ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գրիգոր Լուսավորիչը՝ սո՞ւրբ
21:41, 23.05.2019
4475 | 0

«Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն հորից, և դստերը՝ իր մորից, և հարսին` սկեսուրից: Մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն: Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Ով իր որդուն կամ դստերն Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10, 34 - 38):

Ոչնչացնելով հայոց հին աստվածների բնակարանները՝ մեհյանները, «սուրբ» Գրիգորն առանձնահատուկ ջանադրությամբ ժողովել ու յուրացրել է այդ տաճարների գանձերը՝ ոսկին, արծաթը, զարդերը, գոհարեղենը՝ դրանք հատկացնելով իր կառուցած եկեղեցիներին: Եկեղեցիներին են անցել նաև մեհյաններին պատկանող հողերը, նույնիսկ այդ մեհյանների ստրուկները: Արտաշատն իր շրջակա դաստակերտներով, Դարանաղյաց գավառի Թորդանն իր դաստակերտներով, Անի ամրոցը, Եկեղյաց գավառում Երեզ ու թիլ ավանները և Դերջան գավառում Բագայառիճ գյուղը դառնում են եկեղեցական կալվածքներ: Այս բոլորից բացի Աշտիշատն ամբողջ շրջակայքով խլվել է Վահունի քրմական տոհմից ու տրվել է Լուսավորչի ընտանիքին: Ըստ Փավստոսի՝ Լուսավորչի տանն էր տրված եղել նաև Ամոք շենը, իսկ Հովհաննես Դրասխանակերտցին էլ վկայել է, որ Կոտայքի Արամոնք շենը Տրդատ թագավորը հատուկ կալվածագրով տվել է Գրիգոր Լուսավորչին: Ադոնցը պարզել է, որ Բագրևանդ գավառի Բագավանն իր շրջակայքով նույնպես Լոսավորիչների ընտանիքի տիրույթներից է եղել: Բռնազավթումներով ու նվիրատվություններով չհագենալով՝ Գրիգորը նոր հողային հարստություններ է ստեղծում եկեղեցու համար: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, բոլոր գյուղական եկեղեցիները ստանում են ոչ միայն ազատ հողակտորներ, այլև գյուղացիներին պատկանող հողաբաժիններ երդերի հաշվով: Գրիգորի եռանդուն գործունեության շնորհիվ նույնիսկ գյուղական եկեղեցիները ճորտատերեր են դառնում:

Դառնալով հայ եկեղեցական միապետության գլուխը՝ նա իր իսկ ձեռքով իր տոհմի համար հաստատում է հոգևոր միապետության դինաստիա: Արիստակես որդուն ձեռնադրելով իր տեղապահն ու գահաժառանգը, Գրիգորը հաստատում է իր տոհմի (ընդգծում եմ, իր տոհմի) հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծում է եկեղեցական ավատատիրական կազմակերպություն, որն ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ամբողջ երկրի բնակչությունից: Եվ դրանից հետո կաթողիկոսական գահի վրա նրա ուղիղ ժառանգների մեջ որդին հաջորդել է հորը կամ թոռը՝ պապին, մինչև որ կտրվել է ժառանգականության թելը՝ այլևս արու ծնունդներ չլինելու պատճառով:

Աշխարհի ոչ մի երկրի քրիստոնեական եկեղեցում մեկ տոհմի ժառանգական իշխանություն չի հաստատվել, ինչպես դա հաջողեցրել է «սուրբ» Գրիգորը, ավելին, նա իր մանկահասակ (ասել է, թե աշխարհից դեռևս անտեղյակ) թոռանը՝ Գրիգորիսին, ձեռնադրել է Աղվանից քահանայապետ:

Իր հաջորդականության շահերը պահպանելու համար Գրիգորի տոհմը նույնիսկ արհամարհում է կուսակրոնության պահանջները: Նրան հաջորդած յուրաքանչյուր կաթողիկոս աշխատում էր ունենալ արու զավակներ, ինչպես Փավստոսն է ասում, «Աստծու ծառայությունը շարունակելու համար»:

Եվ որպեսզի կաթողիկոսական խաչանիշ խույրի միապետությունը թագավորական թագի միապետությանն առնվազն հավասարազոր ու առավել հեղինակավոր լինի, Գրիգորը, չնայած վկայաբանությունները նրան ներկայացնում են շատ համեստ ու աշխարհային շահերին անհաղորդ մի մարդ, առանձնահատուկ հոգատարությամբ ու ջանադրությամբ բազմապատկել է իր տոհմային կալվածքները, ժառանգությամբ ստացվածքներին գումարել է նոր ընդարձակ տարածքներ: Փավստոսի վկայությամբ՝ «սուրբ» Գրիգորի տոհմին է պատկանել 15 գավառ:

«Սուրբ» Գրիգորի օրհնությամբ ու գլխավորությամբ հողին է հավասարեցվել մեր նախաքրիստոնեական ամբողջ մշակույթը, սպանվել կամ հայրենիքից վտարվել են իրեց նախնիների կրոնին հավատարիմ հազարավոր հայեր: Գրիգորը Հայաստանում մշակութային եղեռն է իրականացրել, և նա է հիմնական մեղավորը, որ մենք մ.թ.ա. չորրորդ դարին նախորդող ժամանակաշրջանի պատմության ու մշակույթի մասին չափազանց աղքատիկ տեղեկություններ ունենք, և այդ աղքատիկի առյուծի բաժինը օտարների շնորհիվ է պահպանվել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
դեպի վեր