Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անմեղ մանկանը չսպանելը, ըստ Աստվածաշնչի, Աստծուց երես թեքել, Աստծուն չհնազանդվել է նշանակում
13:29, 30.08.2019

Արյունարբու Տերը, տեսնելով, որ ցուցաբերված դաժանությունը, իր կարծիքով, անբավարար է, կարող է զայրույթի նոպայի մեջ ընկնել: Դա է ապացուցում հրեաների Սավուղ թագավորի մասին հետևյալ պատմությունը, որը շարադրված է «սուրբ» գրքում:

Հիշյալ Սավուղը ճակատամարտում կարողանում է հաղթել ամաղեացիներին, որովհետև նրան օգնում է ինքը՝ արնածարավ Աստվածը: Քանի որ իր օգնությամբ էր հաղթանակն ապահովվել, նա հրեաների թագավորից հետևյալն է պահանջում.

«…Հիմա գնա և Ամաղեկին զարկ, և նրա բոլոր ունեցածը նզովեցեք, և նրան չխնայես, և մեռցնես տղամարդուց մինչև կինը, և երեխաներից մինչև կաթնակերը, արջառից մինչև ոչխարը, և ուղտից մինչև էշը» (Առաջին Թագավորաց 15, 3):

Բայց Սավուղն Աստծո ցանկացած աստիճանի դաժան մարդ չի եղել ու համարձակվել է չկատարել Ամենագթառատ Արարչի պահանջը. նա արջառների, ոչխարների, կանանց ու երեխաների միայն կեսին է կոտորում: Տեսնելով այս անհնազանդությունը՝ Աստված կատաղում է, որովհետև ուզում էր ըմբոշխնել զանգվածային սպանության տեսարանը, արյան հորդահոս գետեր էր ուզում տեսնել:

«Եվ Տիրոջ խոսքը եղավ Սամուելին՝ ասելով. Զղջացի, որ Սավուղին թագավոր եմ դարձրել, որովհետև ինձանից ետ դառավ, և իմ խոսքերը չկատարեց» (Առաջին Թագավորաց 15, 11):

Հասկացա՞ք. անմեղ մանկանը չսպանելը Աստծուց երես թեքել է նշանակում:

Ընդհանուր առմամբ ամենաչնչին առիթով խրձերով երեխաներ ոչնչացնելը, այս գրքում, Աստծո կամոք, շատ բարի ավանդույթ է: Աստված ու իր սիրեցյալ մարգարեները հաճախակի են դրանով շփանում: Օրինակ՝ Եղիա մարգարեն ճանապարհով գնում է ու գյուղերից մեկում երեխաների է տեսնում: Բոլոր ժամանակներում ու բոլոր վայրերում երեխաները, երբ տարօրինակ հագ ու կապով անծանոթի են տեսնում, վազում են հետևից ու սկսում են բարկացնել: Այս գյուղի երեխաները նույնն են անում, բայց վիրավորական որևէ խոսք չեն ասում, ընդամենն ասում են. «Գնա՛, ճաղա՛տ, գնա՛, ճաղա՛տ»:

Այսպիսի դեպքերում իմաստուն մարդը ինչպե՞ս պիտի վարվի: Պիտի պարզապես ժպտա ու իր ճանապարհը շարունակի: Իսկ ինչպե՞ս է վարվում Աստվածաշնչի այս սուրբը, որը նաև կախարդելու ունակություն ունի: Սրա այս ունակության մասին Աստվածաշունչը նույնիսկ հիացմունքով է արտահայտվում, կախարդությունը չի դատապարտում.

«Եվ նա ետ դառավ, և նրանց տեսավ, և անիծեց նրանց Տիրոջ անունով. և անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին»:

Մյուս մարգարեներն էլ մի բարի պտուղ չեն եղել, առանձնահատուկ գթասրտությամբ աչքի չեն ընկել: Օրինակ՝ Եղիսեն, որը Եղիա մարգարեի ձեռքերին ջուր լցնող է եղել: Երբ սա մի անգամ բլրին նստած է լինում, տեղի՝ Օքոզիա անունով արքայիկն ուզում է նրանից խորհորդ հարցնել ու հիսուն զինվոր է ուղարկում, որպեսզի հարգարժան մարդուն պալատ ուղեկցեն: Բայց այս մարգարեն այդ պահին չի ցանկանում թագավորիկի հետ զրուցել, և երբ պահակախմբի ղեկավարը նրան խնդրում է իջնել բլրակից, այս կախարդը երկնքից կրակ է թափում ամբողջ պահակախմբի ու նրա պետի վրա՝ սպանելով բոլորին: Տեղի արքայիկը մի նոր պատվո պահակախումբ է ուղարկում, որի ղեկավարը նույնպես խնդրում է իջնել բլրից ու գնալ պալատ: Եղիսեն սրանց էլ է նույն եղանակով սպանում:

Երբ արքայիկը երրոդ պահակախումբն է ուղարկում, մարգարեի տրամադրությունը փոխվում է, ու նա համաձայնում է գնալ պալատ:

Բայց արքայիկն ինչո՞ւ էր ուզում տեսնել Եղիսեին: Բանն այն է, որ թագավորը հիվանդ է եղել.

«Օքոզիան ընկավ Սամարիայում գտնվող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ» (Թագավորություններ 4, գլուխ 1, 2):

Վնասվածքն այնքան լուրջ է եղել, ցավն այնպես է տանջել նրան, որ սկսել է, ինչպես ասում են, շյուղից կառչել.

«Նա պատգամավորներ ուղարկեց ու ասաց նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե ես կփրկվե՞մ այս ցավից: Եվ նրանք գնացին հարցնելու նրան» » (Թագավորություններ 4, գլուխ 1, 2):
Հենց այս փաստն էլ կատաղեցնում է Աստծուն, որը Եղիսեին էր ընտրել որպես իր զենք.

«Տիրոջ հրեշտակը, սակայն, կանչեց թեզբացի Եղիսեին և ասաց. «Ելիր գնա՛ և Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին դիմավորելով՝ նրանց ասա՛. «Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով է, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու: Մի՛ արեք այդ բանը: Տերն այսպես է ասում. «Այն մահիճը, որի մեջ պառկել ես, դրանից չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես»: Եղիսեն գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը» » (Թագավորություններ 4, գլուխ 1, 3 - 4):

Եվ երբ Եղիսեն, նախապես սպանելով բոլորովին անմեղ հարյուր զինվորի, այնուամենայնիվ բարեհաճեց գնալ հիվանդին տեսության, ի՞նչ եք կարծում, փրկե՞ց նրան, բուժե՞ց:

Եթե մտածում եք, թե բուժեց, կնշանակի տեղյակ չեք, որ Աստված ու նրա ծառաները չափազանց քինախնդիր են:

Եղիսեն ցավից մղկտացող մարդուն հետևյալն է ասում.

«Քանի որ դու պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ Աստծու մոտ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր (մի բան, որ չպիտի անեիր), ուստի այն մահիճը, որի մեջ պառկել ես, դրանից չես իջնելու, այլ մեռնելու ես»: Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիսեին» (Թագավորություններ 4, գլուխ 1, 16 - 17):

Պատկերացրեք, թե ուժեղ ցավերից մղկտացող մեկը որոշում է հանրահայտ մասնագետից խորհուրդ հարցնել, և հանկարծ հայտնվում է տեղամասային բժիշկը, որը մինչ այդ մատը մատին չէր խփել հիվանդին օգնելու համար ու նրան ասում է. «Սրիկա՛, ինչո՞ւ ես ուրիշ բժշկի դիմել: Դու ի՛մ հիվանդն ես, բայց քանի որ ուրիշ բժշկի ես դիմել, ուրեմն ստացի՛ր»: Եվ նա հանում է նշտարն ու կտրում է հիվանդի կոկորդը, որպեսզի մյուսներին խրատ լինի:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր