Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մասնագիտական նախանձի հողի վրա հարազատի սպանության առաջին դեպքը մարդկության արձանագրած պատմության մեջ
21:40, 29.07.2019

Հին հույների կիսաառասպելական հերոսներից մեկը համարվում է հյուսնի արհեստի, ռանդայի, ուղղալարի, կացնի, շաղափի ու սոսնձի գյուտարար Դեդալոսը: Նա իր արհեստը սովորեցրել է իր քրոջ որդուն՝ Պերդիկասին (տարբերակ՝ Տալոսին), որն այդ ժամանակ տասներկու տարեկան է եղել և իր հմտությամբ գերազանցել է ուսուցչին: Մի անգամ ընտրելով օձի ծնոտը կամ, ինչպես պնդում են ոմանք, ձկան ողնաշարը, և համոզվելով, որ դրանով կարելի է փայտի ձողը հավասար սղոցել, Տալոսը ծնոտի երկաթյա կրկնօրինակն է պատրաստում և, այդպիսով, հայտնագործում է սղոցը: Այդ և նրա ուրիշ գյուտերը, օրինակ, բրուտագործական շրջանակը, ինչպես նաև շրջակայքը գծագրելու հարմարանքը, նրան մեծ հեղինակություն են ապահովում Աթենքում, իսկ Դեդալոսը, որը պնդել է, թե ինքն է առաջին սղոցը դարբնել, անասելի նախանձով է լցվում քրոջ որդու նկատմամբ: Մի անգամ, Տալոսի հետ Աթենասի տաճարի տանիքը բարձրանալով, նա սկսում է տղային ցույց տալ այնտեղից բացվող տեսարանները և անսպասելիորեն նրան հրում գցում է: Տալոսը տեղում մահանում է: Նրա հոգին, կաքավի կերպարանք առած, դուրս է գալիս մարմնից, իսկ նրա մարմինը թաղում են հենց իր ընկած տեղում: Լսելով որդու մահվան մասին՝ Պոլիկաստան ինքն իրեն կախում է, իսկ աթենացիները նրա պատվին Ակրոպոլիսի կողքին սրբավայր են կառուցում:

Բայց այս Տալոսը, ըստ երևույթին, շատ պիղծ անձնավորություն է եղել, այլապես ժամանակակիցները չէին պնդի, թե չնայած քրոջ որդու նկատմամբ տածած նախանձին, Դեդալոսը նրան երբեք ոչ մի վատ բան չէր անի, եթե նա արնապղծական հարաբերության մեջ չմտներ իր մոր հետ:

Տալոսին տաճարի տանիքից գցելուց հետո Դեդալոսը արագ իջնում է տանիքից, դիակը խոթում է պարկի մեջ` հույս ունենալով մի տեղ ծածուկ թաղել: Երբ անցորդները հարցնում են, թե ինչ է տանում, Դեդալոսը պատասխանում է, թե, ինչպես պահանջում է օրենքը աստվածավախ մարդուց, սատկած օձ է տանում: Բայց պարկի վրա արյան հետքը մարդկանց կասկածելի է թվացել, և հանցագործությունը բացահայտվել է, որից հետո Արեոպագոսը (Աթենքի ժողովրդական ժողովը) Դեդալոսին ընդմիշտ վտարել է քաղաքից: Այլ վկայություններով` նա մինչև դատն է փախել քաղաքից: Որդու հետ փախել է Կրետե կղզի, Մինոս արքայի մոտ: Մինոսն այս հմուտ վարպետին ուրախությամբ է ընդունել: Դեդալոսն այստեղ վայելքների մեջ ապրելով հանդերձ, Մինոսի հանձնարարությամբ, հրեշ Մինոտավրոսի համար լաբիրինթոս է կառուցել: Ապա նա Արիադնային տվել է թելի կծիկ, որի օգնությամբ հունական մեկ այլ առասպելական հերոս՝ Թեսևսը, Մինոտավրոսին սպանելուց հետո, դուրս էեկել լաբիրինթոսից: Բայց մի անգամ Մինոսն իմանում է, որ նա օգնել է իր կնոջը՝ Պասիփայային, բավարարելու իր բուռն կիրքը ծովերի աստված Պոսեյդոնի սպիտակ ցուլի նկատմամբ, այսինքն՝ օգնել է, որ նա կենակցի ցուլի հետ: Այդ մեղքի համար Մինոսը Դեդալոսին ու նրա որդուն բանտարկում է լաբիրինթոսում, որտեղից նրանց ազատում է Պասիփայան: Բայց Կրետե կղզուց փախչելն հեշտ չէր, քանի որ Մինոսի բոլոր նավերը հսկողության տակ էին ու, ի լրումն դրա, Մինոսը մեծ պարգև էր խոստացել Դեդալոսին բռնողին: Այնժամ Դեդալոսը փետուրներից երկու զույգ թևեր է պատրաստում, դրանք ամրացնում է մոմով: Իկարոսի մեջքին թևերն ամրացնելիս՝ Դեդալոսն արցունքներն աչքերին ասում է. «Որդի՛ս, զգո՛ւյշ եղիր: Բարձր մի ճախրիր, որպեսզի արևը չհալեցնի մոմը, ու նաև շտ ցած մի՛ իջիր, որպեսզի փետուրները ծովի ջրերից չթջվեն»: Այս խոսքերից հետո նրանք թռչում են: «Կողքիցս չհեռանա՛ս, - գոռում է Դեդալոսը, - մի՛ թռիր այնտեղ, որտեղ սիրտդ ուզում է»: Երբ նրանք կղզու հյուսիսարևելյան կողմն են հասնում, նրանց նկատում են ձկնորսները, հովիվներն ու երկրագործները, որոնց թվում է, թե նրանք աստվածներ են:

Արդեն նրանց հետևում էին մնացել Նաքսոս, Դելոս և Պարոս կղզիները, երբ Իկարոսը չի ենթարկվում հորն ու սկսում է անընդհատ վեր՝ դեպի արևը բարձրանալ՝ հրճվելով այն ուժի զորությամբ, որը նրան վեր է բարձրացնում: Երբ Դեդալոսը հերթական անգամ նայում է իր ուսի վրայով, Իսկարոսն արդեն տեսանելի չէր, իսկ ներքևում ծովի ալիքները տարուբերում էին այս ու այն կողմ ցրված փետուրները: Կիզիչ արևը հալեցրել էր մոմը, Իկարոսն ընկել էր ծովն ու սուզվել: Դեդալոսը շարունակ պտտվում է այդ վայրի վրա, և, ի վերջո, մակերևույթին հայտնվում է Իկարոսի մարմինը: Հայրն այն բարձրացնում է ու հասցնում մոտակա կղզին, որն հետագայում նրա անունով կոչվում է Իկարիա, ու այնտեղ թաղում է: Իկարոսի շիրմի կողքին աճած քարե կաղնուն կաքավն է թառում և սկսում է ուրախ ծլվլալ ու նայել Դեդալոսին: Դա Իկարոսի հոգին էր: Ի վերջո Դեդալոսի քրոջ՝ Պոլիկաստայի հոգին իր վրեժն առել էր:

Բայց ոմանք չեն հավատում այս պատմությանը և ասում են, թե Դեդալոսը Կրետեից նավակով է փախել, իսկ նավակը նրան տրամադրել է Պասիֆեան, և որ, երբ նրանք դեպի Սիցիալի կղզի են թիավարել ու ցանկացել են կանգ առնել մի փոքրիկ կղզում, Իկարոսը նավակից ծովն է ընկել ու խեղդվել: Նրանք նաև ավելացնում են, թե Իկարոսին թաղել է Հերակլեսը՝ որպես երախտագիտություն այն բանի, որ Պիսեում Դեդալոսը Հերակլեսի այնպիսի մի հոյակապ արձան էր կերտել, որ Հերակլեսին թվացել է, թե այն կենդանի հակառակորդ է ու սկսել է քարկոծել: Ոմանց համոզմամբ էլ Դեդալոսը հորինել է ոչ թե թևերը, այլ առագաստը, որպեսզի Մինոսի թիանավերը չկարողանան հասնել իրեն, և որ Իկարոսը չի կարողացել հմտորեն վարել նավակն ու ջրասույզ է եղել, երբ այն շրջվել է:

(շարունակելի)

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր