Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.57, EUR 524.89, RUB 7.40, GBP 602.53
+12 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սիրուհիների տաղանդի պտուղները հմտորեն յուրացրած աշխարհահռչակ գրողը
22:15, 18.09.2019

Ընդունված է գերմանացի նշանավոր դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան Բերթոլդ Բրեխտին (1898 – 1956 թթ.) ժամանակակից թատրոնի հիմնադիրներից մեկն համարել: Բայց արդյո՞ք իր բոլոր ստեղծագործությունները նա ինքն է գրել:


Բրեխտի կենսագրությունն ու ստեղծագործություններն ավելի քան երեսուն տարի ուսումնասիրած ամերիկացի գիտնական Ջոն Ֆուեջիի համոզմամբ՝ գերմանացի նշանավոր դրամատուրգը, ըստ էության, ինչնակոչ խաբեբա է եղել: Ըստ այս գիտնականի՝ Բրեխտն իր ստեղծագործություններից գրեթե ոչ մեկն ինքը չի գրել, այլ յուրացրել է իր քարտուղարուհիների տաղանդի պտուղները: Այդ յուրացման համար քարտուղարուհիները երբևէ նրա դեմ չեն ըմբոստացել, որովհետև եղել են նրա սիրուհիները:

Մեկ ուրիշ անախորժ փաստ այս գրողի մասին. պարզվում է, անցյալ դարի 30-ական թվականներին ապագա բոցաշունչ հակաֆաշիստ ու Լենինի գաղափարների հավատարիմ նվիրյալ Բրեխտը ոչ միայն երբևէ չի դատապարտել նացիստներին, այլև իր եղբորը խորհուրդ է տվել Հիտլերի կուսակցությանն անդամագրվել:

Բրեխտի մասին 848 էջից բաղկացած իր գիրքը գրելու ընթացքում Ֆյուեջին զրուցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ու Խորհրդային Միության՝ Բրեխտի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող հարյուրավոր քաղաքացիների հետ: Նա զրուցել է դրամատուգի այրու և քարտուղարուհիների հետ, ուսումնասիրել է Բեռլինի և այլ արխիվներում գտնվող հազարավոր փաստաթղթեր: Բացի այդ, նրան թույլատրել են ուսումնասիրել Բրեխտի՝ Հարվարդի համալսարանի արխիվում պահպանվող ձեռագրերն ու նրան վերաբերող այլ փաստաթղթեր:

Բազմամյա հետազոտություններն ամերիկացի գիտնականին հնարավորություն են ընձեռել եզրակացնելու, որ «Ալաբամայի երգերը» ստեղծագործության հեղինակը Էլիզաբեթ Հաուպտմանն է՝ Բրեխտի գրական քարտուղարուհիներից մեկը: Այս նույն քարտուղարուհին է հեղինակել նաև «Երեքգրոշանոց օպերան» և «Սեզուանցի բարի մարդը» դրամաների ամբողջական մասեր: Էլիզաբեթ Հաուպտմանը գիտնականին ասել է, որ ինքն է Բրեխտին ծանոթացրել ճապոնացի ու չինացի դասական ստեղծագործությունների հետ, որոնք դրամատուրգն օգտագործել է իր գործերում:

Ստեղծագործական աշխատանքում Բրեխտին մեծապես օգնել են Մարգարետ Սթեֆին և Ռութ Բերլաուն:

Մի բան, սակայն, անուրանալի է. Բրեխտը կարողացել է այնպես կազմակերպել իր սիրուհիների աշխատանքը, որ արդյունքը նշանակալի լինի ու առավելագույնս ծառայի իր համբավի աճին:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
դեպի վեր