը չի կարողանում նրա հետևից հասնել ու շատ է հետ մնում: Ավելի ուշ կայսրն հանձնարարում է փնտրել նրան, բայց որոնումներն արդյունք չեն տալիս: Նա նրան էլ երբեք չի տեսնում:

Հասնելով պալատ` կայսրը հրամայում է կոմսին ու իր հանցակիցներին բերել պալատ: Ոչինչ չկասկածող դավադիրները գալիս են, բայց որքան մեծ է լինում Հարդրիկի սարսափը, երբ տեսնում է կայսրին իր ձիուն հեծած: Կայսրը նրան մեղադրում է դավաճանության մեջ ու դատապարտում է տանջամահության: Հանցակիցները նույնպես մահապատժի են ենթարկվում:

Ի հիշատակ աստվածային այս հրաշափառ հովանավորության` Կարլոսն իր նորակառույց պալատին «Ինժելհեմ» անունն է տալիս: «Ingel» -ը գերմաներեն «հրեշտակ» է նշանակում, իսկ «heim» -ը` «տուն»: Ադրիանոս 1-ին պապը (772 - 795) այս պալատի շինարարության համար, որն սկսվում է 774 թվականին, Իտալիայից խճանկարներ ու մարմար է ուղարկում: Այս պալատը գերմանական շատ կայսրերի նստավայրն է եղել: Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրության վերջին կայսրը, որ այստեղ ապրել է, եղել է Կարլ 4-րդը (1355 - 1378):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
387 | 0
09:44, 13.04.2024
449 | 0
11:39, 08.04.2024
427 | 0
09:16, 06.04.2024
376 | 0
դեպի վեր