ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ արևմտամետ և ռուսամետ քաղաքական բևեռներին նախազգուշացնում է՝
14:52, 10.08.2019
2578 | 0

Ի բարօրություն Հայաստանի․
2018 թվականի ապրիլյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածը փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունում ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ որպես վարչաօլիգարխիկ համակարգի վերացում, իրականում տեղի չի՛ ունեցել։ Եվ հեղափոխություն կատարած ժողովուրդը հեղափոխության առաջնորդների կողմից խաբված է։ Հայաստանում այսօր տեղի է ունենում վարչաօլիգարխիկ անփոփոխ համակարգի կլանների միջև անդրկուլիսյան պայքար՝ ռուսական և արևմտյան իրարամերժ կենտրոնների հովանավորության ներքո։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Արևմո՞ւտք, թե՞ Արևելք» ՝ հայ իշխանների անձնական շահերի պատճառով հայոց առջև ծառացած դարավոր ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ՝ «Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան», որը բերեց Հայաստանի 1-ին բաժանմանը՝ 387 թվականին, և ավարտվեց հայոց պետականության կորստով 428 թվականին, ԱՅՍՕՐՎԱ՛ հայ էլիտար իշխանիկների անձնական շահերի պատճառով նորի՛ց օրակարգում է՝ այս անգամ «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» երկընտրանքով։

«Իշխանություն» նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականատիրություն։ 1991 թվականից սկսված սեփականաշնորհումը տեղի է ունեցել ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ կետի խախտումով, որի պատճառով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփականությունն օտարվել ու դարձել է օտար երկրների և տեղական մասնավոր ընկերությունների սեփականություն։ Հատկապես հանցագործություն էր պատերազմի մեջ գտնվող երկրում խոշոր և ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումը, որը Հայաստանի Հանրապետությունում ստեղծեց վարչաօլիգարխիկ համակարգ։ 1991 թվականից առ այսօր գործող «պետական պաշտոնեա + մասնավոր հատված» հանցավոր համագործակցությունը հանգեցրել է վարչաօլիգարխիայի ձևավորմանը։ Բնական է, որ այսպիսի պայմաններում ժողովուրդը, որից 1991-2018թթ․ ընթացքում խլվել է ՀՀ Անկախության Հռչակագրով ամրագրված իրեն պատկանող հողի՛, ընդերքի՛, բնական ռեսուրսների սեփականության իրավունքը, և ՀԽՍՀ-ից ժառանգված հանրային սեփականությունը, հայտնվել է դիտորդի դերում՝ ՀՀ քաղաքացուց վերածվելով հպատակի:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի վարչաօլիգարիկ համակարգից ազատվելու միակ ճանապարհը՝ անիրավականորեն մասնավորեցումով յուրացված սեփականությունը ժողովրդին հետ վերադարձնելն է, հանրային սեփականության սեկտորի ձևավորումն ու հանրայինի և մասնավորի միջև բնական համագործակցություն հաստատելն է։ 2018թ․ ապրիլին Ն․ Փաշինյանի հնչեցրած՝ «Իշխանությունը վերադարձնել ժողովրդին» հեղափոխական կարգախոսը ամբոխահաճ խաբեություն է դառնում, եթե չի մերժվում հին վարչակարգի Սահմանադրությունը, եթե ժողովրդին չի վերադարձվում ՀՀ Անկախության Հռչակագրով ամրագրված իր սեփականությունը։ ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց գործունեության մոտ մեկ ու կես տարվա ընթացքում ոչ միայն չկատարեցին հայ ժողովրդին խոստացած ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացը, ոչ միայն չկատարեցին «սուպերվարչապետի իրավունքների կրճատում», «կուսակցությունների մասին օրենքի վերանայում», «նոր ընտրական օրենսգիրք» խոստումները, այլ նաև շարունակեցին նախկին վարչակարգի քաղաքական մենաշնորհի կուսակցապետական համակարգը, այս անգամ ՀՀԿ-ի փոխարեն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գերիշխանությամբ։ Հայաստանում իշխանությունը միշտ եղել ու մնում է անձնավորված։ Ն․ Փաշինյանի թիմի ձևավորած գործադիր, օրենսդիր և դատական իշխանության թևերն այսօր կենտրոնացած են մեկ կուսակցության, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի ձեռքում։ Փաստորեն, եթե 90-ականներին վարչաօլիգարխիկ համակարգի նախահայր Լ․ Տեր-Պետրոսյանն այսօրվա ՀՀ վարչապետի հոգեհայրն է (բնորոշումը Փաշինյանինն է), ապա Սերժ Սարգսյանն այս նոր իշխանությունների կնքահայրն է, քանի որ Փաշինյանի գլխավորած այսօրվա իշխանությունը նախկին համակարգի շարունակությունն է, և չկա՛ հին համակարգը փոխելու ցանկությունը։

