Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ
12:22, 06.09.2019

1799 թվականի դեկտեմբերի 28-ին Էջմիածնում վախճանված ծեր ու հիվանդ Ղուկաս կաթողիկոսի հաջորդի ընտրության հարցը նրա մահվանից առաջ էր դարձել քննության առարկա: Կաթողիկոսական գահի հավանական թեկնածուներից ամենահավանականը Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն էր: Ղուկաս կաթողիկոսի մահից դեռ երկու տարի առաջ նա սկսել էր նախապատրաստվել այդ բարձր պաշտոնն ստանձնելուն: Իսկ նախապատրաստական աշխատանքների կենտրոնատեղին Թիֆլիսն էր, որովհետև այստեղ էին Արղությանի ազդեցիկ ազգականները, որովհետև վրաց արքունիքում նա բավականին հեղինակություն ուներ: Գեորգի թագավորը և նրա արքունիքի հայազգի մեծամեծները շարունակ գրել են նրան, թե ցանկանում են, որ Հայոց հաջորդ կաթողիկոսը նա լինի, խորհուրդ են տվել Պետերբուրգից գալ Ռուսաստանի հարավ, մոտենալ կովկասյան սահմաններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում, այսինքն` երբ վախճանվի Ղուկասը, հնարավորինս արագ հասնի Էջմիածին ու տիրի կաթողիկոսական գահին:

Բայց Հովսեփը վրաց թագավորի ու հայ մեծամեծների խորհուրդներն անտեսում է ու մնում է Պետերբուրգում, որովհետև համոզված է եղել, որ ռուսական կառավարության միջոցով կկարողանա իրագործել իր ձգտումը:

Ղուկասի մահից երկու օր անց Էջմիածնի տաճարում նոր կաթողիկոսի ընտրողական ժողով է գումարվում: Ընտրողներն Էջմիածնի միաբանները, Երևանի մելիքներն ու ազդեցիկ աղաներն են եղել, բայց այն ժամանակներում վճռական խոսքը վերապահված է եղել Կոստանդնուպոլսի հոգևորականությանն ու հայ ամիրաներին:

Բայց Էջմիածնի ընտրողական ժողովի մասնակիցների մեջ Հովսեփ Արղությանի կողմնակիցները շատ քիչ էին ու աննշան: Միակ նշանավորը եղել է թիֆլիսեցի Դավիթ արքեպիսկոպոս Ղորղանյանը: Սա մի փառասեր անձնավորություն է եղել, և հոգևորականները նրան չեն սիրել: Բայց սրա ուժն ու ազդեցությունը զորեղ էր այնքանով, որ Երևանի շատ ազդեցիկ մելիքներից մեկը` Աբրահամը, նրա եղբոր աներն էր:

Ղուկաս կաթողիկոսի մահվանից մեկ ամիս առաջ Արղությանին հայտնելով ծերունի կաթողիկոսի մոտալուտ վախճանի մասին` Դավիթ արքեպիսկոպոսը Էջմիածնի գահին նրան տեսնելու` իր և ուրիշների ջերմ ցանկությունն էր հայտնել: Այնուամենայնիվ, Էջմիածնի ժողովն առաջին օրը չի կարողանում թեկնածուներ առաջադրել: Մեծամասնությունը տրամադրված է եղել ընտրել Կ. Պոլսի Դանիել պատրիարքին, բայց կարծիքներ են հնչել, որ քանի որ նա նոր է պատրիարքական պաշտոն ստանձնել, ուստի շատ հավանական է, որ պոլսեցիները նրան բաց չթողնեն:

Կաթողիկոսի պաշտոնում առաջադրվում է նաև Հովսեփ Արղությանի թեկնածությունը, բայց նրա ընտրության դեմ մի շարք հիմնավոր առարկություններ են լինում: Առարկողները պնդել են, թե նրա ընտրությունն աղետաբեր կլինի թե' Էջմիածնի, թե' առահասարակ հայ ազգի համար` նկատի ունենալով նրա քաղաքական գործունեությունն ի նպաստ Ռուսաստանի և ընդդեմ Պարսկաստանի ու Թուրքիայի: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նա ռուսական բանակում ռուսական ծավալապաշտական քաղաքականության գործիք էր ծառայել, նույնիսկ թուրքական մի մզկիթ հայկական եկեղեցու էր վերածել, և այդ ամենը քաջ հայտնի էր Օսմանյան կառավարությանը: Նա մասնակցել էր գեներալ Զուբովի գխավորությամբ ռուսական զորքի արշավանքին դեպի Պարսկաստան, որը սաստիկ գրգռել էր պարսից կառավարությանը: Ժողովականներին նույնիսկ տեղեկացնում են այն մասին, որ երբ հանգուցյալ Ղուկաս կաթողիկոսին պարսիկները հարցնում են, թե ինչ է նշանակում Հովսեփի այդ գործողությունները Զուբովի բանակում, նա երկյուղից պատասխանել է, թե Հովսեփը Ռուսաստանի հայերի անկախ առաջնորդն է և իրեն չի հպատակվում:

Եվ Հովսեփի թեկնածությանն ընդդիմացողներ պնդում են, որ այդ գործչին կաթողիկոս դաձնել չի կարելի այն պարզ պատճառով, որ հայերի ճնշող մեծամասնությունը Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետության տակ է ապրում, իսկ հայերի թիվն Ռուսաստանում շատ չնչին է, ու չի կարելի չնչին թիվ կազմող համայնքի հոգևոր առաջնորդին համայն հայության կաթողիկոս ընտրել: Բացի քաղաքական այդ հանգամանքից, Էջմիածնի ժողովականների համար մեծ նշանակություն է ունեցել նաև այն, որ տասնյակ տարիներ Ռուսաստանում առոք-փառոք ապրած ու ռուսական արքունիքի սիրելին դարձած Արղությանը գուցե չկամենա այդքան բարձր դիրքից իջնել ու մահմեդական բարբարոս իշխողների ձեռքի տակ հայությանը հովվել: Ահա այս պատճառաբանություններով մերժվում է Արղությանի թեկնածությունը:

Ժողովականները մի քանի անգամ նիստ են գումարում և, ի վերջո, Կ.Պոլսի պատրիարք Դանիելի հետ երկրորդ թեկնածու են ընտրում Ռուսաստանի նվիրակ Եփրեմ արքեպիսկոպոսին:

Չկարողանալով իր թեկնածուին անցկացնել` Դավիթ Ղորղանյանը ջանում է, որ ընտրողական թուղթը Կ. Պոլիս հասցնելու հանձնարարությունը գոնե իրեն տրվի, որպեսզի այնտեղ կարողանա պատրիարքի պաշտոն ձեռք գցել: Այդ բանը նա կարողանում է հաջողեցնել իր խնամի մելիք Աբրահամի աջակցությամբ:

(շարունակելի)

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր