ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իժևսկի հայկական եկեղեցին օծելու համար թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը 20 հազար դոլար կաշառք է պահանջել
20:56, 09.05.2019
6750 | 0

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒԴՄՈՒՐԹԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ռուսաստանի Ֆեդերացիայի Ուդմուրթական Հանրապետության հայկական «Ուրարտու» համայնքի հրավերով ս.թ. ապրիլի 22-25-ին պաշտոնական այցով Իժևսկ մայրաքաղաք էր մեկնել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվիրակությունը` հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամները ապրիլի 22-ի երեկոյան ժամանեցին Իժևսկի օդանավակայան, որտեղ դիմավորվեցին տեղի հայկական համայնքի մի շարք անդամների և նախագահ Մնացական Առաքելյանի կողմից: Ապա նույն օրը տեղի ունեցավ հանդիսավոր ընթրիք, որի ժամանակ ճոխ ընդունելությամբ բարի գալուստ մաղթեցին հյուրերին և ներկայացրին այցի ծրագիրը, որին կանդրադառնանք հաջորդիվ:

Ուդմուրթիայի հայկական համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ, որն իրականացնում է բազում ազգանպաստ գործեր: Ուդմուրթիայում հայերը բնակվում են 1970-1980-ական թվականներից: Այսօր նրանց թիվն անցնում է 4000-ից: Նրանց 60 տոկոսն զբաղվում է շինարարությամբ, 20 տոկոսը պետական ծառայողներ են, մնացած 20 տոկոսը գործարարներ են: Ուդմուրթիայի հայերի 70 տոկոսը Ջավախքից են, կա 17 ընտանիք Արցախից: Շատ աշխատասեր մարդիկ են, վայելում են տեղաբնակների և ազգային մյուս փոքրամասնությունների հարգանքն ու համակրանքը:

1995 թվից Իժևսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում շուրջ 83 աշակերտներ: Դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաները: Գործում են հայկական երգի, պարի, ասմունքի խմբակները:

2009 թվականից սկսվել է Իժևսկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական միակ եկեղեցու կառուցումը: Եկեղեցական համալիրը կառուցվել է «Ուրարտու» հասարակական կազմակերպության ջանքերով, բարեգործական նվիրատվությունների միջոցներով: Եկեղեցին նախատեսվում էր բացել 2016 թ. աշնանը, սակայն մինչ օրս եկեղեցու օծումն այդպես էլ չի կատարվել: Միայն եկեղեցու օծումը կատարելու համար Մոսկվայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը համայնքի ղեկավարից պահանջել է 1 միլիոն 300 հազար ռուբլի, որ համարժեք է շուրջ 20 հազար դոլարին: Համայնքը հրաժարվել է վճարել գումարը, իսկ թեմի առաջնորդն էլ հրաժարվել է եկեղեցին օծել և հոգևորական նշանակել, որի հետևանքով համայնքի անդամները հիմնականում զրկված են եղել իրենց հոգևոր կարիքները հոգալուց:

2010 թ. ապրիլի 24-ին մայրաքաղաք Իժևսկում բացվել է հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Վերջինիս և եկեղեցական շինության հարևանությամբ կառուցվել են Արարատ լեռան և Սևանա լճի մանրակերտերը: 2015 թ. նոյեմբերի 7-ին Ուդմուրթիայի Սարապուլ քաղաքի Սբ. Հարություն ռուսական եկե­ղեցու տարածքում կանգնեցվել է խաչքար՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին:

Ուդմուրթիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 23-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվիրակության անդամները Իժևսկի առաջնորդարանում հանդիպում ունեցան Ռուս Ուղղափառ եկեղեցու Ուդմուրթիայի և Իժևսկի թեմի առաջնորդ Վիկտորին մետրոպիլիտի հետ: Վերջինս ջերմ ընդունելություն ցուցաբերեց հյուրերին, որոնց հետ շրջայց կատարեց առաջնորդարանի տարածքում, ապա մտերմիկ զրույցից հետո նրանց պատվեց զատկական նվերներով:

Այնուհետև կեսօրին Իժևսկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում կատարվեցին համայնքի 23 անդամների մկրտության և դրոշմի արարողությունները, իսկ հաջորդ օրը նույն եկեղեցում նորակնունք հայորդիների շարքերը լրացրին համայնքի ևս 10 անդամներ: Մկրտության և դրոշմի արարողությունները կատարվեցին ձեռամբ հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի, որով Ուդմուրթիայի հայկական համայնքի` ընդհանուր առմամբ թվով 33 հայ քրիստոնյաներ անդամագրվեցին Հայ Առաքելական եկեղեցուն:

Այս առիթով աննկարագրելի էր համայնքում տիրող ոգևորությունն ու ուրախությունը, քանի որ հոգևորական չլինելու պատճառով Իժևսկի և շրջակայքի հայերը զրկված են եղել եկեղեցական արարողություններից: Նախկինում տվյալ եկեղեցում եղել են մկրտության մի քանի դեպքեր, որոնք մատուցել են Մոսկվայի հայոց առաջնորդարանից ժամանած քահանաները: Սակայն ծիսակատարությունների դիմաց պահանջված բարձր սակագները թույլ չեն տվել համայնքի բոլոր խավերին` մասնակցելու մկրտության արարողություններին:

Այս անգամ նման խոչընդոտ այլևս չկար, քանի որ այդ երկու օրերի մկրտությունների ժամանակ որևէ գումար չի հատկացվել, համաձայն ավետարանական պատգամի, թե` «ձրի առաք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10: 8): Իսկ նախքան մկրտության ծեսի սկսվելը եկեղեցում հավաքված ժողովրդին ամփոփ կերպով ներկայացվեցին մկրտության և դրոշմի խորհուրդները, դրանց կարևորությունն ու նշանակությունը` տրվելով անհրաժեշտ բացատրություններ:

Նույն օրվա երեկոյան Իժևսկի «Ազգերի բարեկամության տուն» ("Дом Дружбы народов") կոչվող հասարակական, ազգամշակութային և մեթոդատեղեկատվական հիմնարկում Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան` ծանոթանալու տեղի հայկական «Ուրարտու» համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանելու նրանց հուզող հարցերին:

Օրը եզրափակվեց վերոհիշյալ հաստատությունում Իժևսկի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների կազմակերպած համերգային միջոցառմամբ, որի ընթացքում տարբեր տարիքի շնորհալի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով համեմեցին երեկոն` ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն: Ազգային երգերի մատուցմամբ հանդես եկան նաև տեղաբնակ ուդմուրթները:

Ս. թ. ապրիլի 24-ի առավոտյան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվիրակության անդամները պաշտոնական այցի շրջանակներում Իժևսկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում զետեղված հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանի դիմաց մասնակցեցին տեղի հայ համայնքի կազմակերպած 1915 թ. Մեծ Եղեռնի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Հարգանքի տուրք և խոնարհում մատուցելու համար այստեղ էին ժամանել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ազգային փոքրամասնությունների համայնքային ղեկավարները, բարեպաշտ և հայրենասեր հայորդիները (ավելի մանրամասն տե՛ս

Армяне в Удмуртии почтили память жертв геноцида):

Նույն օրը կեսօրին հայկական դեռևս չօծված եկեղեցում օծյալ վեմ քարի վրա հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փրկարար Մարմնի և Արյան հաղորդությունն ստացան նաև համայնքի նորոգ մկրտյալ անդամները: Պետք է նշել, որ Իժևսկում առաջին անգամ էր հնչում հայկական Պատարագ, ինչը մեծ խանդավառություն և մխիթարություն պատճառեց ներկա հավատացյալ ժողովրդին: Պատարագի ավարտին տեղի ունեցան Ուդմուրթիայի հայության երկրորդ խմբի հավաքական մկրտության և դրոշմի արարողությունները:

Ապա երեկոյան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվիրակության անդամները ներկա գտնվեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցի առիթով Ուդմուրթիայում կանգնեցված հայկական խաչքարի օրհնության կարգին, որը կատարեց հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը: Եկեղեցական արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին նաև տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Հաջորդ օրը Հայաստանից ժամանած հյուրերը Իժևսկի հայերի ուղեկցությամբ այցելեցին Ուդմուրթիայի հայկական գերեզմանատուն, որտեղ կատարվեց գերեզմանօրհնեքի և հոգեհանգստյան կարգ: Միասնական աղոթք բարձրացվեց տեղի հայության ի Քրիստոս բոլոր ննջեցյալների համար:

Ապրիլի 25-ի երեկոյան պատվիրակության անդամներն Իժևսկի օդանավակայանում հրաժեշտ տվեցին հայկական համայնքի ղեկավարին, անդամներին, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին, որոնք եկել էին` «բարի ճանապարհ» մաղթելու պատվո հյուրերին:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվիրակությունը ջերմ տպավորություններով և անմոռաց հիշողություններով ճանապարհվեց դեպի Հայաստան` մաղթելով, որ նման այցելությունները կկրեն շարունակական բնույթ:

Իր հերթին Ուդմուրթիայի հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը տեղի հայության անունից խորին շնորհակալություն հայտնեց պատվիրակության բոլոր անդամներին, որոնք հայր Կորյունի գլխավորությամբ սիրով ընդունել էին հրավերը և ուրախությամբ այցելել Իժևսկ` հոգևոր խնամք և սնունդ բերելու տեղի հայկական համայնքի հոգևոր կարիքներին ի նպաստ:


«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր