ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«…մահմեդականացած հայն ավելի անգութ է եղել իր ազգակիցների նկատմամբ, քան ի ծնե մահմեդականը»
14:19, 19.08.2019
4994 | 0

Մեզանում, հայտնի պատճառով, շարունակ տարփողվում է հայերի ու պարսիկների դարավոր բարեկամությունը` իսպառ մոռացության մատնելով այն չարիքները, որ Պարսկաստանը պատճառել է մեր պետականությանն ու մեր ազգին` ընդհանրապես: Իսկ դրանք անհամար են: Պարսիկները մեզ փորձել են կրոնափոխ անել ոչ միայն այն ժամանակներում, երբ Պարսկաստանի պետական կրոնը զրադաշտականությունն էր, այլև այն ժամանակներում, երբ իրենք արդեն իսլամ էին ընդունել: Այս քաղաքականությունը հատկապես ուժեղանում է Սեֆյան տոհմի գահակալության շրջանում:
Քրիստոնյաների, հատկապես հայերի կրոնափոխությունը գրավիչ դարձնելու համար ընդունվել է մի օրենք, որի համաձայն, եթե քրիստոնյա ընտանիքի մի անդամը մահմեդականություն էր ընդունում, դառնում էր ընտանիքի բոլոր կալվածքների միակ ժառանգորդը, իսկ քրիստոնյա մնացածները զրկվում էին ժառանգական իրավունքից: Եվ այս օրենքը գործադրվել է հատկապես հայերի նկատմամբ:

Մահմեդականությունը տարածելու նպատակ հետապնդող այս օրենքը նաև թույլ էր տալիս կամայական մեկնաբանություններ և կամայական գործողություններ:

Եվ հայերի տականքը, որն այդ ժամանակներում էլ շատ է եղել, «հավուր պատշաճի» օգտվել է այդ օրենքի ընձեռած հնարավորություններից` իր իսկ հարազատներին կամ բարեկամներին կողոպտելու համար:

Շատերը, դառնալով մահմեդական, կողոպտել են նույնիսկ հեռու ազգակաների, նույնիսկ անծանոթների ընտանիքներ` հայտարարելով, թե իրենք են ժառանգորդը նրանց կալվածքների: Այդ հափշտակությունը հեշտությամբ է կատարվել. Անհրաժեշտ է եղել ընդամենը գտնել մահմեդական վկաներ, որոնք կհաստատեին, որ ժառանգություն պահանջողն իր մատնանշած ընտանիքի հետ բարեկամական կապ ունի: Եվ քանի որ մահմեդական վկայի դեմ չի ընդունվել քրիստոնյայի վկայությունը, հայերը միշտ տանուլ են տվել այդ դատերը, և մահմեդականացված հայը հաճախ տիրել է մեռած ազգականի ոչ միայն կայքին, այլև ընտանիքին, հափշտակել է նրա երեխաներին, կնոջը, որոնց նույնպես մահմեդականացրել է:

Եվ այս «անօրեն կարգը» (բնորոշումը պատմիչ Առաքել Դավրիժեցունն է) Պարսկաստանում գործել է նույնիսկ 19-րդ դարում:

Այս օրենքի պատճառելիք չարիքներից խույս տալու համար քրիստոնյա հայերն իրենց սեփականությունը պաշտպանելու ընդամենը մեկ հուսալի միջոց են ունեցել: Մահանալուց առաջ նրանք իրենց կալվածքը կտակել են իրեց քաջածանոթ մի մահմեդականի, որպեսզի մահմեդականացած ազգականն իրենց ունեցվածքը չխլի: Կտակով կալվածքն ստացած մահմեդականը խոստացել է կալվածքը վերադարձնել կտակողի զավակներին: Եվ հիմնականում նրանք կատարել են իրենց խոստումը: Փրկության այս միջոցը հայերին հուշել են հենց մահմեդականները: Եվ այս փաստը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մահմեդականացած հայն ավելի անգութ է եղել իր ազգակիցների նկատմամբ, քան ի ծնե մահմեդականը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
178 | 0
դեպի վեր