ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կղզու թագուհին»
15:19, 12.05.2019
3364 | 0

Պառաված բռնակալ մորն այլևս չհնազանդվող դստեր հարաբերության այլաբանությունն է ներկայացված 18-րդ դարի 80-ականներին գրված «Կղզու թագուհին» ազատաշունչ բանաստեղծությունում: Այն ոչ միայն կոնկրետ իրադարձության՝ «Բոստոնյան թեյախմության» մասին է, այլև խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի ու նրա ամերիկյան գաղութների պատմական հարաբերությունների բնույթը: Եվ պատահական չէ, որ այս բալլադը «Հեղափոխական թեյ» է անվանվել:

Բալլադի նախապատմությունը հետևյալն է. Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձրացնում է ամերիկյան գաղութներ ներմուծվող մի շարք լայն սպառման ապրանքների (ներկեր, թուղթ, ապակի, արճիճ և թեյ) մաքսատուրքը:

Դրան ի պատասխան` ամերիկյան գաղութներում անգլիական ապրանքների համատարած բոյկոտ է սկսվում: Վճռական են եղել ելույթները հատկապես Նոր Անգլիայում: 1773 թվականի դեկտեմբերին Մասսաչուսեթս գաղութի մայրաքաղաք Բոստոնում տեղի է ունենում բոստոնյան հռչակավոր «թեյախմությունը» . Հնդկացիների տարազներ հագած 100 հայրենասերները գիշերով ծովն են թափում Արևելահնդկական ընկերությանը պատկանող նավով Բոստոնի նավահանգիստ հասցված մեծ քանակության թեյը: Դրան ի պատասխան` անգլիական կառավարությունը 1774-ի գարնանը փակում է Բոստոնի նավահանգիստը, իսկ Մասսաչուսեթս գաղութին զրկում է ինքնավարությունից: Եվ շուտով սկսվում է պայքարն անկախության համար

Ահա այս իրադարձությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ու նրա ամերիկյան գաղութների լարված հարաբերությունների արտացոլանքն է այս այլաբանական բանաստեղծությունը, որը երգի է վերածվել:


Պառավ տիկինը կղզիաբնակների թագուհին է:

Նրա հարազատ դուստրն ապրում էր հեռավոր երկրում:

Իսկ նրանց միջև ալեկոծվող օվկիանոսն էր…

Պառավ տիկնոջ գանձարանը ոսկու առատությունից պայթում էր,

Բայց, ինչպես երևում է, ագահության պատճառով աստված նրա խելքն առել էր:

Եվ մի օր նա բարկությամբ ձայնում է իր աղջկան.

«Սրանից հետո դու հավելյալ հարկ ես վճարելու`

Ոսկեշող թեյի յուրաքանչյուր ֆունտի համար` երեք պենս,

Յուրաքանչյուր ֆունտի համար` հավելյալ երեք պենս»:

Աղջիկը պատասխանեց. «Մայրիկ, ես պայմանագրերում հաստատակամ եմ

Եվ անկարող եմ, հավատա, այդ փոփոխությանն համակերպվել,

Ես պատրաստ եմ քեզ վճարել նախկին գինը,

Բայց մեկ ֆունտին` հավելյալ երեք պենս` երբե'ք:

Ո'չ, երեք ֆունտին` հավելյալ երեք պենս` երբե'ք»:

Թագուհու աչքերում զայրույթն ու չարությունը վառվեցին,

Եվ ծղրտաց պառավ տիկինը կատաղի.

«Դու իմ դո՞ւստրն ես, թե դուստրս չես: Թե՞ մոռացել ես այդ մասին, պատասխանի'ր:

Դու պարտավոր ես թեյի համար ինձ վճարել,

Թեյի համար քո մորը վճարել»:

«Հե~յ դուք, ծառանե'ր, - անմիջապես հրամայեց նա պալատականներին, -

Թեյի նոր բեռով օվկիանոսն հատեք,

Ինձ փո'ղ բերեք, լսո՞ւմ եք, շատ փող բերեք,

Ամեն ֆունտին երեք պենս հավելավճար պահանջեք»:

Ասում է նա դստերը. «Անհնազանդությունդ սանձահարիր»,

Եվ ավելացնում է` զայրույթից այրվելով.

«Խոսքս հիշիր, - ճչում է, - թեպետև ծեր եմ,

Բայց կիսամեռ էլ լինեմ, ընդդիմանալու եմ,

Երեք պենսի համար, կիսամեռ էլ լինեմ, կռվելու եմ»:

Արշալույսից մայրամուտ նավերը գնացին ծովով,

Թեյով լի հակերը ծառաները դստեր դռան առջև դրեցին,

Եվ ծովափի ողջ երկայնքով ձգվեցին անդրծովյան թեյի շարքերը:

Իսկ դստեր հանդգնությունն ու համարձակությունն անսահման է,

Եվ աղջիկը հակերի մեջ պարում է թեթևասահ,

Եվ բուրավետ հակերը մեկը մյուսի հետևից

Ոտքերի հարվածներով ուղարկվում են եռացող հորձանուտ:

Հետո աղջիկն ասում է կղզու թագուհուն. «Օ~ մայր իմ,

Ահա ձեր թեյը, այն արդեն եփված է, այն թունդ է,

Ճիշտ ժամանակն է, որ այն խմեք:

Այն ինչպես հարկն է թրմվել է: Մի՞թե այդպես չէ:

Ուրեմն խմեք այն նաև իմ փոխարեն,

Բայց մի սպասեք, մայրիկ, ձեր հարկերին,

Ոչ միայն հավելավճարին, այլև հարկերին»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
213 | 0
դեպի վեր