ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը
11:28, 11.07.2019
3179 | 0

Հիմա փորձենք պարզել, թե արդյո՞ք դրանք ուսանելի են ու կյանքում մեզ պետք են լինելու:

Սկսենք Մովսեսի առաջին գրքից, որը «Ծննդոց» գիրք է անվանվել: Այն բաղկացած է հիսուն ոչ մեծ գլխից: Առաջին գլխում շատ սեղմ ձևով ներկայացված է «արարչագործության» առաջին վեց օրը:

Երբ այն մի քիչ ուշադիր ընթերցում ես, առաջին բանը, որ նկատում ես, դա բազմաթիվ հակասություններն են, և այդ հակասությունների պատճառները կա'մ եբրայերենից կամայական թարգմանությունն է, կա՛մ հին ու ժամանակակից եզրույթների ու հասկացությունների անհամապատասխանությունը, կա'մ էլ այն, որ «արարչագործությունը» մեկ ուրիշն է կատարել: Բայց առավել հավանական է, որ այդ հակասությունները պայմանավորված են և' առաջինով, և՛ երկրորդով, և' երրորդով:

Հիմա` ըստ էության: Աստված արարում է երկիրը: Հրաշալի' է: Հետաքրքիր է, թե նա ինչպես է դա արել: Աստվածաշունչ գրողները կամ կազմողները ինչո՞ւ այդ մասին գոնե թեթևակի չեն ակնարկել: Որոշել են թաքցնե՞լ, թե տեղյակ չեն եղել: Ասել է, թե` արարեց ու վերջ: Ձեզ այդքանն իմանալն էլ բավական է:

«Եվ երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա. և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդոց 1. 2)

Ստացվում է, որ Աստված ինչ-որ մի տեղ մի մեծ քարաբեկոր էր շինել, իսկ թե ամայի երկրի վրա որտեղից հայտնվեց ջուրը, որտեղից ծլեցին անդունդն ու խավարն այդ անդունդի վրա, երբ դրանք դեռևս չկային, անհայտ է: Եվ այդ` դեռևս գոյություն չունեցող ջրերի վրա շրջում էր Աստծո այդ Հոգին: Եվ ամենագլխավորը, այդ որտեղի՞ց է հայտնի, թե հատկապես ինչ և ինչ հերթականությամբ է այդ անդադրում Աստվածն արարել` դեռ չարարված ջրերի վրա շրջելով: Այդ ո՞վ է եղել նրա կողքին, , որը դեռ հետո պիտի արարվեր, այդ ո՞վ է նրա հետ ջրերի վրայով շրջել ու գրի առել նրա բոլոր արարումները:

Տեսնենք` հետո ինչ է լինում: Հետո Աստված իր խոսքի ուժով արարում է լույսը, դրա անունը «Ցերեկ» է դնում, լույսը բաժանում է խավարից ու այդ խավարի անունը «Գիշեր» է դնում: Այսքան գործերով ավարտվում է առաջին օրը:

Երկրորդ օրն ավելի զարմանալի բաներ են տեղի ունենում: Աստված դեռ գոյություն չունեցող ջրերի մեջտեղը հաստատություն (պետք է ենթադրել, թե այդ հաստատություն կոչեցյալն առնվազն կարծր է եղել) է ստեղծում, որպեսզի ջրերը ջրերից բաժանի, ավելի կոնկրետ` հաստատության տակի ջրերը բաժանի հաստատության վրայի ջրերից: Ի~նչ զիլ է` կարծր երկինքը` դեռևս գոյություն չունեցող ջրում: Դեռ ավելին` աշխարհաշինության մեկնակետն այս գիրքը կազմողները նույնիսկ տեղաշարժում են, ու նույնիսկ ցերեկը գիշերից է սկսվում. «Եվ իրիկուն եղավ, և առավոտ եղավ` երկրորդ օրը» (Ծննդոց 1. 8):

Շատ կուզենայի իմանալ, թե այդ որտեղից ծլեց կամ որտեղից վերցվեց երկրորդ օրը, եթե առայժմ ոչ մի խոսք չի ասվել այն մասին, որ Աստված արդեն հասցրել է մեզ համար Արևն ստեղծել, դեռ չի ստիպել մեծ քարաբերկորին (երկրին) պտտվել իր առանցքի շուրջը, իսկ ցերեկը գիշերվա փոխել: Այս գիրքը կազմողներն ամենայն լրջությամբ մեզ հաղորդում են, թե բավական է, որ Աստված լույսի անունը «ցերեկ» դնի, իսկ խավարի անունը` «Գիշեր», ու ամեն ինչ ինքնաբերաբար արարվում ու պտտվում է: Այս զվարճապատմանը, հնարավոր է, ինչ-որ բանական բացատրություն գտնել, բայց դրա համար արժանահավատ տեղեկություն պարունակող իսկական բնօրինակներ ու շատ գրագետ ու կրթված թարգմանիչներ են հարկավոր:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
դեպի վեր