Դատապարտելի ենք համարում նաև ՀՀ երկրորդ նախագահի կողմից հրահրվող Հայաստանի համար վտանգավոր հեղափոխության փորձը, որի թիկունքում ժողովուրդն ակնառու տեսնում է Կրեմլյան հովանավորչություն (մեջբերում հուլիսի 30-ի «Գոլոս Արմենիի» թերթին տված Ռ․ Քոչարյանի հարցազրույցից՝ «Կարծում եմ՝ իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում․․․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով») ։

Իրականում, այսօր, «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» քաղաքական երկբևեռությունը որևէ կապ չունի դրանց արժեքային տարբերությունների հետ, այլ պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության խոշոր և ռազմավարական նշանակության հիմնական միավորները՝ հարստությունները, կենտրոնացած են տեղական օլիգարխների ու օտարերկրյա ընկերությունների ձեռքում, և տեղական էլիտար սեփականատերերի կապիտալը Հայաստանից արտահոսել ու գտնվում է այդ երկու կենտրոնների վերահսկողության ներքո, իսկ ժողովուրդն անմասն է մնացել ՀՀ Անկախության Հռչակագրով սահմանված ի՛ր սեփականությունից։ Հայաստանում, այսօր, չկա՛ ազգային՝ հանրային և համայնքային սեփականության ձևավորված սեկտոր ու դրանց գործարկման մեխանիզմներ։ Չկա՛, որովհետև 27 տարի շարունակ երկրի տերերը՝ այսօրվա էլիտա կոչվող իշխանիկները, չեն ցանկացել նպաստել ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ կետի իրականացման համար մեխանիզմների ներդրմանը։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ հայտարարում է՝

«Արևմուտք» կամ «Ռուսաստան» աշխարհաքաղաքական կենտրոններին հարող ու նրանցից սնվող ՀՀ քաղաքական և տնտեսական ուժերը չունեն ո՛չ գաղափարական, ո՛չ ծրագրային, ո՛չ համակարգային հայեցակարգ՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և ազգակենտրոն դարձնելու համար։ Նրանց առաջարկը՝ հին վարչաօլիգարխիկ համակարգում «անձ-վոժդ» բանաձևի 27 տարի շարունակ կրկնվող ներկայացումն է։

Բոլոր ժամանակներում իշխանությունը գրպանած վարչակարգերի դեմ պայքարած ազգային ազնիվ ուժերին կոչ ենք անում՝ ՄԻԱՎՈՐՎԵ՛Լ։ Ազգային ուժերն իրենց բնույթով պետականամետ են, բայց ոչ իշխանամետ, ազգային ինքնության ու բարոյահոգևոր արժեքների պաշտպանն են, այլ ոչ թե շահարկողը, կողմնակից են իրավահավասար գործընկերությանը, բայց մերժում են արտաքին ուժերից վասալական կախվածություն ունեցող բոլոր քաղաքական ուժերին ու անձանց։ Եվ մենք, որպես ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, օտար աշխարհաքաղաքական կենտրոններից սնվող քաղաքական բևեռներին նախազգուշացնում ենք՝ վե՛րջ տվեք դրսից պատվիրած սցենարներով ապազգային ձեր գործունեությանը, այլապես դա կլինի ձեր «կարապի վերջին երգը» ։

Հայ ժողովրդի հավաքական հայեցակարգը, թե ինչպիսի՞ Հայաստան է ցանկանում կառուցել՝ եղե՛լ և մնո՛ւմ է ՀՀ Անկախության Հռչակագիրը, և այն քաղաքական ուժերը, այդ թվում այսօրվա ՀՀ իշխանությունները, որոնք կչեղարկեն այդ առանցքային փաստաթղթի իրագործումը՝ կտապալվե՛ն։

ՀԱՀ Մտավորականների խորհուրդ

ՀԱՀ Քաղաքական կուսակցությունների խորհուրդ («Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ»)

ՀԱՀ Հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համահայկական Ազգային Համաձայնություն
դեպի վեր