Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+19 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ կայացել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությունը
14:57, 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ կայացել է Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ, ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Միջոցառումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով: Երդման տեքստն ընթերցելու պատիվը վերապահվել է բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ասպրամ Ավանեսյանին: Ուսանողները երդվել են հարուստ գիտելիքներ ձեռքբերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել հանուն անկախության նահատակված հայորդիների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, հարգանքի խորին զգացումով համակվել դեպի դասախոսական կազմը` որպես կրթության և գիտության նվիրյալների, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը՝ ԱրՊՀ-ն:

Ուսանողներին շնորհավորել և ողջույնի խոսք է ասել ԱՀ պետնախարարը՝ վստահ լինելով, որ նրանց տված երդումը կյանքի կարևորագույն ճանապարհի անցման ուղենիշ է՝ ուղեկցված գիտակցված մասնագիտության ընտրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը ծառայելու նվիրումով:

ԿԳՍ նախարարը արարողության վայրը խորհդանշական և հետաքրքիր է համարել: «Մեծ պատվին զուգահեռ նաև մեծ պատասխանատվություն ունեք պահել, պահպանել, զարգացնել ու հզորացնել մեր երկիրը», - ասել է Նարինե Աղաբալյանը՝ ընդգծելով, որ նրանք լավ մասնագետներ պիտի դառնան և համալրեն Արցախի Հանրապետության տարբեր ոլորտների լավագույն մասնագետների շարքերը:

Ուսանողներին շնորհավորել է նաև ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ մաղթելով ուսումնառության ամբողջ ընթացքում սովորել և երբեք չբավարարվել ձեռքբերածով:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը ավանդույթի ուժ է ստացել:

«ԱրՊՀ-ն Արցախի մայր բուհն է, որը արդեն 50 տարի կրթում է սերունդ, ԱՀ տարբեր բնագավառների համար տալիս է բարձրորակ մասնագետներ», - ասել է ռեկտորը՝ համոզված լինելով, որ Արցախը մոտ ապագայում դառնալու է ճանաչված աշխարհի կողմից:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերից հետո ընդունելության քննություններում ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիները պատիվ են ունենցել ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ ստանալ ԱրՊՀ ռեկտորի և բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքից:

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Արցախի պետական համալսարան
դեպի վեր