ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՀ Նախագահը պարգևատրել է Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին
09:56, 05.07.2019
3244 | 0

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուստարում Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած 85 շրջանավարտներին դիպլոմների հանձնման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք:

«Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի եւ պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական եւ ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում», - ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը:

Արարողությանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին:

«Մասնագիտական կրթությունը մեր երկրում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որը պետք է ապահովի անցումը որակական նոր մակարդակի: Դրան է միտված պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որը մեկնարկել է նախորդ տարի՝ հնարավորություն տալով մեր բուհերին ինքնագնահատման և ինքնավերլուծության միջոցով վեր հանել առկա խնդիրները և մշակել բուհի զարգացման ռազմավարական նոր ծրագրեր», - մասնավորապես ասել է ԿԳՍ նախարարը:

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Էլեոնորա Հասրաթյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին` մասնավորապես նշելով.

«Մենք Արցախի զինվորներն ենք, և մեր գիտությունը այն ուժն է, որով պետք է կերտենք մեր երկրի խաղաղ ապագան: Մեր ձեռքբերումների համար մենք շնորհակալ ենք մեր դասախոսներին, իսկ մեր երկրի խաղաղ ապագայի համար շնորհակալ ենք մեր հարազատներին: Թո´ղ խաղաղությամբ բացվի Արցախ աշխարհի ամեն մի առավոտը և մենք՝ գիտության զինվորյալներս, կերտենք մեր երկրի առողջ ապագան»: 109653

Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Նորա Գարաքյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին` նշելով, որ գերազանցության դիպլոմը երկրի նախագահի ձեռքից ստանալն անչափ պատվաբեր և պարտավորեցնող է:

«Դեռևս 2015 թվականին ընդունվելով ԱրՊՀ` ես անգամ չէի կարող պատկերացնել, որ մայր բուհը կավարտեմ գերազանցության դիպլոմով և կարժանանամ այն անձամբ ԱՀ նախագահի ձեռքից ստանալու պատվին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Բակո Սահակյանին` նախագահական նստավայրում ընդունելություն կազմակերպելու և մեր ավարտական վկայականները մեզ անձամբ հանձնելու համար», -նշել է Ն. Գարաքյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, պաշտոնատար այլ անձինք:



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր