Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.53, EUR 539.47, RUB 7.57, GBP 604.41
+28 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Որքան է արժեցել Տարաս Շևչենկոն
21:17, 22.05.2019

1838 թվականի ապրիլի 22-ին Պետերբուրգի կայսերական պալատում բարեգործական վիճակախաղ է կազմակերպվում: Վիճակախաղի մասնակիցները եղել են Նիկոլայ 1-ինի ընտանիքի անդամները: Խաղարկվել է Կարլ Բրյուլովի վրձնած կտավը՝ գահաժառանգի դաստիարակ, բանաստեղծ Վասիլի Ժուկովսկու դիմանկարը:

Բարեգործական վիճակախաղը կազմակերպվել էր ճորտ Տարաս Շևչենկոյին փրկագնելու համար պահանջվող գումարը հավաքելու նպատակով: Կալվածատեր Պավել Էնգելհարդտը խոստումնալի նկարչի ազատագրման համար պահանջել էր 2500 ռուբլի: Այս գումարով կարելի էր գնել հինգ ճորտ արհեստավոր կամ 45 կիլոգրամ արծաթ:

300-ից 400 ռուբլի արժեցող վիճակախաղի տոմսերը գնել են ցարի կինը, երեխաներն ու պալատականներից մի քանիսը: Դիմանկարը շահում է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան, որի պատվին Գյումրին Ալեքսանդրապոլ է վերանվանվել: Բայց Ալեքսանդրան դիմանկարը երբեք էլ չի ստանում: Հեղինակը դիմանակարը մի քանի տարի շարունակ վերափոխում է, իսկ հետո էլ պահում է իրեն:

Ճորտական կարգավիճակից ազատագրված Շևչենկոն սովորում է Գեղարվեստների ակադեմիայում: Նա մի քանի անգամ Պետերբուրգից Ուկրաինա է գնում, տեսնում է իր հայրենիքի թշվառ վիճակը:

1847 թվականին նրան ձերբակալում են քաղաքական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու համար: Խուզարկության ժամանակ նրա տանը գտնում են նաև Ալեքսանդրա Ֆեոդորովնային նշավակող մի պոեմ: Նիկոլայ ցարին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ բանաստեղծը կայսրուհուն ձկնկուլի ու սնկի հետ էր համեմատել: Ցարը կարդացել է Շևչենկոյի ստեղծագործությունն ու զայրացած ասել. «Բայց նրա՞ն ինչու անարգել»: Եվ Շևչենկոն գաղտնի կազմակերպության մյուս բոլոր անդամներից ամենախիստ պատժին է արժանանում. Նրան, որպես զինվոր, ուղարկում են ծառայելու ղազախական տափաստաններում, Կասպից ծովի ափին ու արգելում են բանստեղծություններ գրել և նկարել:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր