ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները ԱրՊՀ-ում անց են կացրել վարպետության դասեր
09:51, 27.05.2019
5923 | 0

Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնի և ԱԵԳՄՄ առողջապահական միության համագործակցության շրջանակում մայիսի 26-ին, ԱրՊՀ-ում հյուրընկալվել և վարպետության դասեր են անցկացրել ՀՀ-ում գործող «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները՝ սկիզբ դնելով նոր համագործակցության: Թեմաները, որոնց շուրջ հանդես եկան հոգեբանները, վերաբերում էին ոլորտի արդիական նշանակություն ունեցող խնդիրներին: «Ժեստ» հոգեբանական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին Արկադի և Մարիամ Մեհրաբյանների կողմից։ Ինչպես նշեց համահիմնադիր Մարիամ Մեհրաբյանը, առաջին օրերից էլ կենտրոնն իր առջև խնդիր էր դրել համագործակցել բոլոր այն ոլորտների հետ, որոնք շահագրգիռ են անձի զարգացման հարցում: Այսօր կենտրոնը համագործակցում է բազմաթիվ բուժհիմնարկների, կրթության ոլորտի օղակների ներկայացուցիչների հետ: Կրթական հաստատություն կատարած առաջին այցը Արցախի պետական համալսարանն է, որը, Մ. Մեհրաբյանի խոսքով, մի քանի նպատակ է հետապնդում: Նախ՝ հոգեբանական աջակցության ցուցաբերում, վարպետության դասերի միջոցով գիտելիքի տրամադրում, ապա՝ համագործակցության առաջարկ, որը ենթադրում է ԱրՊՀ ուսանողների մասնակցությունը «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև «Լավագույն հոգեբան» մրցույթին:

«Մրցույթին կարող են մասնակցել հոգեբանություն մասնագիտությամբ սովորող ուսանողները: Մասնակցելու համար անհրաժեշտ է բուհից ներկայացնել տեղեկանք, ինքնակենսագրական կամ CV-ն: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով և հիմնված կլինի միայն ու միայն ուսանողի աշխատասիրության, նպատակասլացության և գիտելիքների վրա», -նշել է Մ. Մեհրաբյանը և տեղեկացրել, որ մրցույթի հաղթող ուսանողի այս տարվա ուսման վարձավճարը կվճարի «Ժեստ» հոգեբանական կենտրոնը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը:

Վարպետության դասին դասախոսություններով հանդես են եկել հոգեբանական կենտրոնի մասնագետները, ԱԵԳՄՄ առողջապահական միության նախագահ, բ.գ.թ. Ավետիս Ավետիսյանը: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ միջոցառման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական է լինելու: Վարպետության դասին ներկա էին ԱրՊՀ ուսանողներ, դասախոսներ, հոգեբանությամբ հետաքրքրված անձինք:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր